Անիրականանալի երազանքներ ու մղձավանջային հիշողություններ փախուստի ու կարոտի մասին

Անդրանիկ Մաթևոսյանը մի թաքուն երազանք է փայփայում հոգու խորքում, թեև զգում է, որ այն չի իրականանալու:

Ուզում է մեկ անգամ էլ տեսնել հայրենի Կարսը: Սակայն այժմ, երբ ինքն արդեն 93 տարեկան է, իսկ սահմանը փակ է, նա գիտե, որ երևի այդպես էլ կհեռանա այս աշխարհից` առանց կարոտն առնելու:

«Հա, բա ոնց, բալա ջան, իհարկե երազանքներ ունեմ: Ու քանի ապրում եմ, երազանքներս էլ հետս են ապրելու»,- ասում է Անդրանիկ պապը:

6 տարեկան է եղել Անդրանիկը, երբ 1918 թ. ընտանիքը բռնել է գաղթի ճամփան: Ճիշտ է, փոքր է եղել, բայց այսօրվա պես հիշում է կրած զրկանքները:

«Մի հոգի չէինք, էրկու հոգի չէինք, հարյուրավոր մարդկանցով փախեփախի մեջ էինք: Ահ ու դողը սրտներումս` գնում էինք: Չէինք մտածում` ուր կհասնենք, ինչ կլինի, ուշքն ու միտքներս թուրքի ձեռից փախնելն էր, թե չէ կսպանեին: Բայց, դե, մարդիկ ուժասպառ էին լինում, սովամահ էին լինում»,- հիշում է Անդրանիկը:

Մարդիկ ստիպված ճանապարհին էին թողնում իրենց հետ վերցրած իրերը, քանի որ այլևս անկարող էին տանել: Իսկ երբ ուժասպառ ընկնում էին, փորձում էին երեխաներին փրկելու մի հնար գտնել:

«Հենց խոսում եմ, միտս են գալիս գրկանոց էրեխեքը, որոնց ծնողները գետն էին գցում, հենց զգում էին, որ ի վիճակի չեն ճամփեն շարունակելու: Մտածում էին, որ իրենք կմեռնեն, էրեխեքը թուրքի բաժին կդառնան, իսկ տենց կարող ա մի ձև փրկվեն, որ ափ ընկնեն»,- պատմում է Անդրանիկ պապն ու իր պատմածից հուզվելով` լռում մի քանի րոպե:

Հայերը ճանապարհին ձևացնում էին, թե քուրդ են ու չէին խոսում հայերեն, որպեսզի շփոթեցնեն հանդիպող թշնամուն ու փրկվեն: Անդրանիկը հիշում է, թե ինչպես էր հայրը ճանկռոտել, մրոտել մոր գեղեցիկ դեմքն ու գզգզել մազերը, որ թուրք տղամարդիկ չփախցնեն:

Գաղթականներն ամեն գիշեր չէին քնում: Մի քանի օրը մեկ միայն հանգրվանում էին ծառապատ տարածքում ու գիշերում:

«Կյանքումս չիմ մոռանում հորս ու մորս աչքերը, երբ առավոտը ճամփա ընկանք, ու մեկ էլ մերս հիշեց, որ պստիկ քրոջս մոռացել են ծառի տակ: Մերս ձեռները ծնկներին էր խփում, լաց էր լինում, մինչև հերս գնաց, բերեց էրեխին: Ախր, իրանց էլ մեղադրելու չէր, արդեն ոնց որ անգիտակից լինեին, էլ չէին հասկանում` ինչ ա կատարվում, փախնում էին ու վերջ»,- պատմում է Անդրանիկ պապը:

Ճանապարհին Մաթևոսյանները տասնյակ հարազատ ու հարևան են կորցնում: Մեկ ամիս շարունակ քայլելով, տարբեր վայրերում կայանելով` հասնում են Բաթում:

«Ոնց են ոչխարի հոտը լցնում փարախը, տենց էլ մեզ լցրին կազարմեն, որ հետո ջոկ-ջոկ տեղավորեն: Ով ուզում էր, ուղարկում էին Անգլիա, ով չէ`մնում էր Բաթումում: Մենք էլ մնացինք: Էղած-չեղած մի քանի հարազատ էինք մնացել, Շուշան տատս որոշեց, որ իրարից չհեռանանք,- պատմում է Անդրանիկը: - Ըտենց տեղավորվեցինք Բաթումում: Պատերազմը պրծավ, Լենինը էղավ, էլ վտանգ չկար»:

1928-ին Մաթևոսյանների ընտանիքը տեղափոխվում է Ռուսաստան: Այնտեղ Անդրանիկն ընտանիք է կազմում հայրենակցուհու` կարսեցի Սիրանուշի հետ: Համատեղ կյանքի ընթացքում 7 զավակ, 25 թոռ ու ծոռ են ունենում:

1936 թվականին Մաթևոսյանները տեղափոխվում են Հայաստան:

«Իմ ծնողները հասարակ հողագործ մարդիկ են եղել. վարուցանք են արել, անասուն պահել: Ես էլ նրանց ազնիվ գործի շարունակողը էղա` բանվոր դարձա: Իմ ձեռով տուն շինեցի Երևանի հին թաղամասերից մեկում`Սարի թաղում, աշխատեցի ու Սիրանիս հետ էրեխեքիս մեծացրի:

Բայց Սիրանն ինձնից առաջ ընկավ, անցյալ տարի մեռավ: Չնայած ինձ էլ բան չի մնացել, ես էլ պիտի գնամ ու հետս տանեմ հիշողություններս»,- ասում է Անդրանիկ պապն ու խնամքով շոյում կնոջ նկարը: