Ֆիզմաթի մեծարում. հարգանքի տուրք երևանյան դպրոցին 40 տարվա լավ աշխատանքի համար

Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի բակում երկուշաբթի տոնական մթնոլորտ էր տիրում: Դպրոցը նշում էր իր 40-ամյակը:

Այդ օրը դպրոցին շնորհավորելու էին եկել ոչ միայն այսօրվա սաներն ու անձնակազմը, այլև նախորդ տարիների շրջանավարտներ, ուսուցիչներ և այլ հյուրեր: Նվագախումբը և պարային համույթը տոնական շուք էին հաղորդում միջոցառմանը:

Ըստ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի` ֆիզմաթ դպրոցը հանրապետությունում եղել ու այսօր էլ մնում է եզակի դարբնոց` իր կենսագրությամբ, գործունեությամբ ու նվաճումներով:

Ֆիզմաթ դպրոցը տվել է մոտ 4000 շրջանավարտ (այսօր այստեղ սովորում է 550 աշակերտ), որոնցից շատերն առաջատար դեր են խաղում գիտության տարբեր բնագավառներում:

«Ֆիզմաթցիներն այսօր էլ շարունակում են կերտել երկրի ապագան, հնարավորությունների սահմաններում ուժերը ներդնում են գիտության, մշակույթի և ընդհանրապես ցանկացած ոլորտի բարգավաճման համար»,- ասում է Նավասարդյանը:

Դպրոցի պատմությամբ ու գործունեությամբ հպարտ տնօրենը (որը զբաղեցնում է այդ պաշտոնը 2002 թվականից) նշեց, որ դպրոցն իր հեղինակությունը վաստակել է ուսուցման բարձր մակարդակի համար, և նրա շրջանավարտները պարտավորված են զգում բարձր պահելու այդ չափանիշներն իրենց մասնագիտական գործունեության մեջ:

Դպրոցի ուսմասվար Սուսաննա Ավետիսյանի հավաստմամբ` իրենք ապահովում են շրջանավարտների գրեթե 100 տոկոսանոց ընդունելություն Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ:

«1965 թվականին կրթական համակարգում ստեղծվեց մի գողտրիկ անկյուն` գիտելիքների օազիս, որը ձգեց դեպի իրեն այն երեխաներին, ովքեր ուզում էին հագեցնել իրենց ծարավը ֆիզիկայի և մաթեմատիկայի ասպարեզում,- ասում է Ավետիսյանը: - Այս 40 տարիների ընթացքում դպրոցը բարերար կրթական միջավայր է եղել իր բազմաթիվ շրջանավարտների համար, որոնք դարձել են հայտնի գիտնականներ, քաղաքական գործիչներ և տնտեսության տարբեր ոլորտների խոշոր մասնագետներ»:

Իր «ալմա մատերին» շնորհավորելու եկած շրջանավարտներից էր Մանուկ Մկրտչյանը: Դպրոցը ավարտելուց հետո նա երկար ժամանակ աշխատել է Ռուսաստանի կրթության ոլորտում, որտեղ, նրա հավաստմամբ` գիտեն և հարգանքով են խոսում Երևանի ֆիզմաթ դպրոցի մասին:

«Ես ինձ երջանիկ եմ համարում, քանի որ եղել եմ ֆիզմաթ դպրոցի առաջին սաներից: Առանձնակի հպարտություն էի զգում, երբ տարբեր աշխարհահռչակ մաթեմատիկոսներ հետաքրքրվում էին Երևանի ֆիզմաթ դպրոցով,- ասում է Մկրտչյանը: - Դպրոցը զարգացրեց մեզ տարբեր կարևոր ուղղություններով, որոնցից ամենակարևորը մտածողության զարգացումը և արժեքների համակարգն էին»:

Դպրոցի շրջանավարտներից ոմանք այսօր իրենց գիտելիքներն են ներդնում մաթեմատիկոսների և ֆիզիկոսների նոր սերունդ դաստիարակելու գործում:

Դպրոցի ուսուցիչ Նաիրի Սեդրակյանն ավարտել է ֆիզմաթը 1978 թվականին: Հանրապետության լավագույն մաթեմատիկոսներից մեկը համարվող Սեդրակյանն ասում է, որ մաթեմատիկայի նկատմամբ սերը ծնվել է հենց այս դպրոցում սովորելիս:

«Հիմա էլ մենք ամեն ինչ կանենք, որ դպրոցի համբավը, գործունեությունը շարունակվի հնարավորինս երկար»,- ասում է Սեդրակյանը:

Դպրոցի 40-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունները շարունակվեցին ԵՊՀ դահլիճում, որտեղ դպրոցն արժանացավ պետության շնորհավորանքներին:

ՀՀ կրթության և գիտության նախարար Սերգո Երիցյանն իր ողջույնի խոսքում ասաց. «Այս ուսումնական հաստատությունն իր 40 տարիների ընթացքում կոփել, տվել է կադրեր, մասնագետներ: Այս դպրոցը մնում է Հայաստանում լավագույնը` դաստիարակելով ոչ միայն մասնագետների, այլև անհատների: Ֆիզմաթն ապացուցում է, որ հայաստանյան կրթությունը եղել է, կա ու մնալու է աշխարհի լավագույն կրթական համակարգերից մեկը, թեկուզև` այս մեկ դպրոցի օրինակով»:

ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը նույնպես ողջունեց դպրոցին` անվանելով այն երկրի ֆիզիկայի և մաթեմատիկայի «շարժիչ ուժը»: