Լեզվական տեսողություն. թույլ տեսողությամբ ծրագրավորողը ձեռնամուխ է եղել ինտերնետի հայացման գործին

Եթե այս ծրագիրը շարունակվի, ապա մի քանի ամսից ինտերնետից օգտվողները կստանան օն-լայն ռեժիմով աշխատող անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն անվճար թարգմանիչ ծրագիր՝ շնորհիվ մի հայ ծրագրավորողի, որի համար բառերը կյանք են:

12 տարի առաջ ծրագրի հեղինակ Էդուարդ Մանուկյանը գրեթե լիովին կորցրել է տեսողությունը:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) կոմպյուտերային համակարգերի և ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր և մեքենայական թարգմանությունների լաբորատորիայի վարիչ Մանուկյանը սկսել է աշխատել ծրագրի վրա 2000 թվականին:

«Երբ իմ մտահղացմանը տեղյակ պահեցի ընտանիքիս անդամներին, լուրջ չվերաբերվեցին: Ասում էին` այ մարդ, ավելի լավ է` գնա փող աշխատի: Բայց ես հավատում էի իմ սկսած գործին, ու ինձ համար միևնույն էր, թե ինչ էին ասում կողքիս մարդիկ»,- ասում է նա:

Իր ծրագրի համար Մանուկյանը ճանապարհ է հարթել դեռևս 1970-ականներին, երբ պոլիտեխնիկ ինստիտուտում 50-60 ուսանողներից ու ասպիրանտներից ձևավորել է գիտական խումբ` հավատալով, որ մի օր կյանքի է կոչելու իր գյուտերից գոնե մեկը:

«Եթե 80-ականներին ռուսերենը դուրս էր մղում հայերենը, ապա այսօր նույն բանն անում է անգլերենը,- ասում է Մանուկյանը: - Ամեն ինչ` արդի գրականությունը, ինտերնետը, անգամ շատերի մտածողությունը, անգլերեն է: Ուստի պարզապես անհրաժեշտ էր ստեղծել մի թարգմանիչ ծրագիր, որը կօգներ փրկելու մեր լեզուն»:

Մանուկյանը վատ է տեսնում: Ճիշտ է, բժիշկները դա համարում են փոքր տարիքում ստացած վնասվածքի հետևանք, բայց նրա կարծիքով դրան մեծապես նպաստել է լարված աշխատանքը: Վերջին 10 տարին Մանուկյանն աշխատում է, ինչպես ինքն է ասում, իր «պահապան հրեշտակների» օգնությամբ:

Մանուկյանին օգնում են 15 կամավոր ուսանողներ, ընդ որում, ոչ միայն ՀՊՃՀ-ից, այլև Երևանի պետական, Մանկավարժական, Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարաններից:

«Ճիշտ է, այնքան լավ չեմ տեսնում, որ համակարգչով ինքնուրույն աշխատեմ, բայց իմ էրեխեքը նստում են կողքիս, ես էլ ասում եմ, թե ինչը ոնց անեն: Հիմա կմտածեք` ո՞նց եմ կարողանում: Ամեն ինչ անում եմ մտովի պատկերացմամբ՝ ուղեղումս քարտեզագրելով, կոնցեպտներ մշակելով, հաշվարկելով և այլն»,- բացատրում է Մանուկյանը:

Ուսանողների մի մասն աշխատում է ծրագրի տեխնիկական, մյուսը` լեզվագիտական-թարգմանչական կողմի վրա: Ծրագիրը կատարում է ոչ թե բառացի, այլ իմաստային թարգմանություն: Կոնցեպտների միջոցով արտահայտվող բառիմաստները տրամաբանական շղթա են ստեղծում և տեքստը վերածում համարժեք հայերենի կամ անգլերենի:

«Երբ ֆինանսավորում լինում է, մենք էլ ենք վարձատրվում, բայց, անկեղծ ասած, այս պահին դա ինձ համար այնքան էլ կարևոր չէ: Վստահ եմ՝ մեր արած գործը պիտանի կլինի»,- ասում է ԵՊՀ ուսանողուհի Նարինե Խաչատրյանը, ով մասնակցում է թիմի աշխատանքին որպես լեզվաբան:

Գործն սկսելու պահից ծրագրի հեղինակը փորձել է ֆինանսավորում հայթայթել: Որպես պետական օժանդակություն` ՀՊՃՀ-ն համաձայնել է 3 աշխատակցի համար հաստիքային գումար սահմանել` ամսական 15 դոլար: Բնականաբար, ամսական 45 դոլարով նման ծրագիր կազմելը անիրատեսական էր: Մանուկյանը ստիպված ներդրել է իրեն պատկանող մի ընկերության միջոցները, որի արդյունքում այն սնանկացել է:

2003 թվականին արժանանալով Բաց հասարակության ինստիտուտի և «Եվրասիա» հիմնադրամի 70000 դոլար դրամաշնորհին՝ խումբը վերջապես կարողանում է զինել լաբորատորիան անհրաժեշ տեխնիկայով: Կամավորներն էլ ստանում են առաջին աշխատավարձը:

2005-ին խմբի գործունեությունը խթանում է նաև ՀՀ կառավարությունը` հատկացնելով 1,4 մլն դրամ:

Արդեն լիովին պատրաստ է 10000 բառի սահմաններում գործող թարգմանիչը: Բայց Մանուկյանն իր խմբի հետ ուզում է հնգապատկել այդ թիվը:

Թեև Մանուկյանը սեփական միջոցներ է ներդրել ծրագրի մեջ, սակայն մտադիր է տրամադրել այն անվճար:

60-ամյա Մանուկյանի ամենամեծ մտահոգությունն այլ է. «Վախենում եմ՝ մի օր մեռնեմ, ու պատրաստի կոլեկտիվի կրակը կմարի: Պետք է պետական մակարդակով ստեղծել մեքենայական թարգմանությունների կենտրոն, որն ունենա մշտական ֆինանսավորում և զարգացնի ծրագիրն անկախ անհատներից. ի վերջո, մենք նախատեսում ենք ստեղծել նաև արևմտահայերեն և այլ լեզուների թարգմանիչներ»,- ասում է Մանուկյանը:

Ինտերնետ միության նախագահ Իգոր Մկրտումյանն էլ այն կարծիքի է, որ պետք է կազմվի ազգային ծրագիր, որի իրագործման համար կառավարությունը պետք է սահմանի հստակ բյուջե:

«Նման ծրագիր մշակելու մտահղացում շատերն են ունեցել, բայց ոչ մեկը չի համարձակվել աշխատանքներն սկսել: Այսօր մենք ունենք պատրաստի ծրագիր, որի զարգացումը կհանգեցնի ինտերնետի հայացմանը, ու անկախ լեզվի իմացությունից այն մատչելի կդառնա անգամ հեռավոր մարզերի բնակչությանը»,- ասում է Մկրտումյանը: