Հարմարություններ ամեն գրպանի համար. նորաբաց հոսթելը ընտրության հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին

Երևանում բացված «Էնվոյ» հոսթելը (ընդհանուր կենցաղային հարմարություններով հյուրատուն), որն առաջին նման հաստատությունն է Հայաստանում, առաջարկում է զբոսաշրջիկներին ոչ թանկ գիշերավարձի դիմաց բավարար պայմաններ:

Եվրոպական երկրներում տարածված ուսանողական «ուսապարկային» զբոսաշրջության մոդելի սկզբունքներով գործող հոսթելը նախատեսված է նրանց համար, ովքեր դեմ չեն իջևանելու ընդհանուր հարմարություններով հյուրանոցում:

Հոսթելում ամեն 5 հյուրի համար գործում է 1 զուգարան և ամեն 7-ի համար` 1 ցնցուղ: Յուրաքանչյուր հյուրի տրամադրվում է փակվող պահարան:

Մեկ օրվա համար վճարելով 5000 դրամ (մոտ 11 դոլար, որը hաջորդ տարվանից կդառնա 15 դոլար)` զբոսաշրջիկը կարող է գիշերել, նախաճաշել, հեռուստացույց դիտել և տուրիստական խորհրդատվություն ստանալ:

Երևանի կենտրոնում` Պուշկինի-Փարպեցի փողոցների խաչմերուկում գտնվող եռահարկ բնակելի շենքի նկուղային և առաջին հարկերը զբաղեցնող հոսթելը նախատեսված է 42 հյուրի համար (8 տեղանոց 2 սենյակ, 4 տեղանոց 6 սենյակ և 2 տեղանոց 1 սենյակ): Զույգերի համար նախատեսված երկու տեղանոց սենյակն արժե 20000 դրամ և ունի առանձին զուգարան ու լողասենյակ:

«Կարծում եմ, որ հոսթելը հատկապես լավ կաշխատի ուսանողների համար, ովքեր ընկերներով գալիս են արտասահմանից` ուսապարկով շրջագայելու,- ասում է «Արմեն տուր» տուրիստական գործակալության ներկայացուցիչ Լուսինե Ղահրամանյանը: - Նրանց հաստատ հարկավոր չեն թանկ հյուրանոցներ: Իսկ «Էնվոյի» պայմանները բավարար են, միակ խնդիրը թերևս այն է, որ մեկ սենյակում կարող է գիշերել մինչև 8 մարդ»:

Հոսթել բացելու մտահղացումը 35-ամյա ավստրալիահայ Էրիկ Կարապետյանինն էր, ով ծնվել է Իրանում, և 1986-ից մշտական բնակություն է հաստատել Ավստրալիայում:

«Երբ 2003 թվականին առաջին անգամ եկա Հայաստան, տեսա, թե որքան թանկ են հայաստանյան հյուրանոցները, իսկ համեմատաբար մատչելի գիշերակացի այլընտրանք չկա,- ասում է Կարապետյանը: - Չկային հոսթելներ` սահմանափակ ֆինանսական միջոցներ ունեցող տուրիստների համար: Ու որոշեցի նման հյուրատուն բացել Հայաստանում»:

Վերադառնալով Ավստրալիա` Էրիկը գտնում է երեք համախոհի և 7 ամսվա աշխատանքից հետո`հոկտեմբերին, «Էնվոյն» ընդունեց իր առաջին հյուրերին:

«Հայաստանում հյուրանոցների գներն ու պայմանները ծայրահեղ են` կամ շատ շքեղ ու թանկ, կամ` վատ ու էժան,- ասում է Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության գրասենյակի պատասխանատու Լուսինե Ստեփանյանը: - Իսկ տուրիստներին հարկավոր են նաև էժան, բայց նորմալ պայմաններով կացարաններ: Նման հյուրատների բացումը, անշուշտ, կնպաստի տուրիզմի զարգացմանը Հայաստանում»:

«Էնվոյի» գործադիր տնօրեն Համլետ Ավանեսյանի հավաստմամբ`առաջին մի քանի շաբաթվա ընթացքում հոսթելը մոտ 60 զբոսաշրջիկ է ընդունել 18 երկրից: Նրանց մեծ մասն «Էնվոյի» մասին տեղեկացել է ինտերնետից: (www.envoyhostel.com)