Արաբական ընծաներ. շեյխի 16-ոտքանի լուման ձիասպորտի զարգացմանը Հայաստանում

Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Անկախության օրը, չորս արաբ` Ալ Բադին, Բինտ Էլ Հելուան, Ֆարիդան ու Սուրհանը, դարձան Հայաստանի բնակիչ:

Եգիպտական և իսպանական ցեղախմբերի այս նժույգներն անցյալ շաբաթ Հայաստան այցելած Շարժայի Էմիրության շեյխ, Սուլթան բեն Մուհամմադ ալ Կասիմիի նվերն են: Շեյխը հույս հայտնեց, որ իր ընծան կնպաստի ձիասպորտի զարգացմանը Հայաստանում:

Սրանք սովորական ձիեր չեն, որ շեյխը պարզապես հատկացրել է իր 60 ձիանոց ախոռից: Մեկից չորս տարեկան այս նժույգների մեջ կան չեմպիոններ: 4-ամյա Ալ Բադին, օրինակ, 2004 թ. աշխարհի կրկնակի չեմպիոն է, իսկ 2-ամյա Ֆարիդան արժանացել է 2003 թ. Եգիպտական մրցաշարի չեմպիոնի կոչման:

Նժույգներից յուրաքանչյուրը մի քանի հարյուր հազար դոլար արժե: Փոքրիկ երամակը շուտով կմեծանա, քանի որ մատակներից երկուսը հղի են:

«Ես համոզված եմ, որ Հայաստանի պատկան մարմինները, հատկապես մշակույթի նախարարությունը, ինչպես հարկն է կխնամեն ձիերին, որ դրանք կբազմանան այստեղ և ձիասպորտի զարգացման հիմք կհանդիսանան»,- ասաց Սուլթան բեն Մուհամմադ ալ Կասիմին:

Նժույգները Երևան են բերվել օդանավով, ապա բեռնատարներով տեղափոխվել իրենց նոր կացարան` Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն:

1950-ականներին կառուցված ձիարշավարանը հազիվ թե կարելի է այս ազնվացեղ նժույգներին արժանի հանգրվան համարել: Ինչպես Հայաստանի բոլոր նման հաստատությունները, այն դժվար ժամանակներ է ապրել: Սակայն վերջերս նորոգվել է, և այժմ կենտրոնի ախոռում կա մոտ 70 անգլիական, արաբական և ախալթեքեյան ցեղախմբերի ձի:

Կենտրոնում շեյխին հավաստիացրին, որ նժույգները (որոնք ավելի թանկ արժեն, քան կենտրոնը) համապատասխան խնամք կստանան:

«Ես պարզապես ցնցված եմ այս նվերից,- ասաց Ձիասպորտի կենտրոնի նախագահ Հայրապետ Հայրապետյանը: - Մենք երբեք եգիպտական կամ իսպանական ցեղախմբերի ձիեր չենք ունեցել: Կարելի է ասել, որ այժմ սրանք մեր կենտրոնի ամենաթանկարժեք ձիերն են, որոնցով իրավամբ կկարողանանք հպարտանալ»:

Հայրապետյանի հավաստմամբ` տեղի հայ մասնագետները կմեկնեն Արաբական Միացյալ Էմիրություններ` ձիաբուծության վերջին մեթոդները սովորելու: Իսկ առայժմ շեյխի նվերի հետ Հայաստան ժամանած արաբ ձիաբույծ մասնագետները մի քանի օր շարունակ սովորեցնում էին հայ ձիապաններին, թե ինչպես պետք է խնամել ձիերին, ծանոթացնում էին նոր բնակիչների առանձնահատկություններին ու նախասիրություններին:

«Այս ձիերը հոյակապ նվեր են մեր հանրապետությանը, որովհետև զտարյուն ձիաբուծության զարգացման գործում արդեն կարող ենք հաջողությունների հասնել: Խոստանում ենք նաև, որ այս ձիերը չեն խառնվի, նրանց արյունը չի անպատվի, և ցեղական զտարյուն ձիերը Հայաստանում կգրանցեն մարզական և մշակութային հաջողություններ»,- հավաստիացնում է մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանը:

Հայաստանում ձիասպորտի զարգացման իրական հեռանկարի մասին են խոսում նաև արտերկրի մասնագետները:

«Ես հանդիպեցի ձիասպորտի հայ մասնագետներին, ծանոթացա ձիերի ցեղախմբերին և համոզվեցի, որ Հայաստանում այս մարզաձևի ավանդույթները հնարավորություն կտան զարգացնելու այն, միայն թե հարկավոր է շարունակել աշխատել,- ասում է Ձիասպորտի միջազգային ֆեդերացիայի ձիաբուծության մասնագետ Սյուզան Մեքենը: - Այս երկրում լինում են տարվա բոլոր եղանակները, կա նպաստավոր եղանակ, ջուր, խոտ: Այսինքն` կլիմայական պայմանները նույնպես նպաստավոր են ձիասպորտի զարգացման համար»: