Կեցցե~ Հայաստանը. այս շաբաթվա վերջին կմեկնարկի Հայաստանի տարին Ֆրանսիայում

«Հայաստան, ի՛մ բարեկամ» կարգախոսով շաբաթվա վերջին կայանալիք գալա-համերգով և այլ միջոցառումներով կմեկնարկի Հայաստանի տարին Ֆրանսիայում` ամրապնդելով բարեկամությունը Ֆրանսիայի և Հայաստանի միջև:

Փարիզից ժամանած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են բարձրաստիճան պաշտոնյաներ և հանրահայտ անձինք, կգլխավորի առաջին անգամ տարածաշրջան այցելող Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Սիրված երգիչ Շառլ Ազնավուրը երաժշտական աշխարհի իր բարեկամների հետ հանդես կգա բացօթյա համերգով:

Ֆրանսիայում Հայաստանի տարվա բացման և փակման խորհրդանշական ժամկետներ են ընտրված երկու երկրների անկախության օրերը` սեպտեմբերի 21-ն ու 2007 թվականի հուլիսի 14-ը:

Այս իրադարձության առնչությամբ Երևանի Մաշտոցի, Բաղրամյան և Սայաթ-Նովայի պողոտաների հատման մասում գտնվող հրապարակը կկոչվի Ֆրանսիայի անվամբ:

Ֆրանսիայից ժամանող պատվիրակության կազմում են արտաքին գործերի, մշակույթի և այլ նախարարներ, Փարիզի քաղաքապետը, Օրսե և Լուվր թանգարանների տնօրենները:

450 հազարանոց հայ համայնք ունեցող Ֆրանսիայում Հայաստանի տարվան նվիրված միջոցառումները կսկսվեն հոկտեմբերի 18-ին` անկախության 15-ամյակին նվիրված մեծ համերգով: Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանի հավաստմամբ` առաջիկա ամիսներին նախատեսվում է մոտ 500 միջոցառում անցկացնել Ֆրանսիայի 125 քաղաքներում:

«Հայկական մշակույթը կներկայացվի նույնիսկ այնտեղ, որտեղ ոչ միայն հայկական համայնք, այլը անգամ մեկ հայ չկա, բայց կա հետաքրքրություն հայերի ու Հայաստանի նկատմամբ»,- ասում է Նալբանդյանը:

Լուվրում կբացվի «Սուրբ Հայաստան» խորագրով ցուցահանդես, որտեղ կներկայացվեն եզակի նմուշներ էջմիածնից, Մատենադարանից և Հայաստանի պատմության թանգարանից: Առաջին անգամ Հայաստանից դուրս կբերվեն 40 խաչքարեր և կցուցադրվեն Փարիզում:

Ողջ տարվա ընթացքում կցուցադրվեն հայ անվանի գեղանկարիչների, լուսանկարիչների աշխատանքներ, նոր և հին հայկական ֆիլմեր, կներկայացվի նաև ջազային, էստրադային և դասական երաժշտություն:

Ըստ Ֆրանսիայում Հայաստանի տարվա հանձնակատար, ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանի` կարևոր և հետաքրքրիր միջոցառում է հայ երեխաների այցը Ֆրանսիա:

«Տարվա ընթացքում մոտ 1000 հայաստանցի երեխաներ կայցելեն Ֆրանսիա և կապրեն ընտանիքներում` ծանոթանալով ֆրանսիական մշակույթին ու կենցաղին: Այս կերպ մարդկային կապերի հարստացման հիմք է դրվում, ինչը երկու ժողովուրդների բարեկամության զարգացման գրավականն է»,- ասում է Սարգսյանը:

Երեխաների ճանապարհածախսի համար Ֆրանսիայի Սենատը և Ազգային ժողովը 100000 եվրո են տրամադրել: Փարիզում նախատեսված Շառլ Ազնավուրի համերգի հասույթը ևս կհատկացվի այս ծրագրին:

Ֆրանսիայում Հայաստանի տարին կեզրափակվի հաջորդ տարվա սեպտեմբերին` Արամ Խաչատրյանին և Մորիս Ռավելին նվիրված համերգով: