Արարատի գագաթին. Մասիսը` լեռնագնացի նվաճումների պսակ

Լեռնագնացը
Կարո Հովասափյանը հետևեց Նոյին: Ու երբ հասավ բիբլիական լեռան գագաթ, ծնկի իջավ:

«Երբ հասա Մասիսի գագաթ, չկարողացա կանգնել, ծնկի եկա ու հուզվեցի»,- ասում է լեռնագնաց ու բևեռախույզ Կարո Հովասափյանը, որն իրականացրեց իր վաղեմի երազանքը և պարզեց եռագույնը Արարատի ձյունաճերմակ գագաթին: (Արարատը այսօր գտնվում է Թուրքիայի տարածքում, սակայն շարունակում է մնալ հոգևոր գագաթ բոլոր հայերի համար:)

Արարատի նվաճումը Հովասափյանի ամենամեծ ալպինիստական նվաճումը չէ. նա եղել է վեց մայրցամաքների լեռնագագաթներին, այդ թվում` Էվերեստի, ինչպես նաև Հյուսիսային ու Հարավային բևեռներում:

Սակայն Մասիսի գագաթ բարձրանալը նրան ամենամեծ ուրախությունն է պարգևել:

«Բոլոր սարերը բարձրանալիս էլ հուզմունք ու հպարտություն ապրել եմ, բայց Արարատի վրա կանգնելը մեկ այլ խորհուրդ ունի, որ ամեն մի հայ պետք է զգա»,- ասում է լեռների սիրահարը:

Հովասափյանն իր 10 համախոհների հետ սկսել է վերելքը սեպտեմբերի 3-ին և հասել 5165 մ բարձրության վրա գտնվող գագաթը սեպտեմբերի 6-ին:

Նա ասում է, որ Մասիս բարձրանալն ալպինիստական առումով բարդ չէ, բարդ է թույլտվություն ստանալը:

ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքացի Հովասափյանին Թուրքիայի կառավարությունը 3 անգամ մերժել էր, միայն 4-րդ փորձն է հաջողությամբ պսակվել, քանի որ միացել է ռուս ալպինիստ Շատաևի խմբին, որն արդեն 7 տարի Մասիսի վրա Նոյյան տապանի որոնման աշխատանքներ է իրականացնում:

Հովասափյանը միակ հայն է, որ հասել է Հյուսիսային և Հարավային բևեռներ և շուտով կդառանա աշխարհի ընդամենը 11 ալպինիստներից մեկը, որոնք կարողացել են նվաճել 7 աշխարհամասերի լեռնագագաթները:

«Մնացել է միայն բարձրանալ Անտարկտիդայի Վինսոն Մեսիվ սարի գագաթը, որն այս դեկտեմբերին, կարծում եմ, կհաջողվի»,- ասում է նա:

Մասնագիտությամբ ատաղձագործ 47-ամյա Հովասափյանը ծնվել է Իրանում և ալպինիզմով տարվել դեռ մանկուց, երբ լեռնագնացների մասին գրքերի հերոսները դարձան նրա ամենօրյա ուղեկիցները:

Բնության քմահաճույքների լեզուն Հովասափյանը սկսեց սովորել Գեղամա լեռներում և Արագածում (Հայաստանի բարձրագույն գագաթը), որը բարձրացել է 6 անգամ:

Բայց Էվերեստը նվաճելու միտքը հանգիստ չէր տալիս նրան: «23 տարի երազել եմ Էվերեստ բարձրանալու մասին, և միայն անցյալ տարի այդ հնարավորությունն ընձեռվեց»:

«Աշխարհի տանիքը» Հովասափյանը նվաճեց առաջին փորձից` 2 ամսվա ընթացքում նիհարելով 14 կիլոգրամ:

Գագաթ հասավ 2005 թ. մայիսի 30-ին, առավոտյան 6:15 րոպեին` ողջ աշխարհի համայնապատկերի առաջ դիմավորելով արևածագը:

Ուշագրավ է, որ Հովասափյանի երկու երազանքները` Արարատի և Էվերեստի գագաթներինին կանգնելը, իրականացել են 6:15 րոպեին, որը նրա համար դարձել է խորհրդանշական թիվ:

«Բախտս բերեց, այդ օրը գագաթին հրաշալի եղանակ էր, և ես կարողացա 30 րոպե մնալ և վայելել լուսաբացի չքնաղ տեսարանը»,- պատմում է լեռնագնացը:

Արարատի գագաթին այդքան մնալ չէր կարող. մրրիկն այնքան ուժեղ էր, որ 10 րոպեից ստիպված էր իջնել:

Հովասափյանն ասում է, որ Մասիսը եղանակի առումով դժվար կանխատեսելի լեռ է, եղանակն այստեղ բավական հաճախ ու անսպասելի է փոխվում:

Սակայն ոչ մի եղանակ նրան դեռ չի խանգարել բարձրանալ իր ուզած սարը և այնտեղ բարձրացնել անկախ Հայաստանի դրոշը: Հայաստանում վերջին անգամ եղել է 1988-ին` Սպիտակի երկրաշարժից հետո իրականացվող փրկարարական աշխատանքներին մասնակցելու:

Հայաստանում չի ապրում, բայց դրոշն իր հետ է ամենադժվար պահերին անգամ:

«Ինձ հետ բոլոր դժվարությունները հաղթահարած դրոշը հետագայում կնվիրեմ Հայաստանին: Դա կլինի առաջին դրոշը, որ ծածանվել է 7 աշխարհամասերի ամենաբարձր գագաթներին»,- ասում է Հովասափյանը: