Սևակը` սրտում. հայ մեծ բանաստեղծի երկրպագուն` Սևակի սրտի պահապան

Սևակի սրտի պահապան ու նվիրյալ Աշոտ Թադևոսյանը
… « Եղիցի լույսով» ավետում էիր լույս,

Մոսկովյան գայլերն քեզ ասեցին` սուս,

Իմ անուշ Պարույր, որ Սևակ դարձար,

Պահում եմ սիրտդ ավելի քառորդ դար,

Եվ դեռ կպահեմ, քանի շնչում եմ,

Մոլորված գառ եմ առանց քեզ, ի՞նչ անեմ:

Այս տողերի հեղինակը հայ մեծանուն բանաստեղծներից մեկի` Պարույր Սևակի մտերիմ ընկեր ու մեծ երկրպագու Աշոտ Թադևոսյանն է: Սևակն իր պոեզիայով գերել էր նրա սիրտը:

Իսկ նա բառիս բուն իմաստով գողացավ Սևակի սիրտը:

«Սևակը մեծություն էր, և նրա տեղը մեր բոլոր մեծերի կողքին` Պանթեոնում է [գերեզմանոց Երևանում, որտեղ թաղված են նշանավոր հայերը]: Երբ իմացա, որ Կենտկոմը որոշել է թաղել նրան հարազատ գյուղում, մտածեցի` սիրտը վերցնեմ, որ հետագայում թաղեն Պանթեոնում»:

77-ամյա իրավաբան, նախկին դատավոր Աշոտ Թադևոսյանը Սևակի մասին խոսելիս հուզվում է, խմում նրա կենացն ու հիշում 1971 թվականի հունիսի 17-ի սարսափելի օրը, երբ լսեց, որ բանաստեղծը մահացել է ավտովթարում:

«Տեղս չէի գտնում, հասկանում էի, որ գլուխը կերան ու հիմա էլ անամոթաբար չեն ուզում Պանթեոնում թաղել: Վճռեցի անպայման ձեռք բերել Սևակի սիրտը, պահել այնքան ժամանակ, մինչև համաձայնեն տեղ տալ Պանթեոնում»,- պատմում է Թադևոսյանը:

Մտադրությունն իրագործելու համար 3 օր ու գիշեր Թադևոսյանն անցկացնում է դիահերձարանի մոտ: Ինչպես ինքն է ասում` ծխախոտի, կոնյակի ու արցունքների ընկերակցությամբ:

«Հերձում էին երեք բժիշկ, դուռը հաճախ բացվում էր, ու կախված սավանի հետևից երևում էին Սևակի և կնոջ մարմինները»:

Երկրպագուն անհամբեր սպասում էր հարմար պահի, որ իր տարօրինակ խնդրանքով մոտենա բժշկին:

«Հանկարծ նկատեցի, որ բժիշկը հանել է Պարույրի սիրտը: Օգտվելով դատավորի իմ հեղինակությունից` մտա ներս, խնդրեցի բոլորին դուրս գալ ու մոտեցա սիրտը ձեռքում պահած բժշկին»,- հիշում է Թադևոսյանը:

«Բժիշկը ոչ մի կերպ չէր համաձայնում, ասում էր` դատավոր մարդ ես, ինձ դատի առա՞ջ ես ուզում կանգնեցել: Հուզմունքից ինձ կորցրել էի: Սևակի գլուխը բռնած` նրա անունից էի խնդրում, որ տա սիրտը: Պառկեցի արյունոտ հատակին ու ոտքերն ընկած սկսեցի աղաչել»:

Բժիշկը տեղի տվեց միայն այն ժամանակ, երբ Թադևոսյանը ձեռքը տարավ գրպանը, որքան փող կար` հանեց. կաշառքով նա ստացավ Սևակի ազնիվ ու մաքուր սիրտը:

Պաշտելի բանաստեղծի սիրտը Թադևոսյանը 10 տարի պահեց իր տանը` Սևակի անկյունում` ծաղիկներով ու նկարով զարդարված, որտեղ մշտապես վառվում էին մոմերը: Հետո տեղափոխեց իր աշխատավայր, որտեղ ավելի շատ ժամանակ էր անցկացնում, և Սևակը մշտապես իր կողքին էր:

«Աչքիս առաջ նրա վերջին գիրքն է`«Եղիցի լույսը», որն այդպես էլ չտեսավ: Սևակի մահված պատճառը հենց այդ ժողովածուն էր: Միայն վերնագրի հաստատումը 6 ամիս տևեց. պատմում էր, որ իրեն առաջարկել են ժողովածուն վերնագրել «Իլյիչի լապտերներ»,- ասում է Թադևոսյանը:

«1971-ին հրատարակված «Եղիցի լույսը» տողացի թարգմանվել և ուղարկվել էր ուղիղ հայատյաց Սուսլովին [բրեժնևյան ժամանակների ՍՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ, որը գաղափարախոսական գծով պատասխանատուն էր], որն էլ արգելել էր գրքի տարածումը: Իսկ մի քանի ամիս հետո Սևակին հավերժ լռեցրին»:

Թադևոսյանը նորից հուզվում է, գլուխն առնում ափերի մեջ ու դողացող ձայնով ասում. «Ախր, Սևակն իմ ցավն է, 34 տարի չեմ հաշտվում նրա կորստի հետ: Չեմ հանգստանա, մինչև սիրտը չթաղեմ»:

Անցել են խորհրդային տարիները, բայց Թադևոսյանն այդպես էլ չի կարողանում իշխանություններին համոզել, որ Սևակի սիրտը Պանթեոնում թաղեն:

«Զգալով, որ մենակ անկարող եմ այս հարցը լուծել` սիրտը հանձնեցի Գրականության թանգարան, հետո տեղափոխեցի Ցեղասպանության թանգարան, որոնց տնօրենները բազմիցս դիմել են համապատասխան մարմիններին, բայց ապարդյուն»,- ասում է Թադևոսյանը:

«Սևակիս անհանգիստ սիրտը կարոտ է հանգստի. կյանքում տանջվեց, հիմա էլ են տանջում»:

Մի խումբ հայ մտավորականներ` Սիլվա Կապուտիկյանը, Զորի Բալայանը, Սոս Սարգսյանը և այլք, մի քանի տարի առաջ հանդես եկան բաց նամակով` խնդրելով բանաստեղծի սիրտը թաղել Պանթեոնում:

Գրող Զորի Բալայանը գրում է. «Ինչքան սառնասիրտ պետք է լինել, որպեսզի չարձագանքել մեծ բանաստեղծի դեռ շարունակվող տնքոցներին: Այս հարցը չլուծելը մեղք է»:

Թադևոսյանն արդեն հույսը կորցրել է, վախենում է` չհասցնի տեսնել սիրելի բանաստեղծի շիրիմը Պանթեոնում: Միակ մխիթարությունն իր գրած գիրքն է` «Սևակն իմ սրտում և հուշերում», որը շուտով լույս կտեսնի:

«Եթե մինչ իմ մահը Սևակս տեղ չունենա Պանթեոնում, տղայիս ասել եմ, որ իմ սրտի վրա դրած Սևակի սիրտն էլ թաղեն ինձ հետ»: