Վայրի, վայրի Արևելք. հանդիպում Հայաստանի Շերիֆ Աբոյի հետ

Նրա երկարաճիտ կոշիկների կրունկների շրխկոցն ու մետաղյա պարագաների զրնգոցը միաձուլվելով` ստեղծում են կոշկային սիմֆոնիա, որի մաժորային հնչյունները, տիրոջից առաջ ընկած, տարածվում են Երևանի կենտրոնական փողոցներով, և անցորդների հայացքները բևեռում տարօրինակ հանդերձանքով քայլող սպիտակահեր տղամարդու վրա:

67-ամյա տղամարդը Շերիֆ Աբոն է` դե ֆակտո` Հայաստանի միակ շերիֆը:

Դե յուրե` Հայաստանում շերիֆներ չեն լինում:

Պարզապես երևանցի Ալբերտ Սիմոնյանը նման տեսք ընդունելով` արտահայտում է իր հոգու ճիչը, որի պատճառը 1960-ականների հոլիվուդյան հանրահայտ վեսթեռններն են:

Եվ այսպես, «Միայնակ գայլը» ֆիլմի դերակատար Չակ Նորիսի նման, բայց Մարլբորոյի երկրից հազարավոր մղոններ հեռու, Շերիֆ Աբոն մենակ և կարծես մտքերով «այնտեղ»` քայլում է Նոյի բիբլիական երկրի մայրաքաղաքի փողոցներով:

Նրա կովբոյական դանդաղ քայլքին պակասում է միայն խարույկի շուրջը տարածվող շրթհարմոնի մեղեդին, որը կարծես ուղեկցում է այս պատմությունը:

Մոտ քսան տարի է` Շերիֆ Աբոն աշխատում է իր «իմիջի» վրա: Փորձում է յուրաքանչյուր քայլ անել այնպես, ինչպես կանեին Քլինթ Իսթվուդի («Էլդորադո»` 1966 թ., «Քուգանի բլեֆը»` 1968 թ., «Ջո Քիդը»` 1972 թ.) և «Հրաշալի յոթնյակի» (1960 թ.) իր սիրած հերոսները:

Կրում է լայնեզր գլխարկ, գունեղ վերնաշապիկներ` կաշվե բաճկոնով, ջինսե հոլիդեյ տաբատ, խիստ ուշագրավ երկարաճիտ կոշիկներ ու արևային ակնոց:

«Այս շորերով ինձ շերիֆ եմ զգում,- ասում է Աբոն: - Այսպես հոգիս հանգիստ է: Միշտ սիրել եմ կովբոյների մասին կինոներ և հիացել եմ դրանցով: Աշխատել եմ նմանվել նրանց և սարքել այն պարագաները, որ ֆիլմերում նրանք կրում են»:

Ճերմակամորուս շերիֆի պարագաներից են.

Շերիֆի աստղ` գլխարկին, վերնաշապիկին` երկու մեդալ, պարանոցից կախված փայլուն մեծ խաչ և ձիու պատկերով կախազարդ, մեծ ոսկե մատանի, իսկ գոտու ճարմանդին պոզավոր ցուլի ոսկեփայլ գլուխ է: Գրպանում միշտ մետաղե ծխախոտատուփ ունի, թեև «Մարլբորոյի երկրի» սիրահարը չի ծխում:

Կողքից կախված է նաև գազի ատրճանակը: Այն օրինական է:

«Ամերիկայում այսպիսի բաներ չկան: Իմ ունեցածը շատ ավելի լավն է,- հպարտությամբ ասում է Աբոն: - Միշտ կատարելագործել եմ: Սապոգներիս վրա դաջել եմ «Ալբերտ» ու «Շերիֆ», իսկ կրունկների միջից դանակներ են դուրս գալիս: Ամեն ինչ հարմարեցրել եմ իմ հոգեվիճակին և արել եմ այնպես, որ դրանք լինեն միակ ու անկրկնելի»:

Եվ, միգուցե, նման հոգեվիճակն իր հիմքերն ունի:

«Մայրս փոքրուց ինձ մոդայիկ էր հագցնում: Հագնվում էի անգլիական ոճով. ունեի կիսատաբատ, գեղեցիկ վերարկու և կեպի»,- պատմում է նա` ցույց տալով սև-սպիտակ լուսանկարները:

Մի քանի տարի առաջ Աբոն «գործընկեր» ուներ Երևանում: Դա երևանցի Շերիֆ Անդոն էր կամ Անդրանիկ Մարտիրոսյանը` կրկին «Միայնակ գայլի» երկրպագու:

Արկածների սիրահար տղամարդիկ պատահաբար էին հանդիպել և հաճախ էին շփվում: Բայց 2003-ին Շերիֆ Անդոն մշտական բնակության մեկնեց Չիկագո` ԱՄՆ:

Աբոն նույնպես եղել է ԱՄՆ-ում: Մարլբորոյի ոգով ապրող այս մարդը խոստովանում է, որ ամերիկյան առօրյան հեռու է կովբոյական ֆիլմերից: Ասում է, օրինակ, որ վերաբերմունքն ամուսնու նկատմամբ անհարգալից է:

«Այնտեղ կանայք մի տեսակ ազատամիտ են: Նրանք կարող են ցանկացած տղամարդու հետ ժամանակ անցկացնել, հետո վերադառնալ ամուսնու մոտ,- պատմում է նա: - Դա հայերի համար խորթ է: Ճիշտը էն է, որ քոնը` քոնը պիտի լինի, ու վերջ: Ինչպե՞ս կարող է տղամարդը հանդուրժել, որ իր սիրած էակն ուրիշին սիրի»:

(Շերիֆը երկու անգամ ամուսնացած է եղել: Բայց որպես իսկական կովբոյ` չի խոսում թե ինչու է հիմա մենակ ապրում: Սակայն սիրով խոսում է որդու և երկու դուստրերի մասին և հպարտանում է, որ պապիկ է:)

Մի երկու անգամ մահից է պրծել: Երկու անգամ ավտովթարի է ենթարկվել և ծանր վիրահատություն է տարել, մասնավորապես` հեռացրել են լեղապարկը:

Երբ ասում է, որ լեղապարկը հեռացված է, քթի տակ քրթմնջում է. «Չակ Նորիսի լեղապարկն էլ են հեռացրել»:

Աբոն աշխատել է տարբեր հիմնարկներում: 90-ականներին փոքրիկ խորտկարան է ունեցել:

Ինչպե՞ս է այսօր գլուխը պահում:

«Յոլա եմ գնում»,- նորից հայտնվում է կովբոյը:

Հիմա մտադիր է պանդոկ բացել, ինչպես ֆիլմերում. փոքր աթոռներով ու փայտե սեղաններով` հանդուգն տղամարդկանց համար, որտեղ միայն գարեջուր ու խաշլամա կմատուցեն:

Այժմ նրա անբաժան «Նիսսան» ջիպը նորոգվում է, որից հետո «միայնակ գայլը», մեքենայի հալոգենները միացրած, կրկին կշրջի գիշերային Երևանի փողոցներով: