Ատլանտայից` Էջմիածին. փոքրիկ ճանապարհորդը երկրներ է կտրում, որպեսզի հասնի Հայաստան

Ֆլորա Խաչատրյանն առաջին անգամ տեսավ իր նոր «դստերը»` ութամյա Վանեսային, «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ նա դժվարությամբ քարշ էր տալիս ծանր ճամպրուկը, ու սիրտը լցվեց մայրական ջերմությամբ:

«Աստված ջան, ո՞նց եմ պահելու այս աղջկան,- մտածեցի ինքս ինձ: - Ո՞նց են ծնողները համաձայնել ուղարկել նրան օվկիանոսից այս կողմ: Բա որ չհարմարվի՞, բա որ կարոտի՞, բա որ չմնա՞»,- հիշում է Ֆլորան:

Սակայն բոլոր «բա որ»-ներն անհետացան, երբ Վանեսան կանգնեց նրա առջև, ասաց «Hay, I am Vanessa» ու ամուր գրկեց նրան:

Վանեսայի ծնողները` Քարեն և Չարլզ Սփրեդլինները, իրենց համար բացահայտեցին Հայաստան աշխարհը մեկ տարի առաջ, երբ հյուրընկալեցին Ֆլորայի 17-ամյա աղջկան` Աննա Գասպարյանին: Աննան մեկնել էր Ջորջիայի նահանգ` Ատլանտա, սովորելու ամերիկյան «Ֆլեքս» ծրագրով:

«Սփրեդլիններն առաջին անգամ ինձնից իմացան մեր երկրի մասին: Զարմացել էին, երբ ասացի, որ Էջմիածնում հինգ եկեղեցի կա»,- պատմում է Աննան:

Նրանց դուր էր գալիս Աննայի հայկական դաստիարակությունը, հատկապես` լեզուների իմացությունը: Եվ երբ փոքրիկ Վանեսան Հայաստան գալու ցանկություն հայտնեց, որոշեցին չընդդիմանալ:

«Այնքան էի կապվել Աննային, որ մտածում էի, եթե գնա` կկարոտեմ, ու հենց այդ պահին էլ ասացի, կարելի՞ է ես էլ գամ»,- կիսատ-պռատ ռուսերենով պատմում է Վանեսան:

Աննան Հայաստան վերադարձավ հունիսի 22-ին: Հաջորդ օրը դիմավորեցին Վանեսային:

«Փողոցում բոլորն անհամբերությամբ մեր ամերիկուհի հյուրին էին սպասում, հատկապես երեխաները: Պատկերացնում եք` առաջին օրն առավոտյան արթնացավ ու գիշերանոցով դուրս եկավ բակ: Երեխաները սկսեցին բղավել` Վանեսա, Վանեսա: Աղմուկից վախեցած` բարձրացավ մեր տան անավարտ երկրորդ հարկ, որտեղ շինանյութ է լցված, ու սկսեց քարերով հարվածել երեխաներին: Հասկացանք, որ պաշտպանվում է»,- պատմում է Ֆլորան:

Աննայի հայրը` Հայկ Գասպարյանը, ասում է, որ, ի տարբերություն հայ երեխաների, Վանեսան կաշկանդված էր անվտանգության բարդույթով, որը խանգարում էր ազատ շփվել երեխաների հետ, բայց հիմա փոխվել է:

Սփրեդլինները Վանեսայի հետ Հայաստան են ուղարկել նոտարի կողմից վավերացված փաստաթղթեր, որոնց համաձայն աղջկա ժամանակավոր ծնողներն են Հայկը և Ֆլորան: Նրանք մասնագիտությամբ մանկավարժ են: Վանեսան նրանց դիմում է «մամջան, պապջան»:

Շիկահեր ու կապուտաչյա փոքրիկ ամերիկուհին սովորում է Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի դպրոցի ռուսական երրորդ դասարանում: Ծնողների երազանքն իրականացել է. Վանեսան հիմա ազատ կարդում ու գրում է ռուսերեն:

Աննան ասում է, որ Սփրեդլինները մոլի կաթոլիկ են: Ամեն կիրակի գնում են եկեղեցի, մինչև ընտանիքի բոլոր անդամները չհավաքվեն, չեն ճաշում: Ուտելուց ու քնելուց առաջ աղոթում են: Վանեսան պահպանում է այդ սովորությունները, բայց նաև ձեռք է բերել որոշակի ազատություն, քանի որ այստեղ շատ բան նրան թույլատրվում է:

Գիրք է գրել հայկական մշակույթի մասին: Հիացած է լեռներով, որոնք նմանեցնում է հայկական քոչարի պարին: Սիրում է խաչապուրի ու խորոված:

Ֆլորային դուր է գալիս Վանեսայի ինքնավստահության հասնող ինքնուրույնությունը: «Փողոցն անցնելիս եթե ասես` զգո’ւյշ, կանգնում է ու ասում, որ ինքը գիտի»,- ասում է Ֆլորան:

Նրա պահանջով նոր ընտանիքում տանը չեն ծխում:

«Մենք զարմացած ենք, թե ինչպես է պայքարում է իր իրավունքների համար: Դա բացակայում է մեր երեխաների մեջ,- ասում է Ֆլորան: - Երբ շատ հյուրեր ենք ունենում, որոնք ծխում են, մտնում է սեղանի տակ ու այնտեղից հայտարարում, որ այդպես ավելի քիչ կթունավորվի»:

Աննան կարծում է, որ Վանեսան չափազանց փոքր էր նման բաժանման համար, բայց ուժեղ կամք է ցուցաբերում: Արդեն հինգ ամիս է հեռու է ընտանիքից և նախատեսում է ևս հինգ ամիս մնալ:

Ֆլորան խոստովանում է, որ հարազատ երեխաների հանդեպ այնքան ուշադիր չի եղել, որքան Վանեսայի:

«Ուզում եմ ամեն ինչ տեղը տեղին լինի: Օտարի երեխա է, հանկարծ տրամադրությունը չընկնի, ախր, մեծ պատասխանատվություն է: Երբ հիշում եմ, որ ապրիլին մեկնելու է, շատ տխրում եմ, շատ ենք կապվել նրան»,- ասում է նա: