Թաղում են պատմությունը. գիտնականները պնդում են, որ Սյունիքի մարզի հնավայրերը ոչնչացվում են

Հայ-ամերիկա-բրիտանական հնագիտական համատեղ արշավախումբը մեկ ամիս առաջ ականատես է եղել հայկական հնագույն հուշարձանների ավերման ևս մեկ դեպքի, բայց այս անգամ ոչ թե Վրաստանում կամ Ադրբեջանում, այլ Հայաստանի Սյունիքի մարզում:

Սիսիան քաղաքից 22 կմ հեռավորության վրա գտնվող Շաղաթ գյուղում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ԱՄՆ Միչիգանի և Անգլիայի ՇեՖՖիլդի համալսարանների հնագետները 2004 թվականին ստուգողական պեղումների արդյունքում հայտնաբերել են հնագիտական հարուստ նյութ, որի մանրամասն ուսումնասիրությունը պետք է շարունակվեր 2005 թվականին:

Սակայն այս տարի գյուղ վերադառնալով` արշավախումբն իր պեղավայրերի 1 հա տարածքը գտնում է ամբողջությամբ բուլդոզերով քանդված:

«Հնագիտական տեսանկյունից արժեք ներկայացնող ամենափոքր խեցու կամ քարի կտորը մեզ համար մեծ նշանակություն ունի, ուրեմն պատկերացրեք, թե ինչ է նշանակում տակնուվրա անել 1 հա տարածք»,- ասում է Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, հնագետ Սյուզան Ալքոքը` ափսոսանքով ցույց տալով բուլդոզերից մազապուրծ բրոնզեդարյան նախշազարդ սափորի կտորները:

Շաղաթում և մոտակա Բալաք գյուղերի մոտ 5 քառակուսի կմ տարածքում կատարված դաշտային աշխատանքների ընթացքում արշավախումբը հայտնաբերել է տարբեր դարաշրջաններին բնորոշ մշակութային շերտերով բազմաթիվ հուշարձաններ:

«Մեզ համար առավել ուշագրավ են հայտնաբերված միջին բրոնզի դարի բնակատեղիները: Այս ժամանակաշրջանից պահպանվել են բազում դամբարաններ, բայց որպես բնակատեղի ողջ Մերձավոր Արևելքում սա առայժմ միակն է»,- ասում է ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մկրտիչ Զարդարյանը:

Սակայն փոխանակ վերածվելու բերրի դաշտի, որտեղ գիտնականները կարող են վերականգնել շրջանի պատմությունը, այն դարձրել են գերեզմանոց:

Շաղաթի գյուղապետ Հովիկ Մխիթարյանը տրակտորներով հարթեցնել է տվել տարածքը գերեզմանոցի համար, քանի որ գյուղի հին գերեզմանոցը հայտնվել է սողանքի գոտում (ոմանք պնդում են, թե նոր գերեզմանոց սարքելու գյուղապետի անսպասելի մղումը կասկածելիորեն համընկնում է ընտրությունների հետ, երբ քվեներ ստանալու համար գյուղապետին անհրաժեշտ է սիրաշահել ընտրողներին):

«Ես դիմել եմ կառավարությանը նոր գերեզմանոցի համար հողահատկացման խնդրանքով: Անօրինական ոչինչ չեմ արել, հըլը մի բան էլ տուժել եմ, իմ մեքենայի սալյարկի փողն ո±վ պըտի տա»,- ասում է Մխիթարյանը:

Մխիթարյանն ասում է, որ ունի համապատասխան թույլտվություն` տրված ՀՀ կառավարության կողմից: Սակայն ներկայացված փաստաթղթի փոքրացված քարտեզի վրա բոլորովին չի երևում ավերված տարածքը:

Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության ներկայացուցիչ Հրահատ Հակոբջանյանի խոսքերով` Շաղաթի դեպքը տեղի է ունեցել այն պատճառով, որ հուշարձանները քարտեզագրված չեն:

Սիսիանի պետական կադաստրի տարածքային բաժանմունքի պետ Կարեն Թունյանի հավաստմամբ` ընդամենը 2 շաբաթ առաջ են ստացել նոր քարտեզներ, որտեղ կանաչ գույնով նշված են «պետության կողմից պահպանվող տարածքները»:

«Չնայած քարտեզի վրա նշված չլինելն էլ արդարացում չէ, քանզի գյուղապետը պարտավոր է իմանալ իր համայնքի ամեն մի քարը: Բացի այդ, հենց նույն գյուղապետը ժամանակին բահը ձեռքին այստեղ-այնտեղ փորել է գանձեր գտնելու հույսով, ինչպես գյուղի բոլոր բնակիչները, այսինքն` իմացել են հստակ, որ այդ տարածքում հին բնակատեղի կա»,- ասում է Հակոբջանյանը:

Սյունիքը վաղուց հայտնի է իր հարուստ հնագույն պատմական հուշարձաններով, իսկ հին Շաղաթ բերդավանը, որը հարակից է այսօրվա գյուղին, եղել է Սյունյաց իշխանանիստ կենտրոնն ու հայրապետական աթոռը, որտեղ և ծնվել է Անդովկ Սյունի իշխանը:

«Շաղաթի հյուսիսային լանջն ու ստորոտը անընդհատ ավերվում են բնակչության կողմից: Ժամանակ առ ժամանակ ինչ-որ մեկը որոշում է, որ պետք է գտնի Անդովկ իշխանի գանձերը: Ժողովուրդը պետք է հասկանա, որ այս հին բնակատեղին ու ամրոցը շատ ավելի մեծ արժեք ունեն, քան այդ երևակայական գանձերը»,- ասում է Զարդարյանը:

Նրա խոսքերով` Շաղաթի դեպքն այսօր Հայաստանում հարյուրավոր դեպքերից մեկն է:

Սիսիանից 13 կմ հեռավորության վրա գտնվող Անգեղակոթ գյուղի Ներքին Գոդեձոր կոչվող հնավայրում պեղումներ կատարող հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբն էլ խնդիրներ ունի, քանի որ հնավայրի մի մասն օգտագործվում է որպես քարհանք:

«Հնավայրի մասին տեղեկացանք 2003 թվականին, երբ քարհանման ընթացքում մշակութային շերտերն ավերվեցին և նյութերը դուրս եկան: Բարեբախտաբար, մեր արշավախումբն աշխատում էր մոտակայքում, և ստուգողական պեղումները ցույց տվեցին, որ գործ ունենք պղնձի-քարի դարաշրջանի ուշ փուլի ուշագրավ բնակատեղիի հետ»,- պատմում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Պավել Ավետիսյանը:

Լիոնի համալսարանի «Արևելքի տուն» և ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտների հնագետների կողմից այս տարածքում առաջին անգամ Հարավային Կովկասում հայտնաբերվել է մ.թ.ա. 5-րդ հազարամյակի ուբեյդյան մշակույթի խեցեղեն:

Ավետիսյանի խոսքերով, առարկայական փաստերով առաջին անգամ հաստատվում են պատմական Հայաստանի և Միջագետքի,Սիրիայի սերտ կապերը` չնայած գիտական ուսումնասիրություններում բազմաթիվ հիշատակություններ կան այդ մասին:

Հնավայրի վերին շերտում, կրկին առաջին անգամ հայտնաբերվել է էնեոլիթի ուշ շրջանին բնորոշ նյութեր, որոնք վկայում են, որ այս տարածաշրջանը «Քուռ-Արաքսյան» մշակույթի ձևավորման կարևորագույն օջախներից մեկն է եղել:

«Քուռ-Արաքսյան» մշակույթը մ.թ.ա. IV-III հազարամյակի վաղ բրոնզի դարի մի ահռելի մշակութային երևույթ է, որը բնորոշ է Հյուսիսային և Հարավային Կովկասի տարածքներին: Մինչև այսօր պարզ չէ, թե որտեղից է ծագել, ձևավորման օջախը գտնված չէ»,- ասում է Ավետիսյանը:

Հնագետները մտահոգված են, որ այս և այլ կարևորագույն հնագիտական հուշարձաններ անխնա ոչնչացվում են:

«Դիմել ենք բոլոր պատկան մարմիններին, գործը դատախազությունում է, բայց քարհանքն օր ու գիշեր աշխատում է,- ասում է Ավետիսյանը: - Սա պետական հանցագործություն է, որ կատարվում է բոլորի աչքի առաջ և հասկանալի չէ թե ով պետք է պատասխան տա այս վայրագությունների համար:

Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ջոն Չերին, որը երկար տարիներ աշխատել է Հունաստանում, Թուրքիայում, Իտալիայում և այլ երկրներում, ասում է, որ շատ ցավալի է, որ հայերը նման անհարգալից վերաբերմունք են ցույց տալիս իրենց պատմական ժառանգության նկատմամբ: «Որքան գիտեմ, այստեղ փորձում են զարգացնել տուրիզմը, իսկ նման հուշարձանները դա անելու լավագույն միջոցն են: Սյունիքը գրեթե ուսումնասիրված չէ և շատ հարուստ է պատմական հուշարձաններով,- ասում է Չերին: - Իսկ եթե այսպես շարունակվի, շատ հնավայրեր կոչնչացվեն դեռ չուսումնասիրված»: