Մաքուր օդ Արարատին. ՀԿ-ներին խրախուսում են մաքրել «փոշոտ քաղաքը»

Մոտ երկու շաբաթից Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը (ՏԲԿ-Կովկաս) 14 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ կտրամադրի Արարատ քաղաքի ՀԿ-ներից մի քանիսին` արդյունաբերական այս քաղաքում բնապահպանական ծրագրեր իրականացնելու նպատակով:

Հաշվի առնելով, որ նույն կազմակերպությունը նույն նպատակներով վերջերս 20 հազար դոլար դրամաշնորհ էլ տրամադրել էր Արարատի քաղաքապետարանին, ապա Արարատի համար նոր տարին կլինի կանաչ ապագայի սկիզբ, որին քաղաքի յուրաքանչյուր բնակիչ սպասում է արդեն տասնյակ տարիներ:

Մայրաքաղաքից 42 կմ հեռավորության վրա գտնվող արդյունաբերական այս քաղաքը, բացի արդյունաբերական ձեռնարկությունների հետևանքով առաջացած բազմաթիվ խնդիրներից, վերջին տասնհինգ տարիներին կուտակել է նաև կենցաղային մի շարք լուրջ խնդիրներ` կապված ջրամատակարարման, թափոնների և կանաչ գոտիների նվազման հետ:

Արարատ քաղաքը հիմնադրվել է 1931 թվականին ցեմենտի գործարանի բազայի հիման վրա: Այնուհետև այստեղ կառուցվել են նաև ոսկու կորզման ֆաբրիկա և շինանյութ արտադրող մեկ տասնյակ ձեռնարկություններ:

Քաղաքի առաջին ծնունդը և տարեկիցը 74-ամյա Կիմա Սարգսյանն է, երբ քաղաքն ընդամենը գործարանային ավան էր: Ցեմենտի գործարանի հիմնադիր բանվորի դուստր Կիման այսօր գերազանց հիշում է քաղաքի կառուցումը:

«Սա մի ամայի տարածք էր,- ասում է Կիման: - Հիշում եմ` ինչպես կառուցվեցին առաջին դպրոցը, բնակելի շենքը, իսկ բժիշկ Վարազդատը հիմնեց հիվանդանոցը»:

Արարատը Հայաստանի այն արդյունաբերական բնակավայրերից է, որը փաստորեն ստեղծվեց հանրապետության բարգավաճման և կառուցապատման համար, բայց արդյունքում դա արվեց քաղաքի շրջակա միջավայրի աղտոտման և բնակիչների առողջության հաշվին:

Ըստ բնապահպանության նախարարության մոնիտորինգի կենտրոնի տվյալների` Արարատ քաղաքում փոշու քանակն այսօր գերազանցում է թույլատրելի սահմանային խտությունը մոտ 10 անգամ:

Թեպետ քաղաքի ձեռնարկություններն աշխատում են ընդամենը 10-15 տոկոս հզորությամբ, անկախ փորձագետները հավաստիացնում են, որ քաղաքի օդային ավազանի հիմնական աղտոտողը հենց արդյունաբերական ձեռնարկություններն են:

Օրինակ` ցեմենտի արտադրության ընթացքում մթնոլորտ է արտանետվում ոչ միայն ցեմենտի փոշին, այլ նաև օգտագործվող հումքի 10 տոկոսը:

«Քաղաքի բոլոր ձեռնարկություններում պետք է տեղադրվեն մաքրման կայաններ,- ասում է ՏԲԿ-Կովկասի փորձագետ Դշխուհի Սահակյանը: - Այս պահին, որքան գիտեմ, ոչ մի ձեռնարկություն ոչ կեղտաջրերի մաքրման կայան ունի, ոչ էլ ֆիլտրեր»:

Օդի աղտոտվածության հետևանքով մոտ 26 հազար բնակիչ ունեցող քաղաքում զգալի թիվ են կազմում սրտանոթային և շնչուղիների հիվանդություններից տառապող մարդիկ: Սրանց մեծ մասը ցեմենտի, ոսկու, կրի և ասբոշիֆերի գործարանների նախկին ու ներկա աշխատողներ են:

Այս խնդիրները հաշվի առնելով էլ ՏԲԿ-Կովկասը 2003 թվականին ընտրեց Արարատ քաղաքը, որպես Հայաստանի առավել խոցելի բնակավայրերից մեկը` նպատակ ունենալով այստեղ իրականացնել բնապահպանական երկարաժամկետ ծրագրեր:

Նման ծրագիր ՏԲԿ-Կովկասն իրականացնում է հարևան Վրաստանի Քութաիս և Ադրբեջանի Գյանջա քաղաքներում:

«Արարատը մրցութային կարգով ընտրվեց Հայաստանի 11 քաղաքներից, որոնցից յուրաքանչյուրն ունի էկոլոգիական սուր խնդիրներ, սակայն ի տարբերություն մյուս քաղաքների` Արարատում տեղական մարմիններն ու ՀԿ-ները պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու խնդիրների լուծմանը, առանց որի ծրագիրն անարդյունավետ կլինի»,- ասում է ՏԲԿ-Կովկաս ծրագրի մենեջեր Կետի Սամադաշվիլին:

Քաղաքապետարանն ու տեղական ՀԿ-ներն իրենց գործողություններում առաջնորդվելու են փորձագետների վերջերս կազմած «Շրջակա միջավայրի տեղական գործողությունների ծրագիր» ռազմավարական փաթեթով:

Սա գործողությունների ծրագիր է, որտեղ նշված են քաղաքի շրջակա միջավայրի հիմնախնդիրները և տրված են դրանց լուծումները: Ըստ փորձագետների` այս ծրագիրը հնարավոր է իրականացնել տասնհինգ տարվա ընթացքում, որի արդյունքում առկա խնդիրները զգալիորեն կնվազեն:

Քաղաքապետ Թովմասյանը մի կողմից հակված է հնարավորին շատ աշխատատեղեր ստեղծել քաղաքում` արդյունաբերական ձեռնարկությունների ողջ հզորության վերագործարկման հաշվին, մյուս կողմից քաղաքի բարեկարգման և էկոլոգիական մաքրության ջատագով է:

Բնակիչներն ասում են, որ ավելի լավ է մի քիչ փոշի չնչել, քան ողջ քաղաքով գործազուրկ լինել:

«Փոշին Արարատ քաղաքի համար հարսանեկան զգեստ է դարձել,- կես կատակ-կես լուրջ ասում է քաղաքապետ Թովմասյանը: - Եթե գործարանի փոշին չի բարձրանում, արարատցին անհանգստանում է` հո բան չի՞ պատահել»:

Արարատ քաղաքում, օդային ավազանի աղտոտումներից զատ, այսօր առկա է նաև խմելու և ոռոգման ջրի խնդիրը: Կանաչապատ տարածքներն աստիճանաբար նոսրանում են, իսկ քաղաքի թափոնները բավարար չեն վերահսկվում:

Ստացված դրամաշնորհը կազմում է անհրաժեշտ գումարի ընդամենը մեկ քսաներորդը, սակայն փորձագետները հավաստիացնում են.

«Իհարկե, չափազանց մեծ գումարներ են հարկավոր, որպեսզի ոսկու կամ ցեմենտի գործարաններում ֆիլտրեր տեղադրվեն, բայց գործարանների էկոլոգները շատ լավ տեղյակ են, թե քաղաքի բնակչությունն իրենցից ինչ է պահանջում,- ասում է Սահակյանը: - Եթե քաղաքապետարանը և ՀԿ-ները կարողանան առաջիկայում կանաչ տարածքներն ավելացնել և լուծել քաղաքի ջրամատակարարման ու թափոնների խնդիրները, ապա գոնե կթեթևանան բնակչության կենցաղային հոգսերը»: