Վերջին մխիթարություն. հոսփիսային օգնության խումբն օգնում է մահամերձ հիվանդներին

Լիդա Ավետիսյանի տխուր աչքերը դժվարությամբ են թաքցնում հուզմունքը: Հայացքը հառում է մեկ սեղանին դրված դեղերին, մեկ` Աստվածաշնչին: Քաղցկեղով հիվանդ Լիդային դեղերն արդեն չեն օգնում, բայց մարդկային ջերմությունն ու հոգատարությունը մոռանալ են տալիս սարսափելի ցավերը, կյանքի վերջին ամիսներին պարգևում հաճելի պահեր:

Նրան հոգատարությամբ են շրջապատել «Հուսաբեր» բարեգործական հիմնադրամի կամավոր հիվանդապահներն ու բժիշկները, որոնք ոչ միայն խնամում են հիվանդներին, այլև տրամադրում են սնունդ, հիգիենիկ պարագաներ, ցույց են տալիս հոգեբանական և հոգևոր աջակցություն:

«Երբ հիվանդն այլևս ապաքինվելու հույս չի ունենում, հարազատների հետ միայնակ է մնում այդ վշտի հետ: Մենք փորձում ենք այդ ընտանիքներին աջակցել սոցիալապես և հոգեբանորեն` հարազատի հիվանդության ընթացքում և նրա մահից հետո»,- ասում է հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ռուզաննա Հայրապետյանը:

2001 թվականից «Հուսաբերը» մատուցում է հոսփիսային ծառայություն` համագործակցելով Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ. ընտրում են մահամերձ հիվանդ ունեցող առավել կարիքավոր ընտանիքների և աջակցություն ցուցաբերում:

Մինչև այսօր «Հուսաբերը» օգնություն է ցույց տվել 102 հիվանդի:

Ըստ վիճակագրական տվյալների` Հայաստանում քաղցկեղից տարեկան մահանում է մոտ 3500 մարդ, որոնց 45-50 տոկոսը կարիք ունի ամոքիչ (պալիատիվ) և սոցիալ-հոգեբանական օգնության:

«Հիվանդին ու նրա հարազատներին պետք է նախապատրաստել այդ վշտին: Մենք չենք կարող բուժել, բայց կարող ենք թեթևացնել ֆիզիկական և հոգեբանական ցավը»,- ասում է «Հուսաբերի» գլխավոր բժիշկ Աշխեն Ավագյանը:

Հոգու ցավը մեղմում են աղոթքներով, հիվանդների խնդրանքով իրականացվող հատուկ արարողություններով` կատարվում է տնօրհնեք, հաղորդություն է տրվում, «Նարեկ» են ընթերցում: Որոշ հիվանդներ, ամբողջ կյանքում աթեիստ լինելով, ցանկանում են մկրտվել:

«Մի հիվանդ պատարագի ձայնագրություն խնդրեց ու անընդհատ լսում էր` ասելով, որ ցավերը մեղմանում են: Հավատքը, գիտակցումը, որ սա վերջը չէ, հավիտենական կյանքի նկատմամբ հավատը իսկապես մխիթարում են նրանց»,- ասում է Ավագյանը:

Ամենադժվար ու պատասխանատու գործը խնամակալներինն է, որոնք հարազատի պես մտերմանում են հիվանդի հետ ու հարազատի նման էլ ծանր ապրում նրա մահվան վիշտը:

Ռուզաննա Հայրապետյանն ասում է, որ հոգեբաններն աշխատում են նաև խնամակալների հետ: «Սովորական բժշկի համար հեշտ է. հիվանդներից մեկը եթե մահանա, մի քանիսը կբուժվեն: Այս դեպքում գործ ունենք միայն մահացողների հետ, դրա համար պետք է ուժեղ լինել և հոգեբանորեն պատրաստված»:

«Ամեն ինչ արվում է, որ մարդ իր վերջին օրերն ապրի հնարավորինս անցավ ու հոգեպես հանդարտված: Եվ այս դեպքում նույնիսկ մահը հաճախ որպես հաղթանակ ես ընկալում, երբ մարդը խաղաղ, առանց տառապանքների է հեռանում»,- ասում է Ավագյանը:

Մեկ հիվանդի օրական նվազագույն ծախսը կազմում է 10 դոլար, ինչը «Հուսաբեր» հիմնադրամի համար դժվարություն է արդեն, քանի որ քչերն են հասկանում նրա առաքելության կարևորությունը:

«Բազմաթիվ երկրներում, Ռուսաստանում դրա համար պետական բյուջեից են միջոցներ տրամադրվում: Մեզ աջակցում են միջազգային կազմակերպությունները, բայց հույս ունենք, որ կառավարությունը և հասարակությունը քայլեր կձեռնարկեն աջակցելու մեզ»,- ասում է «Հուսաբերի» նախագահ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:

Տեր հոր խոսքերով` խնդիր է նաև, որ հիվանդից թաքցնում են ախտորոշումը:

«Միևնույն է` բոլորն էլ զգում են, ներքուստ տառապում են և այս դեպքում մնում են միայնակ իրենց կասկածների, տագնապների ու վախի հետ»,- ասում է Հայր Բաբկենը:

«Մարդուն պետք է հոգեբանորեն տրամադրել, նախապատրաստել: Շատերը իմանալուց հետո խոստովանել են ուզում, հաշտվել, ներել ու մաքրել իրենց հոգիները: Սա կարևոր հարց է` հայտնե՞լ ճշմարտությունը, թե՞ ոչ… »: