«Հայկական պիցցայի» զորությունը. մի պատառիկ Վարդանանց փողոցի լահմաջունագործի կյանքից

Այսօրվա Երևանում, որն իր վարք ու բարքով ավելի ու ավելի է նմանվում Արևմուտքին, Արա Թորոսյանի հաջողությունը գրեթե անհնարին է թվում:

Թորոսյանը իր գործը սկսեց 11 տարի առաջ պարտք վերցրած 17 դոլարով ու «հայկական պիցցա» սարքելու շնորհքով: Այսօր գործը մեծացել է, բայց նպատակը մնացել է նույնը:

Նա բիզնես կրթություն չուներ:

Բայց ուներ ընտանիք, որը պետք էր կերակրել, իսկ ժամանակները դժվար էին ու ավելի էին դժվարանում...

«Էլ ճար չկար ապրելու, սոված էինք մնում: Մի ծանոթ ունեմ, ասեց` Արայիկ, արի լահմաջո սարքի: 15 դոլար պարտք արի կնոջս հորքուրի տղուց, երկու դոլար էլ նրա կինը տվեց: Ըտենց սկսեցինք»,- հիշում է նա այսօր իր երկհարկանի լահմաջունանոցում, որի հիմքը դրվել է 17 դոլարով:

Արա Թորոսյանի հաջողությունը կարելի է վերագրել գործարարի նրա շնորհքին, բայց նրա լահմաջուանոցն ամեն օր լիքը լցնող հաճախորդներին նրա գործարար ունակությունները, կարծես, ավելի քիչ են հետաքրքրում, քան նրա խոհանոցից դուրս եկած 100 դրամանոց համեղ լահմաջունները:

(Լահմաջունը կլոր լոշիկի վրա քսած աղացած մսով ուտեստ է` համեմված կծու համեմունքներով` պղպեղ, սոխ ու սխտոր: Մի լահմաջուանոցի տնօրեն իր արտադրանքը անվանել է հայկական պիցցա, որ օտարների համար ավելի հասկանալի լինի: Բայց ի տարբերություն պիցցայի` լահմաջունի լավաշն այնքան բարակ է, որ ուտելիս փաթաթում են: Քաղցած մարդը կարող է 5-7 լահմաջունով կշտանալ: Արայիկի երկու-երեք լահմաջունն էլ կշտացնում է, քանի որ լոշիկի վրայի միսն առատ է: Մյուս առանձնահատկությունն այն է, որ Արայիկի լահմաջունն ուտողը ամբողջ օրը սխտոր է բուրում: Նրա լահմաջուանոցին ցուցանակ էլ պետք չէ. Վարդանանց փողոցում գտնվող նրա լահմաջուանոցը կարելի է գտնել պարզապես բուրմունքով):

57-ամյա Արա Թորոսյանը խորհրդային տարիներին խոհարար է եղել: Մինչև Խորհրդային Միության փլուզումը 11 տարի ամառվա սեզոնին խորոված է սարքել Ազովի ծովի ափին: «Մինչև 90 թվականն աշխատեցի: Նացիոնալիզմը որ սկսվեց` «կոմունիստի, ուբիռայտես», ճանապարհները փակվեցին: Մենակ ստեղով չէր, բոլոր տեղերն էլ շարժում սկսվեց, ու գործը կայնավ»:

Խորհրդային Միության փլուզումը զրկեց նրան մասնագիտական աշխատանքից, իսկ կարիքը բացահայտեց նրա գործարար ջիղը:

Լահմաջունի գործ նա նախկինում չէր արել:

«Լահմաջուն տան մեջ էինք պատրաստում,- հիշում է նա: - Թույլատրություն չկար, կինս թխում էր ընկերուհու հետ, ես տանում ծախում էի: Օրը 4 անգամ դուս էի գալի, գիշեր-ցերեկ, առավոտը դուս էի գալիս, գիշերվա 2-ին` տուն գալի»:

Լահմաջունով բեռնված սայլակը քարշ տալով` Թորսյանը դուրս հանեց իր ընտանիքը կարիքի ճիրաններից:

Լահմաջունի գործ դնելը հեշտ չէր: Բայց բան-ման ծախելը նրա համար նորություն չէր. փոքր ժամանակ նույն կերպ ֆուտբոլի մարզադաշտում շրջում էր երկրպագուների մեջ ու թեյնիկով ջուր վաճառում:

Որոշ չարչարանքից հետո յուրացնում է լահմաջունի պատրաստման գաղտնիքը, որ միայն նրա լահմաջունին է բնորոշ:

Նա երևի միակն է մնացել, որ լահմաջունը պատրաստում է թավաների մեջ, մինչդեռ մյուսներն օգտվում են մեծ էլեկտրական վառարաններից: «Ես իմ անելիքը գիտեմ»,- ասում է նա ու չի պատրաստվում ոչինչ փոխել, քանի որ հաճախորդները դա են սիրում:

Շենքի բակում, անցորդների աչքից հեռու գտնվող Արոյի օբյեկտը միշտ հաճախորդներով լիքն է: Նրանք գիտեն, որ այստեղ կարելի է էժան լահմաջուն ուտել, թան խմել և որ սա միակ տեղն է, որտեղ կարելի է դրսից խմիչք բերել:

Արոյի լահմաջուանոցը կարելի է շփոթել պաշտամունքի վայրի հետ. պատերից կախված են ավետարանական թեմաներով նկարների պարզունակ վերատպություններ. Քրիստոսի խաչելություն, Մարիամը Մանուկ Հիսուսի հետ, Քրիստոսը քարոզելիս և այլն:

Մինչև վերջերս Թորոսյանը շարունակում էր սայլակով փողոցներում շրջել, սակայն որդու պահանջով դադարեցրեց:

«Ինձ սայլակն ա հարստացրել, դրա համար էլ չեմ ուզում դրանից հրաժարվել, բայց տղես անընդհատ ասում էր` ա'յ պապ, ամոթ ա»:

Շրջապատն էլ նրան էր սովորել. բոլորը սպասում էին լահմաջուն բերողին:

«Վերնիսաժում էլ են ինձ սպասում, ասում են` Արայիկ, խի՞ չես լահմաջո բերում»:

Այսօր Թորոսյանի լահմաջուանոցը աշխատանքով է ապահովում 7 մարդու և կերակրում է ավելի շատերին: Լահմաջուանոցին կից ապրում են նաև 60 աղավնիներ. սերն աղավնիների նկատմամբ Թորոսյանին ժառանգություն է մնացել հորից:

Երկրորդ հարկի հաճախորդները հաճախ լահմաջուն են ուտում աղավնիների թևերի թփթփոցի տակ:

«Աղավնի պահելը նարկոտիկի պես բան ա,- ասում է Թորոսյանը: - Չես կարում կտրվես: Հետո` ամեն աղավնի իր պատմությունը ունի»:

Ճիշտ ինչպես 17 դոլարով գործ սկսած բիզնեսմենը...