Տեսողական երկխոսություն. թուրք լուսանկարիչները հուսով են, որ բաց աչքերը կօգնեն մտքերի բացվելուն

«Լուսանկարիչները չեն կարող փոխել աշխարհը, բայց կարող են մի փոքր քայլ անել ու ձայն բարձրացնել` այն ավելի խաղաղ դարձնելու համար»,- ասում է թուրք լուսանկարիչ Մեհմեթ Կաղմազը, ով Ստամբուլից ժամանած իր չորս հայրենակիցների հետ մեկ շաբաթ շրջում էր Երևանում ու լուսանկարչական սարքով դրոշմում երևանյան առօրյան:

Կաղմազը և նրա գործընկերները Ստամբուլի «Նառ» (նշանակում է «նուռ») լուսանկարչական գործակալությունից են և Հայաստան էին ժամանել Հայնրիխ Բյոլի հիմնադրամի կազմակերպած մշակութային երկխոսության ծրագրի շրջանակներում, որը Հայաստանում իրականացնում է Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը:

«Երկու ամիս առաջ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ այցելեցինք Հայաստան և փորձեցինք քննարկել այն ուղիները, որոնք ոչ թե քաղաքական, այլ մշակութային, հասարակական միջոցներով հնարավոր կդարձնեն մեր երկխոսությունը և ինչ-որ լուծում կտան պատմությունից եկող մեր տարաձայնություններին»,- ասում է ծրագրի ղեկավար Օզքան Յուրդալանը:

Պրոֆեսիոնալները համոզված են, որ լուսանկարչությունը երկխոսության միջոց է, որը կարող է բացել մտքերը Արարատ լեռան երկու կողմերում:

«Մեզ մոտ շատերն են հետաքրքրվում Հայաստանով: Այստեղ էլ մարդիկ, երբ իմանում էին, թե որտեղից ենք, շատ բարյացակամ էին ու պատրաստակամ լուսանկարվելու և պատասխանելու մեր հարցերին»,- ասում է խմբի անդամ Սեռա Աքչանը:

Յուրդալանը մտադիր է փոխադարձ այցելությունների արդյունքում արված լուսանկարչական ալբոմ հրատարակել և կազմակերպել ցուցահանդեսներ Ստամբուլում ու Երևանում:

«Դեռ չենք որոշել, թե ինչ խորագիր կունենա ցուցահանդեսը: Մտածում ենք կոչել «Մերհաբարև», որը թուրքերեն «մերհաբա» (բարև) և հայերեն «բարև» բառերի միացությունն է: Այսինքն` ցանկացած երկխոսության առաջին քայլը հենց բարևն է, որից էլ պետք է սկսենք»,- ասում է Յուրդալանը:

Յուրդալանն ասում է, որ Երևանում իրեն չեն հարցրել, թե ինչ է մտածում ցեղասպանության մասին, սակայն շատերը պատմել են իրենց ընտանիքի պատմությունը` ինչպես ընկերոջը կպատմեին:

«Ես էությամբ պացիֆիստ եմ, դեմ եմ ցանկացած բռնության, և ինձ համար նշանակություն չունի` 10 մարդ է սպանվել, թե 1,5 միլիոն: Ամեն մարդու կյանք թանկ է, և ոչ ոք երբեք չի ուզենա թողնել հարազատ տունը և գնալ-ապրել օտարության մեջ: Ես շատ ցավում եմ և փորձում ինչ-որ քայլ անել»,- ասում է Յուրդալանը:

Լուսանկարիչները հուսով են, որ նման երկխոսության փորձեր դեռ շատ կլինեն, քանի որ մշակույթի լեզուն թարգմանության կարիք չունի:

«Հատկապես լուսանկարչությունը, որը տեսողական լեզու է և հասկանալի է բոլորին: Պարզապես պետք է ցույց տալ, քանի որ շատ քիչ բան գիտենք հայերի մասին»,- ասում է Կաղմազը:

Փոխանակման ծրագրի շրջանակներում հինգ հայ լուսանկարիչներ հունիսին մեկ շաբաթով կայցելեն Թուրքիա: