Մարիի պատմությունը. «արյան կանչը...»

Ակնոցի հետևում արցունքից փայլող աչքերը նայում են հեռուն: Մարի Դավթյանը ձեռքով շոյում Է հոր լուսանկարն ու հիշում մանկության դառն օրերը:

«Ես ու հայրս աշխարհում մեն-մենակ էինք մնացել. խեղճ հայրս կորցրել էր երեք քույրերին, երկու եղբայրներին ու իմ գեղեցիկ, ջահել մորը»,- հիշում է 95-ամյա Մարին:

1915 թվականի եղեռնը Մարի տատիկի համար սկսվեց մոր մահով: «Հինգ տարեկան էի, մայրս էլ` ջահել, 18-19 տարեկան, շատ սիրուն: Գիշերով գնաց, որ ծնողներին հրաժեշտ տա. առավոտյան պիտի գաղթեինք: Հենց դռան մոտ թուրքերը բռնեցին, սկսեցին քաշքշել, աղմուկի վրա պապս ու տատս դուրս եկան, որ փրկեն: Բոլորին տեղում սրախողխող արեցին»:

Մայրն այդպես էլ մնաց հարազատ Սեբաստիայում, իսկ ինքն ու հայրը բռնեցին գաղթի ճամփան:

«Երազի նման հիշում եմ` սարսափելի սոված ու հոգնած էի, ոտքերս ուռած, արյունոտ, անընդհատ լացում էի` մորս էի ուզում»:

Մանկության հուշերի մեջ մայրը մնաց որպես երազ` գեղեցիկ ու անհասանելի, որ թվում էր` ուր որ է դուրս կգա գաղթականների միջից ու կփրկի իր մանկանը:

«Որ շատ էի լացում, հայրս ասում էր` հեսա մաման կգա, կհասնի մեզ: Ու ես հավատում էի»,- ասում է Մարին և նրա բարի թախծոտ աչքերն անշարժանում են հեռվում` այնտեղ, որտեղ կորան մանկության հուշերը:

«Ջահել աղջիկներն այդ ժամանակ ամեն ինչ անում էին, որ գեշանան. թուրքերը ճրագը հերթով մոտեցնում էին կանանց. ով սիրուն էր լինում` տանում էին: Հարսիս տատը պատմում էր, որ իր քրոջն էլ էին ուզում տանել. աչքի առաջ երեք տարեկան երեխային ցորենի աղորիքով աղացել էին, ինքն էլ թուրքերի ձեռքը չընկնելու համար իր երկար մազերով իրեն կախել էր»:

Ձայնը դողում է, մի պահ լռում է, ապա շարունակում. «Մենք փրկվեցինք, նավ նստեցինք ու հասանք Հունաստան»:

Կյանքի ու մահվան բովով անցած գաղթականները նոր կյանք են սկսում Հունաստանում: Այստեղ հայրն ամուսնանում է, մորը կորցրած երեխան վերագտնում է մայրական ջերմությունը:

«Դեռ նոր էինք դարմանել եղեռնի վերքերը, սկսվեց նոր պատերազմ` Երկրորդ համաշխարհայինը: Ռմբակոծություն, սով, օրերով նկուղների մեջ էինք, բայց էդ ահավոր օրերին ես ամուսնացա: Տան պատուհանները շորերով փակած, կիսամթի մեջ հարսանիք արեցինք: Եթե լույս վառեինք, կռմբակոծեին»,- ծիծաղով հիշում է ջահել օրերի հերոսությունը:

Եղեռնից փրկված ընտանիքը 1947-ին վերադառնում է հայրենիք, տուն-տեղ դնում, զավակներ ու թոռներ մեծացնում:

Այդուհանդերձ, Մարի տատիկի համար հրաշքը ոչ թե եղեռնից փրկվելն էր, այլ հորաքրույրերին գտնելը: «Հայրս շատ էր մտածում քույրերի ու եղբայրների մասին, չգիտեր` կենդանի մնացի՞ն, թե՞ մորթվեցին:

Մի հարևան ունեինք, գիտեր մեր պատմությունը: Գործով մեկնում է Ֆրանսիա: Իրեն հյուրընկալողի տանը հայեր են հավաքվում, խոսում եղեռնից: Մեկն ասում է, որ եղբորն է կորցրել` Օնիկ անունով, չգիտի` մահացե՞լ է, թե՞ չէ: Ազգանունը ճշտելով` հորաքույրերս հասկանում են, որ գտել են դեռ մանուկ հասակում կորցրած իրենց մեծ եղբորը»:

Քույրերի ու եղբոր հանդիպումը քառասունհինգ երկար ու ձիգ տարիներ անց տեղի է ունենում 1960 թ. Երևանում:

«Երբ ինքնաթիռից մարդիկ սկսեցին իջնել, պապս ասաց. «Հեն ա իմ քույրը»: Թռավ արգելքների վրայով ու վազեց դեպի ինքնաթիռը,- պատմում է Մարի տատիկի որդին` Հովհաննես Դավթյանը: - Ողջ օդանավակայանը լացում էր: Դեմքը չէր հիշում, բայց ասում էր` արյունս քաշեց, զգացի, որ իմ քույրն ա»:

Մարի տատը ձեռքով շոյում է հոր և վերագտած հորաքրոջ նկարն ու երջանիկ ասում. «Լավ է, որ գտան իրար, գոնե հանգիստ մեռան»:

Իր հոգու հանգստությանը Մարի տատը դեռ սպասում է` հավատով, որ «Թուրքիան կընդունի իր արածը: Ո՞նց թե` ցեղասպանություն չի եղել: Բա մենք հո երազ չե՞նք տեսել, բա իմ մորն ո՞վ սպանեց…»: