Տեսախցիկ` խախտողների դեմ. փողոցային երթևեկությունը կհսկեն ավտոմատացված համակարգերը

2007 թվականից Երևանի փողոցային երթևեկությունը հսկող պետավտոտեսուչներին կփոխարինեն տեսախցիկներով ավտոմատացված համակարգերը:

Մայրաքաղաքի 9 մեծ հրապարակներում և դրանց հարող փողոցներում ու խաչմերուկներում կտեղադրվեն 214 տեսախցիկներ և արագաչափեր, որոնք կգրանցեն ճանապարհատրանսպորտային խախտումները:

«Հաշվի առնելով ճանապարհատրանսպորտային պատահարների և տրանսպորտային միջոցների թվաքանակի աճը` անհրաժեշտություն է առաջացել ճանապարհային երթևեկության անվտանգության, հասարակական կարգի և անվտանգության պահպանման աշխատանքներում լայնորեն կիրառել տեխնիկական արդիական միջոցներ»,- նշում է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը:

Ավտոմատացված համակարգերի ներմուծումն ամենից շատ կուրախացնի, հավանաբար, վարորդներին, քանի որ գործող պատժաչափերի որոշման կամայական համակարգը սովորաբար ստիպում է նրանց 1000-1500 դրամ վճարել ավտոտեսուչներին:

(Այն վարորդներին, որոնք հրաժարվում են վճարել հիմնականում միայն տեսուչի խոսքով հաստատված «տուգանքը», սպասում է մինչև 20000 դրամ վարչական տուգանք: Այդ պատճառով էլ վարորդների մեծ մասը, թեև դժկամությամբ, բայց վճարում է տեղում:)

Արդեն 40 տարի տաքսու վարորդ աշխատող 67-ամյա Մերուժան Մկրտչյանը չի պատկերացնում, որ վերջապես կազատվի ավտոտեսուչի հետ սակարկելու անհրաժեշտությունից:

«Էսօր Հայաստանում ընդունված է, որ խախտում անես թե չէ, միևնույն է, պետք է մի 1000-1500 դրամ տաս ոստիկանին, որ ակտ չգրի: Ու մենք` վարորդներս, ստիպված ենք լինում տեղի-անտեղի փող տալ, քանի որ անմեղ լինելդ ապացուցելու ձև չկա: Գուցե տեսախցիկների միջոցով կարողանանք պաշտպանել մեր իրավունքները»,- ասում է Մկրտչյանը:

Ոստիկանության պետավտոտեսչության բարեփոխումների ծրագիրը սկսվել է այս տարի և կավարտվի 2010 թվականին:

Բարեփոխումները կընթանան 3 փուլով: 1-ին փուլում (2005-2006 թթ.), որի համար հատկացված է 1,5 մլն դոլար, նախատեսվում է ձեռք բերել ու տեղադրել ավտոմատացված համակարգեր, ինչպես նաև ստեղծել կենտրոնական կառավարման կետ:

Այս փոփոխությունների շրջանակներում արդեն 100-ով կրճատվել է պետավտոտեսուչների թիվը: Ոստիկանությունում հրաժարվեցին հայտնել, թե այժմ քանի պետավտոտեսուչ է աշխատում Հայաստանում և քանիսով կկրճատվի նրանց թիվը մինչև բարեփոխումների ծրագրի ավարտը` պատճառաբանելով, թե դրանք գաղտնի տեղեկություններ են:

«Ավտոմատացված համակարգերի տեղադրման դեպքում տեսուչի անհրաժեշտությունը կվերանա,- ասում է Հունանյանը: - Թե վարորդների, թե հետիոտների խախտումները կֆիքսվեն համակարգի կողմից: Դրանց քննումից հետո կորոշվեն պատիժները, բայց դեռ որոշված չէ, թե ինչ մեխանիզմներով և ինչ պատիժներ»:

Բարեփոխումների 2-րդ փուլին (2007-2008 թթ.) հատկացված է 2,5 մլն դոլար: Այս փուլում նախատեսվում է արագաչափեր տեղադրել նաև միջպետական ճանապարհահատվածներում և ձեռք բերել ձնագնացներ (ըստ երևույթին, ձմռանը դժավարամատչելի ճանապարհներին կարգ ու կանոն հաստատելու համար):

Վերջին փուլը (2009-2010 թթ.) կպահանջի 3 մլն դոլարի ներդրում` Գյումրի, Վանաձոր և Էջմիածին քաղաքներում երթևեկության վերահսկման համակարգեր տեղադրելու համար: Այս փուլում ոստիկանությունը ձեռք կբերի նաև 2 ուղղաթիռ:

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնը նույնպես կարևորում է ավտոմատացված համակարգերի ներդրումը:

«Տեսանկարահանման միջոցով հնարավոր կդառնա գրանցել խախտումը, հետևաբար կլինեն փաստացի ապացույցներ,- ասում է կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: - Այսպես կգործի անմեղության կանխավարկածը, և վիճելի հարցերը կկարգավորվեն օրինական դաշտում: Համոզված եմ, որ կաշառքների թիվը կնվազի, վարորդներն էլ ավելի քաղաքակիրթ շփում կունենան ոստիկանության հետ»:

Հովհաննիսյանը, սակայն, կարծում է, որ բարեփոխումներն անհնար են, եթե Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում համապատասխան դրույթներ չավելացվեն:

«Անպայման պետք է ընդունվի օրենք այդօրինակ տեսանկարահանման վերաբերյալ,- ասում է Հովհաննիսյանը: - Ամեն քայլ պետք է սահմանված լինի օրենքով. ինչպես կարող են բողոքարկել վարորդները, երբ պետք է ջնջվեն տեսանյութերը... Ի վերջո, նկարահանմամբ ներխուժում է կատարվում մարդու անձնական կյանք. պետք է կանոնակարգել ամեն ինչ»: