Հոգածություն. նոր հանձնաժողովը պետական մակարդակով կզբաղվի երեխաների հարցերով

Այս ամիս ուժի մեջ մտած նոր որոշմամբ` երեխաների պաշտպանությունը կընդգրկվի պետության պարտավորությունների կազմում:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի թիվ 835 որոշմամբ հոկտեմբերի 28-ին հաստատվել է Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի կանոնադրությունը: Այդ որոշմամբ առաջին անգամ ստեղծվում է մի մարմին, որը պետական մակարդակով կզբաղվի երեխաների իրավունքներով ու սոցիլական հիմնախնդիրներով:

Հանձնաժողովի գործառույթների մեջ մտնելու են ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թթ. ազգային ծրագրի իրականացման աշխատանքների համակարգումը, ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրերի իրականացման աշխատանքները և այս ոլորտի բարեփոխումները:

(Նախկինում երեխաների շահերի պաշտպանությամբ, անչափահասների, թափառաշրջիկ, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների սոցիալական հիմնախնդիրներով և այս ոլորտին առնչվող այլ հարցերով զբաղվում էին տարբեր նախարարություններ ու ՀԿ-ներ:)

Հանձնաժողովում ընդգրկված են սոցիալական հարցերի, առողջապահության, ներքին գործերի, կրթության, արդարադատության և այլ պատկան նախարարությունների ու կառույցների մասնագետներ: Հանձնաժողովի հետ սերտորեն համագործակցում են նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Եվրամիության պարենային ապահովության ծրագրերի հայաստանյան գրասենյակները:

Հանձնաժողովի նախագահն է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը:

«Հանձնաժողովի գործունեությունն ավելի արդյունավետ կդարձնի երեխաների հիմնահարցերի լուծմանն ուղղված աշխատանքները,- ասում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ, հանձնաժողովի քարտուղար Լալա Ղազարյանը: - Այսուհետև երեխաների հարցերը կարժանանան ավելի մեծ ուշադրության»:

Ըստ կանոնադրության` հանձնաժողովի հիմնական գործունեությունն ուղղված կլինի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության ընթացքում ծագած խնդիրների վերլուծությանը, առաջարկությունների մշակմանը: Հատուկ աշխատանքներ կտարվեն կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների սոցիալական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

«Մինչև հանձնաժողովի ստեղծումը նախարարություններն ու պատկան այլ կառույցներ աշխատանքներ էին տանում առանձին-առանձին, ինչն այնքան էլ արդյունավետ չէր,- «ԱրմենիաՆաուին» ասաց ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների բաժնի պետ Նելլի Դուրյանը: - Այսուհետև աշխատանքներն ավելի համակարգված կլինեն»:

Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր մարզում կստեղծվեն 7 հաստիքից՝ իրավաբան, հոգեբան և այլ մասնագետներ, բաղկացած խմբեր: Մասնագետները ծրագրի շրջանակներում նախապես վերապատրաստում կանցնեն, որից հետո կզբաղվեն երեխաների հիմնահարցերով ու իրավունքներով:

Բացի անհատական հանդիպումներից և գործնական աշխատանքներից, նրանք նաև վերլուծություններ կկատարեն, որոնք հետագայում կներառվեն ընդհանուր տվյալների մեջ:

Երեք ամիսը մեկ հրավիրված նիստի ընթացքում կամփոփվեն կատարված աշխատանքները, կուսումնասիրվեն վերլուծություններն ու կճշտվեն խնդիրները:

«Այս ծրագրով մասամբ լուծում կտրվի նաև մանկական հաստատությունների՝ մանկատների բեռնաթափման հարցին,- ասում է հանձնաժողովի նախագահ Վարդանյանը: - Հետզհետե կլուծվի մանկատան երեխաներին ընտանիքներում տեղավորելու հարցը»:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շելդոն Յեթը հավատացած է, որ ծրագրի իրականացումը կբարձրացնի Հայաստանում երեխաների հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը:

«Համեմատած տարածաշրջանի այլ երկրների հետ` Հայաստանում այս ոլորտում արդեն բավական աշխատանքներ են տարվել,- ասում է Յեթը: - Սակայն դա չի նշանակում, թե ամեն ինչ լավ է: Ծրագիրը դեռևս շատ անելիքներ ունի»: