ՄՍ` արտահանման համար. գյուտարարն ասում է, որ Հայաստանը մտավոր սեփականության մեծ պաշար ունի

Գյուտարար Մարգարյանը
30-ամյա գյուտարար Մանուկ Մարգարյանը ցույց է տալիս զովացուցիչ ըմպելիքների հսկա «Կոկա-կոլա» ընկերությունից ստացած շնորհակալական նամակը, որտեղ արձանագրվում է, որ նա նպաստել է աշխարհի ամենասիրված ըմպելիքի շշի կատարելագործմանը:

Չորս տարի առաջ Մարգարյանը «Կոկա-կոլայի» Ատլանտայում գտնվող կենտրոնակայան է ուղարկել իր մտահղացման գծագիրը` առաջարկելով կոկա-կոլայի մեկ շշով բացել մյուսը:

«Մի անգամ տեսա կոլայի այն գովազդը, որում ասվում էր, թե կոլայի և’ համը, և’ շիշն այնքան անթերի են, որ կատարելագործել հնարավոր չէ: Մտածեցի` իրո՞ք այդպես է,- ասում է Մարգարյանը, որը տարիներ շարունակ զբաղվում է բնական գիտություններով: - Շիշը երկար դիտելուց հետո հասկացա, որ դրա ստորին մասն իզուր կորչում է, և կարելի է շիշն այնպես ձուլել, որ ստորին մասը դառնա խցանահան»:

Այս հետաքրքիր մտահղացման համար Մարգարյանը «Կոկա-կոլայից» ստացել է 30000 դոլար: Սակայն, նրա խոսքերով, եթե ինքը լիներ այլ երկրի քաղաքացի, կստանար մի քանի անգամ ավելի շատ:

Մարգարյանի պնդումը հիմնվում է իր իսկ փորձի վրա, քանի որ նրա մյուս հինգ գյուտերը գրանցված են ընկերոջ անունով, որն ԱՄՆ քաղաքացի է: Դրանց համար նա ստացել է հինգ անգամ ավելի, քան կստանար որպես Հայաստանի քաղաքացի:

Այդուհանդերձ, Մարգարյանն այսքանից էլ գոհ է և, թերևս, հայաստանցի գյուտարարներից ամենահաջողակն է, որի արտոնագրված 8 գյուտերից 7-ը վաճառվել է:

ՀՀ մտավոր սեփականության գործակալության գյուտերի և օգտակար մոդելների բաժնի տվյալներով` 2005 թվականին Հայաստանում գրանցվել է 231 գյուտ, որից կիրառություն է գտել 11-ը:

Օրինակ` Ալբերտ Պողոսյանի ստեղծած փականքները, որոնք ունեն հատուկ ձևի կլոր բանալիներ, որ կարող են մտնել փականքի մեջ ցանկացած դիրքով և սովորական գլանային փականքներից տարբերվում են իրենց նոր մեխանիզմով, որը ջարդելով հնարավոր չէ բացել: Այս գյուտով հետաքրքրվել են Ռուսաստանից և Ճապոնիայից:

Հայաստանում գրանցված և կիրառվող շատ գյուտեր վերաբերում են բժշկությանը, ինչպես, օրինակ` երեխաների համար Մեսրոպ Շատախյանի ստեղծած սրտի փականային համալիրը:

«Հիմնական խնդիրն այն է, որ բացակայում է արտադրության հետ կապը: Զարգացած երկրներում արտադրությանը զուգահեռ գործում է գիտական բաժին, որը զբաղվում է արտադրությունն ավելի շահութաբեր դարձնելու ուսումնասիրություններ կատարելով, և արդյունքներն անմիջապես ներդրվում են արտադրության մեջ: Մեզ մոտ դա չկա»,- ասում է ՀՀ մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը:

Հայաստանում գյուտերի արտոնագրումը տևում է մի քանի ամիս` անցնելով փորձաքննություն և ստուգվելով միջազգային պատենտային կազմակերպությունների տեղեկատվական բազաներով:

«Մենք ամեն ամիս Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից ստանում ենք բոլոր գրանցված գյուտերի տեղեկատվական փաթեթները, այնպես որ, չի կարող մեզ մոտ մի բան գրանցվել, որն արդեն գոյություն ունի որևէ այլ տեղ»,- ասում է գյուտերի և օգտակար մոդելների բաժնի պետ Անահիտ Խանզադյանը:

Գործակալությունում գրանցված և արտոնագիր ստացած բոլոր գյուտերը նկարագրված ու մանրամասն ներկայացված են www.armpatent.org կայքում, այն հույսով, որ դրանք կարող են հետաքրքրել դրսի արտադրողներին:

Հայաստանում անհատները գյուտ են անում սեփական նախաձեռնությամբ և ուժերով և հետո մեծ ջանքեր գործադրում արտադրության մեջ դրանք ներդնելու համար:

«Հայաստանի հեռանկարների մասին խոսելիս գրեթե միշտ նշվում է, որ մեր երկիրը նավթ ու գազ չունի, որ մեր հիմնական հարստությունը գիտական ներուժն է, բայց ո՞վ է բանի տեղ դնում այդ ներուժը»,- ասում է 40 արտոնագրված գիտական գյուտերի հեղինակ Պետրագ Նաջարյանը:

Նաջարյանը ստեղծել է ջերմային շարժիչ, որի հիմքում ընկած են սկզբունքորեն նոր մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս էլեկտրաէներգիայի վերածել ոչ միայն վառելիքի, այլև շրջակա միջավայրի ջերմային էներգիան:

Մարգարյանն էլ է փորձել իր ուժերը էներգետիկայի ոլորտում` մոտ 10 տարի աշխատելով մի գեներատորի վրա, որը, նրա հավաստմամբ, կարող է կուտակել էներգիան և կրճատել սպառողի ծախսը մոտ 30 տոկոսով:

Մարգարյանի վերջին գյուտը ինքնավառվող ծխախոտն է: Ծխախոտն այնպես է պատրաստված, որ տուփից հանելիս վառվում է:

Հայաստանում գրանցված ամենաերիտասարդ գյուտարարը 12-ամյա Շահեն Մեհրաբյանն է, որն արտոնագրել է փոքր թռչուններին պաշտպանելու կոչված հատուկ կերաման:

«Սա այնպես է պատրաստված, որ դրանից օգտվեն միայն ճնճղուկները, իսկ ագռավազգիները, որոնք սովորաբար խլում են ճնճղուկների կերը, չեն կարող այդ ամանից օգտվել: Բացի այդ, դա փակ տարածք չէ, ուր թռչունները վախենում են մտնել, մյուս կողմից դուրս գալու տեղ ունի»,- ասում է փոքրիկ գյուտարարը:

Մարգարյանի խոսքերով`Հայաստանում գյուտարար լինելը ձեռնտու չէ, հնարավոր չէ զբաղվել միայն դրանով, պետք է հիմնական գործ ունենալ, հույսը գյուտերի վաճառքի վրա չես կարող դնել:

«Այստեղ մտավոր ներուժը ոչ մի արժեք չունի, դրա համար էլ բոլորը ձգտում են իրենց ստեղծածը դրսում վաճառել: Գիտական, տեխնիկական ներուժի արտագաղթն ավելի վտանգավոր է, քան մարդկանցը, ու կգա մի օր, երբ Հայաստանը կզրկվի նաև իր այդ հարստությունից»,- ասում է գիտնական, բարձր տեխնոլոգիաների մասնագետ Հրաչյա Մանգասարյանը:

Ստորև ներկայացնում ենք հաջողակ հայ գյուտարարներից մի քանիսի անուններն ու գյուտերը.

  • Ալեք Մանուկյան` ջրի միաբռնակ ծորակ
  • Ռեյմոնդ Դամադյան` մագնիսական ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարք, որը հնարավորություն է տալիս զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության
  • Լյութեր Սիմջյան` բժշկական լուսանկարչական համակարգեր, ինքնաֆոկուսավորվող խցիկ, ավտոմատ երևակման սարք, ռազմական թռիչքների սիմուլյատոր, փոստային սակագների հաշվիչ
  • Միշել Տեր-Պետրոսյան` պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիա, որը հեղաշրջում առաջ բերեց ուղեղի ֆունկցիաների ըմբռնման ասպարեզում և կարող է բավական հեռանկարային լինել քաղցկեղի ախտորոշման ոլորտում
  • Արտաշես Այքանյան` գդալ-ծղոտ, ավտոմեքենաների դիմապակու կապույտ շերտը, առաջին ամուր փակվող տարաները (Tupperware) և պլաստմասսայե շատ այլ պարագաներ: Նա նաև նախագծել է «Կոկա-կոլայի» առաջին պլաստիկե շշերն արտադրող մեքենան: