Աղետ են որսում. մասնագետների հավաստմամբ` գերորսը սպառնում է Սևանի գեղեցկուհուն

Սև գլխարկը մինչև ականջներն իջեցրած, ցրտից տեղում դոփելով, տղամարդը տեղից տեղ է փոխադրում ձկները՝ փորձելով հաճախորդներին համոզել, որ իր վաճառած սիգն ամենաթարմն ու ամենամատչելին է:

Թեև Սևանի գեղեցկուհին վերջին տարիներին 400 տոկոսով թանկացել է (Երևանում այն վաճառվում է 250-350 դրամով), սակայն շարունակում է մնալ ամենամեծ պահանջարկ վայելող ձկնատեսակը:

«Էս ա մեր կյանքի միակ հույսը,- ասում է Նորատուսից շաբաթը մի քանի անգամ Մալաթիայի շուկա սիգ բերող Թաթոսը: - Ձուկը որ չլնի, Սևանի ժողովուրդը կկոտորվի»:

Հարևան ձկնավաճառը՝ տարեց, գեր մի տղամարդ, պլաստմասսայե մեծ տարայից ափսեով սիգի ձկնկիթ է հանում:

«Սրանից լավ բան չկա,- գովում է նա հաճախորդների մոտ ձկնկիթը: - Ինչքան շատ ուտեք` էնքան լավ»:

Չնայած սիգի ձվադրման շրջանում` նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ձկան որսն օրենքով արգելված է, սակայն նույնիսկ այդ ժամանակ շուկայում հեշտությամբ կարելի է ձուկ գտնել:

Իսկ նման անխնա որսը, գիտնականների հավաստմամբ, վտանգում է սիգի պոպուլյացիան և սիգին ապավինող Սևանի ավազանի բնակչության գոյությունը:

Ամեն տարի ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը հետազոտություններ է կատարում Սևանա լճում, որի նպատակը նաև սիգի ձկնապաշարների և պոպուլյացիայի մասին տեղեկություններ ստանալն է:

2005 թվականին Ռուսաստանի գիտնականների հետ համատեղ կատարած հետազոտության արդյունքում պարզվել է, որ սիգի ձկնապաշարները 1983 թվականի համեմատությամբ պակասել են առնվազն 17 անգամ: 1980-ականների կեսին լճում հաշվվում էր ավելի քան 11 հազար տոննա սիգ, այժմ այդ թիվը կազմում է ընդամենը 625 տոննա:

«Նման իրավիճակ ստեղծվել է գերորսի պատճառով,- ասում է ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի փոխտնօրեն, ձկնաբան Բորիս Գաբրիելյանը: - Ամեն տարի մեր ինստիտուտը հետազոտություններ է կատարում և ներկայացնում է այն թիվը, թե որքան ձուկ կարելի է որսալ»:

Բնապահպանության նախարարությունը հավատացնում է, որ որսվում է այնքան ձուկ, որքան թույլատրված է, սակայն արդյունքներն այլ բան են վկայում:

Ու մինչ գիտնականները պնդում են, որ արգելքի իրագործման համար անհրաժեշտ է Սևանի ափամերձ ժողովրդին աշխատանքով ապահովել, շուկաներում և այլ վայրերում մեծ տուգանքներ սահմանել ձկնավաճառությամբ զբաղվողների համար, բնապահպանության նախարարությունը հավաստում է, որ անում է ամեն հնարավոր բան որսարգելքի ճիշտ կազմակերպման համար:

«Ի՞նչ արգելք, ի՞նչ բան,- ուսերն է թոթվում ձկնավաճառներից մեկը: - Ամեն ինչ էլ իր ձևն ունի»:

Նման մոտեցման արդյունքում էլ նոյեմբերից սկսած` որսարգելքի ամենաթեժ շրջանում, երբ սիգը ձվադրում է, շուկաներում եռում է առևտուրը, և սիգից բացի վաճառվում է նաև ձկնկիթ, մեկ կիլոգրամը՝ 1500-2000 դրամ:

Բնապահպանները սիգի որսարգելքի անվերահսկելիությունը պատճառաբանում են մարդկանց սոցիալական ծանր վիճակով, ձկնավաճառները նույնպես արդարացում են գտնում:

«Թող մարդկանց գործ տան, մենք էլ ձուկ չենք որսա,- հավատացնում է ձկնավաճառ Գուրգենը: - Ի՞նչ անենք, կոտորվե՞նք: Եթե ձուկ չլինի, տնտեսությունները կջնջվեն»:

Սակայն գիտնականների հավաստմամբ` սոցիալական վատ վիճակն ավելի կվատթարանա, եթե սիգին հնարավորություն չտրվի բազմանալ: Այդ դեպքում որոշ ժամանակ անց սիգի արդյունաբերական որսը նույնպես անհնար կդառնա:

«Լճում մի սերունդ սիգ է մնացել` անցյալի մի քանի սերնդի փոխարեն,- ասում է Գաբրիելյանը: - Սիգը չի հասցնում ձվադրել ու բազմանալ, [որսագողերը] թույլ չեն տալիս»:

Գաբրիելյանն ասում է, որ իրենց ինստիտուտն առաջարկել է բնապահպանության նախարարությանը այս տարի ընդհանրապես արգելել սիգի որսը, որպեսզի հնարավոր լինի իրավիճակը ինչ-որ չափով շտկել:

Երկարատև արգելքի դեպքում, ըստ մասնագետների, լճի էկոհամակարգը կվերականգնվի:

Բացի այդ, եթե առաջ սիգը ձվադրում էր մոտ 2 տարեկանում, ապա ներկայումս, ձկնապաշարի խզման պարագայում, տեղի է ունեցել ձկների մուտացիա, և սիգը ձվադրում է 1 տարեկանում, ինչը նույնպես բնապահպանական առումով անբնականոն երևույթ է:

«Ներկայումս նախարարության մասնագետները խորհրդակցում են այս հարցի շուրջ,- հավաստում է բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Պեպանյանը: - Դեռևս հստակ որոշում չկա»:

Իսկ մինչև հստակ դիրքորոշումը, Գաբրիելյանը հավատացնում է, որ գիտնականներն այս հարցի հանդեպ ամենալուրջ վերաբերմունք են ակնկալում:

«Ամբողջ աշխարհում ձուկը համարվում է սպիտակուցներով, այլ արժեքավոր նյութերով հարուստ սնունդ, և ըստ այդմ էլ թանկ արժե,- ասում է Գաբրիելյանը: - Մութ ու ցուրտ տարիներին սիգի պաշարները մեծ էին, և ժողովուրդը կարողացավ ինչ-որ առումով նաև գոյատևել սիգի շնորհիվ: Իսկ այսօր, եթե մի քիչ խելամիտ լինենք, որոշ ժամանակ անց կրկին սիգ կունենանք՝ որպես էժան ու բարձրարժեք սնունդ»: