Ընդհանրության որոնումներ. հայաստանցին փնտրում է հայկականը Լեհաստանում

Խմբագրի կողմից`«ԱրմենիաՆաուի» թղթակից Վահան Իշխանյանը երեք հայ լրագրողների թվում մասնակցել է հունվարին Լեհաստանում անցկացված միջազգային կոնֆերանսի: Այնտեղ նա փորձել է հանդիպել Լեհաստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Ստորև ներկայացվում է նրա երկու ակնարկներից առաջինը:

Տարիներ առաջ փոստով ստացանք հորս` Ռաֆայել Իշխանյանի լեհերեն թարգմանված գրքերից մեկը: Էն ժամանակ հայրս ողջ էր, ու հիշում եմ, որ նա սպասում էր այդ գրքին ու երբ ստացավ, շատ ուրախացավ:

Կաթոլիկական լրատվության գործակալության խմբագրութjունում խմբագրի տեղակալ Կրժիստոֆ Գոլեբիովսկին, իրենց գործակալության ստեղծման ու գործունեության մասին պատմելուց հետո, անմիջապես ոգևորությամբ անդրադարձավ Հայաստանին և խնդրեց մյուսներին ներող լինել իր «կովկասյան թուլության» համար: Նա այցելում է ծագումով հայերի հավաքներին, թեև ինքը հայ չէ: 2002 թ. Պապի հետ եղել է Երևանում ու ասում է, որ հարուստ տպավորություններն ավարտվեցին մի տհաճ միջադեպով. «Պարզվեց, որ Հայաստանից մեկնելու համար պետք է վճարեմ» (Հայաստանից ինքնաթիռով մեկնողները պետք է օդանավակայանում 10 հազար դրամ վճարեն):

Նրանից մենք իմացանք Անջեյ Պիսովիչի մասին. «Գիտե՞ք, Կրակովի համալսարանում աշխատում է մի գիտնական՝ Պիսովիչը, որ գիտի և’ գրաբար, և’ արևմտահայերեն, և’ արևելահայերեն»: Ու քանի որ առաջիկա շաբաթ օրը մենք պատրաստվում էինք հանգիստն անցկացնել Կրակովում, վերցրինք Պիսովիչի համարը: Իսկ ես հիշեցի հորս լեհերեն գիրքը: Էլնամակ գրեցի Երևան՝ պարզելու, թե ով է թարգմանիչը և որ գիրքն էր: Պատասխան ստացա, որ դա «Հայ գիրքը. 1512-1920» գիրքն է՝ տպված Վրոցլավում 1994 թվականին, թարգմանիչ՝ Անջեյ Պիսովիչ:

Վարշավան 1944 թ. գերմանացիները հողին էին հավասարեցրել: Ճիշտ է, հետագայում քաղաքը նույնությամբ վերականգնվել էր, սակայն Լեհաստանում կանգուն մնացած ամենահին քաղաքը Կրակովն է, ու մենք Լեհաստանի պատմությունը տեսնելու համար մեկ օրով մեկնեցինք այնտեղ:

Բայց Կրակովում հասցրինք տեսնել միայն հին քաղաքի կաթոլիկ եկեղեցին՝ կաստյոլը, պիցցա ուտել ու Արևելյան Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկի՝ Յագելոնյան համալսարանի (1364 թ.) արևելագիտության ինստիտուտում հանդիպել պրոֆեսոր Պիսովիչին:

Երբ նրան տվեցի իմ այցեքարտը, միանգամից հարցրեց՝ դուք Իշխանյանի ի՞նչն եք:

«Որդին եմ»:

«Ես թարգմանել եմ ձեր հոր գիրքը: Դա միակ գիրքն է, որ թարգմանել եմ հայերենից: Երևանում հայրդ ինձ ասաց, որ իր գիրքը լեհերեն է թարգմանվելու ռուսերենից, բայց ինքը կուզենար, որ հայերենից թարգմանվեր: Խնդրեց ինձ թարգմանել, ես էլ համաձայնեցի»:

Նա պատմեց, թե ինչպես է դարձել հայագետ: 1957-61 թթ. եղել է Կրակովի համալսարանի ուսանող, սովորել է պարսկերեն: Մի անգամ Սովետական մեծ հանրագիտարանի ինչ-որ հոդվածի տակ օգտագործված գրականության մեջ տեսել է տարօրինակ տառեր, որոնք նրան զարմացրել են: Պարզել է, որ դրանք հայերեն են:

Ապա ամբիոնի վարիչը, որ ծագումով հայ էր, համալսարան է հրավիրել Ռոշկո անունով մի կաթոլիկ քահանայի, որպեսզի ցանկացողներին արևմտահայերեն սովորեցնի: Պիսովիչը սկսել է հայերեն սովորել: 1961-63 թթ. հայերենի ուսումնառությունը շարունակել է Երևանի պետական համալսարանում: Զբաղվել է բարբառագիտությամբ, Փարպի գյուղում նյութեր հավաքել և գրել գիտական աշխատանք՝ «Փարպիի բարբառը»:

Պաշտպանել է առաջին դոկտորական թեզը «Հայերենի բաղաձայնների տեղաշարժերը» թեմայով (բարձր դոկտորականը իրանագիտությունից է): 2001 թ. լեհերեն հրատարակել է «Երեք լեզվի քերականություն. գրաբար, արևելահայերեն և արևմտահայերեն» աշխատությունը:

Գրքի սկզբում հայերեն գրված է. «Հեղինակը կը ձօնէ այս քերականությիւնը լեհահայերուն Հայաստանի քրիստոնէութեան 1700-ամյակի առթիւ»:

Նրա նախաձեռնությամբ ֆրանսերենից լեհերեն է թարգմանվել Իվ Տերնոնի՝ հայերի ցեղասպանության մասին պատմող «Մի ցեղասպանության պատմություն» գիրքը:

Պիսովիչը վերջին անգամ եղել է Հայաստանում 2001 թվականին, մասնակցել Ստեփանակերտում անցկացված մի գիտաժողովի ու կարդացել զեկուցում լեհահայերի բարբառի մասին: Այդ բարբառն այժմ վերացել է, և Պիսովիչի տվյալներով միայն Կատովիցե քաղաքում ապրող մի ծեր կին է դեռևս խոսում նրանով:

Այժմ Պիսովիչը երկու հայ գործընկերների հետ աշխատում է հայ-լեհերեն, լեհ-հայերեն բառարանի վրա, որ հավանաբար լույս կտեսնի փետրվարի վերջին: Բառարանի անհրաժեշտությունն առաջացել է այժմ, քանի որ Լեհաստանում վերջերս հայկական մեծ գաղութ է գոյացել:

«Լեհահայ գաղութը ձևավորվել է 14-րդ դարից: 17-րդ դարում հայերը սկսում են ընդունել կաթոլիկություն, խոսում են ղփչաղերեն (թյուրքական լեզու): Այն ժամանակ հարցնում էին՝ դուք հա՞յ եք, այո, ի՞նչ լեզվով եք խոսում՝ ղփչաղերեն: 18-րդ դարում նոր հայեր եկան Ռումինիայից, գաղութը համալրվեց հայախոսներով, և հայերն իրար հանդիպելիս տարբեր լեզուներով էին խոսում: Բայց բոլորն էլ կամաց-կամաց ձուլվեցին, քանի որ ընդհանուր լեզուն լեհերենն էր»,- պատմում է Պիսովիչը:

Այսօր Լեհաստանում բազմաթիվ մարդիկ կան, որոնք գիտեն իրենց հայկական ծագման մասին: Օրինակ` Լեհաստանի օմբուդսմանի տեղակալ Եժի Սվյոնկևիչը, որի հետ հանդիպում ունեցանք, ասաց, որ ծագումով հայ է: Լեհաստանի խորհրդարանի՝ Սեյմի երկու պատգամավոր նույնպես հայկական ծագում ունեն:

1981 թվականին Կրակովում ստեղծվել է հայկական մշակույթով հետաքրքրվողների խումբ, որն այսօր գործում է, ֆինանսավորում ստանում կառավարությունից ու հրատարակում լեհերեն հանդես:

Պիսովիչի հետ մեզ սպասում էր հայկական ակումբի ղեկավար Ադամ Տեռլեցկին, որ իրեն հայ է համարում: Ադամը բացարձակ հայերեն չգիտի, հավանաբար կաթոլիկ է, նրան տեսնողի մտքով չի անցնի, որ նա հայ է:

Ի՞նչն է ստիպել, որ նա իրեն հայ համարի:

«Տատս՝ Յոզեֆա Պողոսևիչը, անընդհատ ասում էր. միշտ հիշիր, որ հայ ես: Մարդահամարի ժամանակ ազգությանս դիմաց նշեցի՝ հայ»,- ասում է Ադամը:

Այդպես, ըստ մարդահամարի, Լեհաստանի 263 քաղաքացի իրեն հայ է համարում: Թե նրանցից քանիսն են նոր էմիգրանտ, որքանը՝ ծագումով հայ, հայտնի չէ: Լեհաստանում կան 12 հազար ծագումով հայեր և 40 հազար նոր էմիգրանտներ:

«Շատերը չգիտեն իրենց հայկական ծագման մասին: Օրինակ՝ մի մարդու հանդիպեցի, ազգանունը՝ Ավետիսովիչ,- պատմում է Պիսովիչը: - Անհնար է, որ նա հայկական ծագում չունենար, քանի որ «ավետիս» բառը հայերեն է: Նրան բացատրեցի, որ ինքը հայկական ծագում ունի և կարող է մասնակցել հայերի հավաքներին: Ասաց՝ հնարավոր է, որ այդպես է, բայց ես չգիտեմ այդ մասին, և ինձ չեն հետաքրքրում այդ հանդիպումները»:

Պիսովիչն իր երեք որդիներից կրտսերի անունը Հայկ է դրել:

Սակայն հայերի թեման շատ նեղ շրջանակի է հետաքրքրում: Մեզ հայտնի է, որ Լեհաստանում գործում են հայկական հանցախմբեր, որոնք հայրենակիցների վրա «նալոգ» են դնում: Եղել են հայերի միջև մի շարք սպանություններ, որոնց մասին գրել է հայկական մամուլը:

Ես հարցրի «Gazeta wyborcza»-ի լրագրող Բարտոշ Վեգլարչուկին, թե արդյոք իրենք հաճա՞խ են գրում հայկական մաֆիայի մասին: Պատասխանեց. «Մենք վերջերս գրեցինք մի հայ վարձու մարդասպանի մասին: Բայց, ընդհանրապես, այնքան գանգստերական նյութեր ունենք, որ հերթը հայերին չի հասնում»:

«Ընդհանրության որոնումներ» երկրորդ ակնարկը՝ հաջորդ շաբաթ: