Բնագիտական կրթություն. աշակերտները սովորում են սիրել իրական և վիրտուալ բնությունը

Երբ Երևանի թիվ 1 դպրոցի կենսաբանության ու բնագիտության ուսուցչուհի Մանյա Թադևոսյանը գրատախտակի մոտ է կանչում ցանկացողներին, գրեթե բոլոր աշակերտները ձեռք են բարձրացնում:

Բնագիտությունը նոր առարկա է Հայաստանի դպրոցներում: Այն ընդգրկվել է ուսումնական ծրագրում երկու տարի առաջ, որպեսզի օգնի աշակերտներին հասկանալու շրջակա միջավայրի կարևորությունը մարդու համար և մարդու ազդեցությունը նրա վրա:

«Երեխաներին ամեն անգամ զարմացնում է այն փաստը, որ բնության մեջ տեղի ունեցած փոփոխությունների մեծ մասը մարդու գործունեության արդյունք է»,- ասում է Թադևոսյանը:

Բացի դասարանում անցկացրած դասերից, աշակերտներն էքսկուրսիա են գնում Հայաստանի պատմական վայրեր, որտեղ ծանոթանում են իրենց երկրին և սովորում պահպանել այն:

«Մենք բացատրում ենք աշակերտներին, որ մեր երկիրը մեր տունն է, և պետք է հոգ տանենք նրա մասին: Աշակերտները մտահոգվում են, երբ տեսնում են պատմական վայրերում թափված աղբը»,- ասում է դպրոցի տնօրեն Լիլյա Վարդգեսյանը:

Նպատակը, ուսուցչի հավաստմամբ, այն է, որ ներկա սերունդը «չկրկնի նախորդի սխալները, որոնք վնաս են հասցրել բնությանը»:

Այդ նպատակը կիսում էին շուրջ 90 բնապահպաններ ու կրթության մասնագետներ Հայաստանից, Ադրբեջանից ու Վրաստանից, որոնք անցյալ շաբաթ հավաքվել էին Թբիլիսիում` մասնակցելու Տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (ՏԲԿ-Կովկաս) կազմակերպած միջազգային գիտաժողովին:

«Կրթություն հանուն կայուն զարգացման» գիտաժողովի մասնակիցների կարծիքով` բնության ոչնչացումը կդադարեցվի, երբ մարդիկ սովորեն հարգել այն:

«Իրենց զարգացման ներկա փուլում կովկասյան պետությունները դեռ չեն սովորել ներդաշնակել սոցիալական, տնտեսական և բնապահպանական գերակայությունները,- ասում է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: - Այդ պատճառով էլ այսօր հայտնվել ենք այսպիսի լուրջ իրավիճակում»:

Բնապահպանները պնդում են, որ վերջին տարիներին Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում գրանցված դրական տնտեսական փոփոխությունները ձեռք են բերվել շրջակա միջավայրին հասցված զգալի վնասի հաշվին:

Եվ այդ գործընթացը սկսվել է առնվազն անցյալ դարից:

Օրինակ` 1930-ականներից սկսած, մոտ 20 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության կարիքների համար հանրապետության անտառներում կտրվել է տարեկան մոտ 450 հազար խմ փայտ: Մեծ չափերի հասած անտառահատումը նաև տնտեսական շրջափակման և 1992-1993 թթ. էներգետիկական ճգնաժամի հետևանք է: Այդ ամենի հետևանքով այսօր անտառածածկ է Հայաստանի տարածքի ընդամենը 10 տոկոսը, մինչդեռ, հնագետների հավաստմամբ, այն եղել է չորս անգամ ավելի:

Իսկ վերջին տարիների` Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացումից առաջ, սկսած 1933 թվականից այն իջեցվել էր 19 մետրով, երբ ջուրն օգտագործվում էր արդյունաբերական, գյուղատնտեսական և էներգետիկական հատվածների զարգացման համար:

Վրաստանի մայրաքաղաքում հավաքված մասնագետները հայտարարում են, որ սխալ գործունեության պատճառով Կովկասը հայտնվել է բնական աղետի սպառնալիքի տակ:

«Հարավկովկասյան բոլոր հանրապետություններում բնապահպանական իրավիճակը շատ լուրջ է, որովհետև դուք ապրում եք մի տարածաշրջանում, որտեղ բազմաթիվ հակամարտություններ կան,- «ԱրմենիաՆաուին» ասաց Եվրամիության միջազգային խորհրդատվական հանձնաժողովի անկախ ներկայացուցիչ Պեր Գարտոնը: - Այստեղ եղել են պատերազմներ, արդյունաբերությունը ոչնչացրել է անտառները: Չեն եղել բավարար միջոցներ զարգացման բնապահպանական կարիքները հոգալու համար:

Երեխաներն ու չափահասները պետք է սովորեն, պետք է գիտակցեն, որ եթե այժմ չդադարեցնեն նման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ապա ապագայում վիճակը շատ վտանգավոր կդառնա»:

Երևանի պետական համալսարանի գիտաշխատող Ալեքսանդր Եսայանը գիտաժողովին ներկայացրեց շրջակա միջավայրի պահպանության իր մեթոդը` բնապահպանական կրթություն կիբեռտարածքում:

Վերջերս հայ գիտնականները ստեղծել են «Վիրտուալ կենսաբանություն» ձեռնարկը 9-10-րդ դասարանների համար, որն արդեն փորձնական կարգով ներդրվել է Հայաստանի 1000-ից ավելի դպրոցներում:

«Աշակերտներին չեն հետաքրքում բնությունը և բնապահպանությունը, որովհետև դասագրքերը լի են դժվարըմբռնելի արտահայտություններով,- ասում է Եսայանը: - Եվ նրանք, սովորաբար, առանց հասկանալու անգիր են անում դասը»:

Ծրագրի հեղինակն ասում է, որ «Վիրտուալ կենսաբանությունը» բնապահպանությունը գրավիչ է դարձնում աշակերտների համար` սովորեցնելով նրանց բնապահպանական պատասխանատվություն վառ նկարազարդումների ու զվարճալի առաջադրանքների միջոցով:

Եսայանը համոզված է, որ ծանոթանալով մոլորակի վիրտուալ էկոհամակարգին, երեխաները կսիրեն ու կպահպանեն այն իրական կյանքում: Նա հուսով է, որ իր վիրտուալ գունագեղ կենսաբանությունը երբեք չի դառնա առարկա անհետացած բնության մասին: