Մանկությունից վտարված. «ամենուր տառապող հայեր էին»

Տիգրանուհու մանկությունն ավարտվեց, երբ ընդամենը չորս տարեկան էր:

Իսկ դա շատ վաղուց էր` 1914 թվականին, երբ նրա ընտանիքը տեղահանվեց առաջին անգամ: Հաջորդ 21 տարիների ընթացքում տուն նա գրեթե չի ունեցել, միայն ապրելու տեղ:

Դժվարությունները սկսվեցին Առաջին համաշխարհային պատերազմի հետ, երբ Տիգրանուհի Ասատրյանի (այն ժամանակ` Կոստանյան) հայրը, վախենալով տեղի հայ բնակչության դեմ հետապնդումներից, իր մեծ ընտանիքն առած (երեք դուստր և մեկ որդի) ստիպված էր նախ հեռանալ Կաղզվան քաղաքից (Արևմտյան Հայաստանի Կարսի նահանգ): Սկզբում տեղափոխվեցին Ալեքսանդրապոլ (այժմ` Գյումրի), հետո Թիֆլիս, այնտեղից էլ ավելի հյուսիս` Հարավային Ռուսաստանի Կուբանի երկրամասի Արմավիր քաղաք:

Տիգրանուհու ավագ եղբայրը` Արտաշեսը, զորակոչվել էր օսմանյան բանակ, որն Արևելյան ճակատում կռվում էր ռուսների դեմ, իսկ կրտսեր եղբայրը` Արտավազդը, որը դեռ զորակոչային տարիքի չէր հասել, ստիպված էր թաքնվել թուրքերից, որոնք այնքան էլ ուշադրություն չէին դարձնում պոտենցիալ զորակոչիկի տարիքին:

Առաջին փախուստը Կաղզվանից Տիգրանուհին աղոտ է հիշում: Բայց շատ լավ է հիշում երկրորդը` 1918 թվականին:

Ասում է, որ Կուբանում մնացին մի քանի տարի, բայց հայրենիքի կարոտը ստիպեց հորը 1918-ին ընտանիքով վերադառնալ Կաղզվան: Սակայն հարազատ քաղաքում նրանք մնացին ընդամենը 15 օր, և նորից փախուստ, որն այս անգամ շատ ավելի դժվար էր: Այդ ժամանակ արդեն օսմանյան կայսրությունում ամենուր տեղի էին ունեցել հայերի կոտորածներ:

«Թաքնվել էինք մի մոլոկան (ռուսական կրոնական աղանդ) ընտանիքի տանը: Ես ու երկու քույրերս` Արմինեն ու Լիզան, ծածուկ նայում էինք ցանկապատի անցքից. սարսափելի բաներ տեսանք ,- հիշում է Տիգրանուհին: - Թուրքերն իրենց կանանց հետ` բոլորը լավ հագնված, ոսկեղենով ու հարուստ շորերով, որ թալանել էին սպանված կամ արտաքսված հայերից, մտան քաղաք, ու նոր թալան սկսվեց: Մտնում էին մարդկանց տները, փնտրում հայերի ու նրանց ոսկիները»:

Տիգրանուհին հիշում է, որ այն ժամանակ հարյուրավոր հայեր սպանվեցին ու բռնաբարվեցին:

«Այդ տարիներին կորցրինք մեր ազգականներից շատերին. իմ մորաքրոջ երեք տղաներին, քեռուս ու մորաքրոջս թուրքական բանտում նախ տանջեցին, ապա սպանեցին,- հիշում է այժմ 95-ամյա Տիգրանուհին: - Սարսափահար էինք լինում, երբ լսում էինք, որ հազարավոր մարդկանց են սպանում, բռնաբարում ու ստորացնում: Ամենուր տառապող հայեր էին»:

Տիգրանուհու եղբայրը` Արտավազդը, շիկակարմիր էր և թաքնվել էր մոլոկանների տանը` ձևացնելով, թե նրանց որդին է (մոլոկաններից շատերը շիկահեր են): Նա առավոտից մինչև մութն ընկնելն աշխատում էր ցորենի դաշտում ու նաև տարբեր գործեր էր անում տանը, որ իրեն չհանձնեն թուրքերին:

Առաջին իսկ հնարավորության դեպքում Տիգրանուհու ամբողջ ընտանիքը` մոլոկանների պես հագնված, նրանց հետ գնացք նստեց ու նորից ճամփա ընկավ` վերջին հայացքը նետելով գնացքի հետևում հետզհետե անհետացող հարազատ քաղաքի վրա:

Հետո սովորական ճանապարհն էր` Ալեքսանդրապոլից Թիֆլիս, ապա` Արմավիր...

Հարավային Ռուսաստանում Կոստանյանների համար սկսվեց խաղաղ կյանքի մի տասնամյակ: 1928 թվականին Տիգրանուհին ամուսնացավ կաղզվանցի Միքայել Ասատրյանի հետ: Սակայն 30-ականների սկզբին նրանց նոր դժբախտություններ էին սպասում. Տիգրանուհու հորը, որը հաջողակ խանութպան էր և որին բոլշևիկները կուլակ էին համարում, սովետները մեղադրեցին, և նրա ունեցվածքը բռնագրավեց այս անգամ էլ սովետական իշխանությունը:

1931 թվականին Տիգրանուհին ամուսնու հետ տեղափոխվեց Սամարղանդ (Ուզբեկստան): Չորս տարի Միջին Ասիայում ապրելուց հետո վերջնականապես որոշեցին տեղափոխվել Երևան ու հիմնավորվել այստեղ:

«Ամուսինս սկսեց աշխատել Երևանի ռետինատեխնիկական գործարանում, բոլորը նրան ճանաչում էին: Մեր կյանքը քիչ թե շատ կարգավորվեց»,- պատմում է Տիգրանուհին:

Այստեղ ունեցան հինգ զավակ. երկու որդի` Սիմոն ու Ալբերտ, և երեք դուստր` Թամարա, Աննա ու Լիզա: Այսօր Տիգրանուհին, որի ամուսինը մահացել է 80-ականներին, հպարտանում է իր 14 թոռներով ու ծոռներով:

Նա ասում է, որ ամուսինը շատ էր աշխատում, և ինքն աշխատելու կամ մասնագիտության կարիք չուներ: Միշտ տնային տնտեսուհի է եղել, զբաղվել երեխաներով ու տան գործերով:

Այժմ Տիգրանուհին ապրում է Երևանի բանվորական թաղամասում` 3-րդ մասում, և ստանում է ամսական 16500 դրամ թոշակ (2005 թ. ապրիլին ցեղասպանության վերապրածների թոշակը բարձրացվեց):

«Կյանքումս շատ բան եմ տեսել, մանկությունս անցել է տեղից տեղ տեղափոխվելով,- ասում է Տիգրանուհին: - Երբեմն փակում եմ աչքերս ու հիշում մորաքրոջ տղաներին: Նրանց տեսնում եմ ջահել ու սիրուն, ինչպիսին որ կային, երբ սպանվեցին թուրքի ձեռքով: Երազներումս հաճախ խոսում են հետս, բայց, դե, ես գիտեմ, որ նրանք վաղուց են գնացել»: