Երգը շարունակում է ապրել. Շմավոն Սահակյանը և նրա հիշողությունները Զռչի գյուղի ու գաղթից հետո իրենց կյանքի մասին

Նա երգում է կամացուկ` գրեթե շշուկով, Յաղլուջա սարի մասին, որի ստորոտում իրենց Զռչի գյուղն էր: Արցունքները հոսում են նրա 93-ամյա աչքերից` լվանալով ներկան ու տանելով Շմավոն պապին իր հեռավոր մանկության գյուղը:

Շմավոն Սահակյանը մի պահ դադար է տալիս, հավաքում մտքերը, որպեսզի առանց շփոթվելու իր պատմությունն անի:

«Չեմ կարողանում մոռանալ մեր տունը, բակը, այգիները: Գիշեր-ցերեկ դրանց մասին եմ մտածում: Կարող է մի օր նորից տեսնեմ, բայց դժվար: Գոնե տղաս` Սամվելը, կարողանար գնալ, տեսնել: Ի՞նչ իմանամ, այսօր ամբողջ աշխարհը չարչարվում է, որ այդ հողերը հետ տան»,- ասում է նա:

Սամվելը Շմավոն պապի փոքր որդին է: Նա սեղանին է փռում Զռչիի հատակագիծը` արված Շմավոն պապի ձեռքով, ու ասում. «Մանրամասն ամեն ինչ գծագրված է: Այստեղ եղել է մեր պապական տունը, այստեղ` գյուղի ջրաղացը, որ դարձյալ իրենց է պատկանել: Կարծում եմ` մի օր անպայման կգնամ ու կտեսնեմ հորս ծննդավայրը»:

Զռչին եղել է Կարսի մարզի 859 գյուղերից մեկը (1913 թ. տվյալներով): Գտնվել է Կարս և Կաղզվան քաղաքների միջև, ունեցել է մոտ 1500 բնակիչ:

Մկրտչի ու Մարոյի թոռ Շմավոնը հպարտությամբ պատմում է, որ իրենք գյուղի հարուստ ընտանիքներից մեկն են եղել: Հիշում է հորը` Սահակին, և մորը` Նոյեմին:

«Մայրս շատ սիրուն է եղել, ասում են` երբ հայրս մորս սելի վրա նստեցրած գյուղ հարս է բերել, գյուղացիներն ասել են. «Այ տղա, էս ի¯նչ հրաշք կնիկ ես բերել»: Գեղեցկությունը պահպանելու համար նրան անգամ կաթով են լողացրել,- ասում է Շմավոն պապն ու շարունակում: - Ունեինք ֆայտոն, սայլեր, հեկտարներով ցորենի ու գարու դաշտեր»:

Ծերունու հայացքը միանգամից մթագնում է, երբ սկսում է հիշել «փախեփախը»:

Արևմտյան Հայաստանի Կարսի մարզը կպած էր Արևելյան Հայաստանին, և այդ պատճառով, ինչպես կարծում էին, ավելի ապահով էր:

«Կոտորածներն սկսվել էին 1918-ից շատ առաջ: Մեզ էին հասնում գազանությունների մասին լուրերը: Պապս էլ մյուսների նման որոշեց ընտանիքը տանել Ալեքսանդրապոլի կողմը, որը մեզանից 50-60 կմ էր հեռու»,- հիշում է նա:

Գաղթեցին 1918 թ. ապրիլին, երբ Շմավոնը վեց տարեկան էր: Շմավոնն ուներ երեք եղբայր` Հայկը, Վաղարշակը, Վորոնցովը, և մեկ քույր` Վարսիկը: Հայաստանում, սովի ու աղքատության մեջ, մահանում են պապը, տատը, հորեղբայրը:

«Հարուստ» ընտանիքը կորցնում է ամեն ինչ, մինչև Հայաստանում հաստատվում է Արամուս գյուղում (հետագայում տեղափոխվում է Ախուրյան գետի ափին գտնվող գյուղերից մեկը, որի անունը Շմավոն պապը չի հիշում):

Չքավորությունն այն աստիճանի է հասնում, որ մեկ տարի անց հայրը որոշում է ընտանիքով վերադառնալ Զռչի: Սակայն տան փոխարեն ավերակներ են գտնում:

«Եղած-չեղածը թալանել էին: Ապրուստի համար ոչինչ չունեինք: Հիշում եմ` ինչպես էինք տան գերանները քանդում, ջարդում, կապում մեջքներիս: Դրանք տանում էինք սար` յայլա, վրան կապած քրդերի մոտ ու այնտեղ փոխանակում թանով, որպեսզի խմելու մի բան գոնե ունենայինք: Սովից խոտ էինք ուտում»,- հիշում է նա:

Հայրը զավակների միակ փրկությունը տեսնում է որբանոց տալու մեջ:

«Ասես երեկ լիներ: Հայրս մեջքին կապած մեզ հերթով անցկացրեց Ախուրյանը: Մեզ հետ վերցրել էինք նաև մորս կարի մեքենան, որպեսզի վաճառենք ու մի քանի օր յոլա գնանք»,- պատմում է Շմավոն պապը:

1919 թ. աշնանը չորս երեխաներն արդեն Գյումրիի որբանոցում էին` Պոլիգոններում [թաղամասի անվանում]: Մեծ եղբայրը` Հայկը, մահանում է դեռևս «երկրում». գնում է Կաղզվան` ալյուր բերելու սովամահ լինող ընտանիքի համար, այնտեղ վարակվում է խոլերայով ու մահանում:

Գյումրիի որբանոցում մնում են 10 տարի:

1935 թվականին Շմավոնն ամուսնանում է Անեչկա Սահակյանի հետ` Գյումրիի մերձակա Ազատան գյուղից:

Վեց տարի անց, հազարավոր այլ հայերի նման մեկնում է պատերազմ, կռվում Ուկրաինայում:

Հինգ տարի կռվելուց հետո վերադառնում է Գյումրի: Կնոջ` Անեչկայի հետ մեծացնում է 4 երեխա: Կինը մահանում է 1996 թվականին: Այսօր Շմավոն պապն ունի 10 թոռ և 14 ծոռ:

Այնուհանդերձ, Շմավոն պապն ավելի շատ ապրում է անցյալով: Հիշողությունները նրան երբեք չեն լքում. «Որբանոցում բոլորս էլ բախտակիցներ էինք: Բոլորի հոգում ցավ ու կսկիծ էր: Շատերը կորցրել էին բոլոր հարազատներին: Նրանց նայելով` գոտեպնդվում էինք ու իրար հույս տալիս»:

Գյուղի ձեռագիր հատակագիծը Շմավոն պապից անբաժան է: Դողացող ձեռքերով ցույց է տալիս դպրոցը, զառիթափ քարափը, եկեղեցին, իրենց տունը:

«Ամենապայծառ հիշողությունս կապված է տատիս հետ: Ամեն առավոտ ելնում էր, թոնիրը վառում ու թանապուր եփում: Հետո, երբ կրակը նստում էր, սկսում էր լավաշ թխել: Մենք ուտում էինք ու վազում Յաղլուջա սարի դոշը խաղալու»:

Ու նորից նրա շուրթերին երգի հնչյուններն են.. «Յաղլուջեն բարձր է, տակը դուրան է… Յաղլուջեն մեր սարն էր»: