Հայկական բարձր տեխնոլոգիաներ. աշխարհի առաջին «խելոք նաբազտագի» հեղինակը ՏՏ հայ մասնագետ է

Պատկերացրեք, որ հասարակական տրանսպորտից օգտվելու համար ճագար եք պահում: Չհասկացա՞ք:

Բացատրեմ, թե ինչի մասին է խոսքը…

Փարիզում մի հայ ստեղծել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) վերջին «խաղալիքը», որին «Թայմ» հանդեսը շնորհել է «21-րդ դարի սիրելի քարաբեկոր» տիտղոսը: Այն արդեն հասցրել է նվաճել «Նաբազտագլենդի» բնակիչների համակրանքը, որոնք սիրահոժար 95 եվրո (մոտ 120 դոլար) են վճարում բարձր տեխնոլոգիական այս նորույթի համար, ընդ որում՝ ավելի արագ, քան արտադրողները կարողանում են բավարարել աճող պահանջարկը:

Այն արդեն հայտնվել է «ՍիԷնԷն»-ի էկրանին, «Էլ» ամսագրի, «Նյու հերալդ թրիբյուն» թերթի և այլ պարբերականների էջերին ու դարձել Ֆրանսիայում անցկացվող ՏՏ համաժողովների մեխը:

Մասամբ՝ խաղալիք, մասամբ՝ վիրտուալ տնային կենդանի, մասամբ՝ ռոբոտ այս սարքը չի կարելի գրկելու ու փայփայելու համար նախատեսված փափուկ խաղալիք համարել, քանի որ 23 սանտիմետրանոց այս «գազանիկը»՝ խողովականման ականջներով ու թարթող լույսերով, ծածկված է պլաստմասսայի կարծր շերտով: Սակայն թարթող ճագարը ջերմ զգացմունքներ է հարուցում ամբողջ Եվրոպայում և հույս ունի շուտով նույնն անել Հյուսիսային Ամերիկայում:

Եթե դուք անթել ինտերնետի մուտք ունեք (ավաղ, Հայաստանում մասնավոր անձինք զուրկ են դրանից), ահա թե Նաբազտագն ինչ կարող է անել ձեզ համար.

  • Զգուշացնել, որ էլնամակ կամ sms եք ստացել, եթե նույնիսկ ձեր համակարգիչը կամ բջջային հեռախոսը ձեզ մոտ չեն:
  • Արթնացնել ձեզ ձեր ուզած հաղորդագրությամբ՝ ձեր ցանկացած լեզվով:
  • Տրամադրել եղանակի տեսություն և բորսային տեղեկություններ:
  • Նվագել ձեր սիրած մեղեդին:
  • Ականջի շարժումով հաղորդակցվել Նաբազտագի այլ տերերի հետ:
  • «Նաբուղերձ» հղել «Նաբազտագլենդի» մյուս բնակիչներին:

Անհրաժեշտությո՞ւն է սա արդյոք: Թերևս ոչ: Հաղորդակցվելու նոր միջո՞ց: Անկասկած:

Եթե մինչև հիմա գլխի չեք ընկել՝ «Նաբազտագը» արևմտահայերեն նապաստակն է:

Իսկ նրա ստեղծողի անունը Րաֆֆի Հալաջյան է:

Բացատրությունները, թե ինչպես է աշխատում այս լիցքավորված ճագարը, ավելի լավ է թողնել www.nabaztag.com-ի մասնագետներին:

Սակայն «ԱրմենիաՆաուին» տված հարցազրույցում հեղինակը շեշտեց ճագարի ակնհայտորեն հայկական ինքնությունը:

«Օրինակ՝ Թաիլանդի բնակիչները նույնիսկ չգիտեն, թե ով է հայը,- ասում է Հալաջյանը, որը ծնվել է Լիբանանում և 1990 թվականից հետո երկու անգամ այցելել է Հայաստան: - Բայց երբ իմանում են, թե ինչու այդ բարձր տեխնոլոգիական նապաստակն այդպիսի տարօրինակ անուն ունի, ինչ-որ բան են իմանում Հայաստանի մասին»:

44-ամյա Հալաջյանը 25 տարի աշխատում է ՏՏ ոլորտում: Նա «Օզոն» և «Ֆլաքսուս» ընկերությունների հիմնադիրն է (վերջինը 2001 թվականին վաճառել է «Բրիթիշ թելեքոմ» ընկերությանը):

Նաբազտագը հայտնվել է շուկայում անցյալ ամռանը և այժմ վաճառվում է Ֆրանսիայի, Բելգիայի և Շվեյցարիայի առաջնակարգ խանութներում: Եվ մինչ այն օրվա անթել հրաշքն է, Հալաջյանը հուսով է, որ նա նաև դեսպան է:

«Սփյուռքում ոմանք ամաչում են իրենց ծագումից և փոխում են իրենց անունը,- ասում է Հալաջյանը: - Սակայն հայերենը ճապոներենից վատ չէ: Ինչո՞ւ նրան հայերեն անուն չտալ, պարզապես անվանել հայերեն բառով»:

Հալաջյանն ընտանիքով Հայաստան է այցելել 2004 թվականին, իսկ այժմ մասնակցում է Գյումրիում անթել ինտերնետ անցկացնելու աշխատանքներին (չնչին բացառությամբ՝ «Մարիոթ Արմենիա», «Ակումբ», Երևանում անթել ինտերնետ չկա):

Եթե Գյումրիի ծրագիրը հաջողությամբ ավարտվի, ապա գյումրեցիները մինչև տարեվերջ կդառնան «Նաբազտագլենդի» բնակիչներ:

Իսկ հիմա պատկերացրեք, որ մի օր հայկական անունով պլաստմասսայե ճագարը կարող է հայտարարել տրանսպորտի գրաֆիկը…

Ըստ Հալաջյանի՝ նախատեսվում է կապել Նաբազտագը Փարիզի հասարակական տրանսպորտի համակարգի հետ: Տեղեկատվության քաղաքային համակարգին միացված Նաբազտագը հնարավորություն կունենա զգուշացնելու տրանսպորտի սպասող ուղևորին իրեն անհրաժեշտ ավտոբուսի մոտենալու մասին:

Հալաջյանն ասում է, որ նապաստակը կունենա ազդանշան և ձայնով կզգուշացնի տիրոջը երկու կանգառ հեռավորության վրա գտնվող ավտոբուսի մոտենալու մասին. «Ավտոբուսը գալիս է, ավտոբուսը գալիս է»:

Իսկ եթե տերը ցանկանա, նաև՝ հայերեն: