Բարձր երկնքում ճախրողները. Հայաստանի լեռները դրախտ են պարապլաներիստների համար

Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող շենքի առաջին հարկի փոքր բնակարանը լի է մարդկանցով, որոնք իրենց իսկ խոսքով «մի քիչ խենթ» են, քանի որ գետնին ամուր կանգնելու` սրճարանում սուրճ խմելու կամ տանը հեռուստացույց դիտելու փոխարեն նախընտրում են թռչնի նման ճախրել օդում:

Գրեթե ամեն շաբաթ-կիրակի Հայաստանի պարապլաներիզմի ակումբի անդամ տղամարդիկ ու կանայք` 16 կգ սարքավորումներով ուսապարկը շալակած, դժվարությամբ մագլցում են լեռները, որպեսզի այնտեղից հանդարտորեն ճախրեն ցած` դեպի երկիր: «Դա պարզապես անհնարավոր է բառերով բացատրել»,- ասում է 25-ամյա Հարություն Աճեմյանը, որին խնդրեցինք նկարագրել, թե ինչ է զգում, երբ բազմագույն նայլոնե կտորից թևերով ճախրում է թռչնի նման:

«Կան մարդիկ, որ խմում են, կան, որ ծխում են կամ նարդի խաղում, ու կան, որ շաբաթվա վերջին թռչում են պարապլանով»,- ասում է 30-ամյա պարապլաներիստ Ալիկ Գալստյանը:

Այնպես որ, ամեն շաբաթ, երբ եղանակը բարենպաստ է, նրանք գալիս են այս սենյակ, հավաքում իրերը, մի քիչ ուտելիք վերցնում ու գնում լեռները` թռչելու:

Հայաստանի պարապլաներիզմի ակումբն ունի մոտ 30 անդամ, այդ թվում` 7 կին: Հայ պարապլաներիստների հետ ճախրում են նաև Հայաստանում աշխատող մի քանի օտարերկրացիներ:

Պարապլաներիստները ուսապարկը շալակած մագլցում են 300 կամ ավելի մետր բարձրություն ունեցող լեռը: Ուսապարկում են թևերը, ամրագոտիները, սաղավարտն ու ռադիոն` մյուս օդաչուների հետ կապ պահպանելու համար: Այդ հանդերձանքը կարող է մինչև 16 կգ լինել:

Դա հոգնեցուցիչ արշավ է, սակայն նրանց դեմքերին խոնջանքի նշույլ չկա, երբ բացում են թևերն ու պատրաստվում թռիչքի իրենց մեծ, գույնզգույն ու գրեթե անձայն պարապլանով:

Պարապլաներիզմը զվարճանքի ու մրցակցային օդային մարզաձև է: Հայաստանում այն հիմնականում զվարճանք է, քանի որ քչերն են զբաղվում դրանով: Այս մարզաձևը մեծ ժողովրդականություն է վայելում Ֆրանսիայում (որտեղ կա մոտ 25000 պարապլաներիստ), ինչպես նաև Գերմանիայում, Ավստրիայում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում ու Շվեյցարիայում:

Պարապլաներիզմը համարվում է ավելի վտանգավոր մարզաձև, քան իրականում է: Պատահարներ տեղի են ունենում, հիմնականում, երբ օդաչուները հաշվի չեն առնում են իրենց պատրաստվածությունն ու փորձը:

«Այն բոլորովին էլ էքստրեմալ մարզաձև չէ,- ասում է Հարությունը, որի արևահար դեմքը վկայում է նրա նվիրումը մարզաձևին: - Ճիշտ հակառակը` պարապլանով ճախրելը շատ հանգիստ պրոցես է»:

Պարապլաներիստները շատ մանրակրկիտ վերապատրաստում են անցնում, թե ինչպես հավաքեն իրենց հանդերձանքն ու թռչեն: Սակայն պարապլաներիզմի ակումբի նախագահ Ռաֆիկ Սոխոյանն ավելացնում է, որ թռիչքի բերկրանքը վայելելու համար նույնիսկ փորձառու պարապլաներիստները պետք է շատ ուշադիր լինեն:

«Օդը մարդու տարերքը չէ, և երբ թռիչքը համարում ես հերոսություն, օդը չի ներում»,- ասում է 48-ամյա Սոխոյանը:

Նույնիսկ լավ պատրաստված պարապլաներիստները փոքրիկ վնասվածքներ են ստանում` կոճի ոլորում, մեջքի ցավ և մերթընդմերթ` հաճախասրտություն (տախիկարդիա):

Ինչպես բելգիացի պարապլաներիստ Սեդրիկ Ռուսելն ասաց, որ այս մարզաձևում ամենագրավիչն այն է, որ ճախրելիս կարողանում ես մոռանալ ամեն ինչ ու մտածել միայն թռիչքի մասին:

«Առօրյա կյանքում միտքդ միշտ աշխատում է,- ասում է 37-ամյա Ռուսելը, որն աշխատում է միջազգային բժշկական կազմակերպությունում: - Երբ մեքենա ես վարում, տեսնում ես երթևեկության նշանները, խանութներ, մարդկանց… Բայց երբ ճախրում ես, էլ ոչ մի բանի մասին չես կարող մտածել»:

Հայաստանում առաջին պարապլանն օդ է բարձրացել 1997-ին: Առաջին թռչողներից մեկն էլ Սոխոյանն էր, որն այժմ պարապլաներիզմի ակումբի նախագահն է: Պաշտոնապես ակումբը հիմնադրվել է 2004 թվականին, սակայն գործել է 1998-ից տարբեր անվանումներով` աերոակումբ, տեխնիկական մարզաձևերի բաժին և այլն:

Պարապլանն ազատ ճախրող, ոտքով շարժման մեջ դրվող թռչող սարք է` շատ ամուր, անջրանցիկ նայլոնից թևերով: Օդաչուն նստում է սպագետիի նման լարերով շրթնաձև թևին ամրացված ճոճքում: Ճախրելու համար պարապլանին վերամբարձ օդային հոսանք է պետք:

Վերամբարձ հոսանքներն առաջանում են երկու դեպքում. երբ արևը ջերմացնում է գետինը, առաջանում են օդի վերամբարձ հոսանքներ, կամ էլ երբ քամին բախվում է լեռան լանջին և օդային հոսանքն ուղղվում է վեր` ապահովելով դինամիկ վերամբարձ ուժ:

Պարապլաներիզմի սիրահարներն ասում են, որ Հայաստանի լանդշաֆտն ու կլիմայական պայմանները ստեղծված են այս մարզաձևի համար: Հայ պարապլաներիստների ամենասիրված վայրը Կոտայքի մարզի Ակունք գյուղի մոտ գտնվող Հատիս սարն է: Պարապլաներիզմի համար հարմար են նաև Արա լեռը, Արագած սարի ստորոտները, Սևանա լճի շրջակա լեռները:

Ակումբում դասընթացներ են կազմակերպվում սկսնակների համար: Ակումբի անդամ կարող են դառնալ 18 տարին լրացած բոլոր այն անձինք, ովքեր չունեն առողջական պրոբլեմներ: Մինչև 21 տարեկանները պետք է նաև ներկայացնեն ծնողների համաձայնությունը:

«Մեկ ամսում հազիվ կարողացա համոզել ծնողներիս ստորագրել այդ թուղթը»,- ասում է այժմ 21-ամյա Նատա Տուրովցևան:

Պարապլաներիստների համար անվտանգությունն առաջնային է: Օդաչուները հագնում են ծանր սաղավարտներ` ընկնելու դեպքում գլուխը պաշտպանելու համար: Թռիչքից առաջ կտրականապես արգելվում է ոգելից խմիչք ընդունել, քանի որ դա կարող է անդրադառնալ զգայարանների, ռեակցիայի ու մտածելու արագության վրա:

Պարապլաներիզմը էժան մարզաձևերից չէ. ամբողջ հանդերձանքը` ներառյալ թևը, ամրագոտիներն ու սաղավարտը, արժե մինչև 2500 դոլար: Բացի այդ, մեկ ամսվա պարապմունքներն արժեն 4000 դրամ: Ուսանողները վճարում են այդ ամենի կեսը: Իսկ մեկ թռիչքային օրն արժե 2500 դրամ` ներառյալ սնունդը և տրանսպորտը:

Սիրանույշ Գևորգյանը սովորում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում և մասնակցում է Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության Հայաստանի ներկայացուցչության (http://armenia.usaid.gov) ֆինանսավորմամբ Լրագրողների միջազգային կենտրոնի (www.icfj.org) կազմակերպած վերապատրաստման ծրագրին, որին աջակցում է «ԱրմենիաՆաուն»: