Սուրբ «հաղորդություն». Ղուրանը թարգմանվեց արևելահայերեն

Անցյալ շաբաթ Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ մահմեդական աշխարհի սուրբ գրքի` Ղուրանի արևելահայերեն թարգմանության շնորհանդեսը:

«Սա մեծ իրադարձություն է մեր մշակութային կանքում: Եվս մեկ անգամ իրար են հանդիպում հինավուրց քաղաքակրթությունները: Այս գրքում ամփոփված են իսլամական աշխարհի ամբողջ հոգեկերտվածքը, նրանց ավանդույթները, նիստն ու կացը»,- ասում է Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:

Ղուրանի հրատարակությունն իրականացվել է Հայաստանում Իրանի դեսպանության աջակցությամբ: Դեսպանատան մշակույթի խորհրդական Ռեզա Աթուֆին ասում է, որ Ղուրանը հայերեն թարգմանելու միտքը ծագել է երեք տարի առաջ: (Վերջին անգամ Ղուրանը ֆրանսերենից թարգմանվել է արևմտահայերեն 1911 թվականին:)

«Դա նաև շատ էին առաջարկում իմ հայ ընկերները: Եվ եթե չլիներ Վեհափառ Հայրապետի հոգևոր և բարոյական աջակցությունը, հնարավոր չէր լինի թարգմանել Ղուրանն այսքան կարճ ժամկետում: Ես այն համարում եմ երկու երկրների բարեկամության գագաթնակետը»,- ասում է Աթուֆին:

Մահմեդականների սուրբ գիրքը բաղկացած է 30 մասից, 114 սուրահից (գլխից) և 6216 պատգամից: Թարգմանիչը իրանագետ, բանաստեղծ Էդուարդ Հախվերդյանն է: Աշխատանքի ընթացքում Հախվերդյանը հիմնականում օգտվել է իրանցի թարգմանիչ Մաքարեմ Շիրազիի թարգմանությունից` ձեռքի տակ ունենալով նաև այլ թարգմանություններ, ներառյալ` 1911 թ. արևմտահայերեն թարգմանությունը:

Հախվերդյանը խոստովանում է, որ Ղուրանը թարգմանելիս իրեն մի տարօրինակ տագնապ էր համակել: Դեսպանատան պատվերով տասից ավելի գրքեր էր թարգմանել, սակայն համայն մահմեդական աշխարհի Սուրբ գրքի թարգմանությունը լրիվ այլ բան էր:

«Ինձ չէին վախեցնում ոչ թարգմանության բարդությունը, ոչ էլ Ղուրանի ծավալը: Ընդհակառակը, դրանք ավելի էին ոգևորում: Ես ավելի շատ տագնապում էի այդ կարևոր աշխատանքի պատասխանատվությունից,- ասում է թարգմանիչը: - Ղուրանը, կարելի է ասել, 50-60 տոկոսով նույն Աստվածաշունչն է. Ղուրանում կհանդիպեք առանձին սուրահներ` նվիրված Մարիամին, Նոյին: Բայց, ի տարբերություն Աստվածաշնչի, Ղուրանը նաև կանոնագիրք է մահմեդականների համար, և պատահական չէ, որ մահմեդականները բազմաթիվ հարցերում առաջնորդվում են Ղուրանով»:

Մասնագետները թարգմանությունը համարում են չափազանց ճշգրիտ այն առումով, որ գրքում փակագծերում տրված են պարսիկ թարգմանչի, իսկ տողատակերում` հայ թարգմանչի մեկնաբանությունները:

Հախվերդյանը նշում է, որ Ղուրանի թարգմանությունը, իր բարդությամբ հանդերձ, նոր իմացության և աշխարհաճանաչման ահռելի շտեմարան էր իր համար:

«Այն ոչ միայն անմիջական և ուղիղ հաղորդակցում է Աստծո սուրբ պատգամների հետ, ոչ միայն իմաստասիրություն և ուսմունք է, այլև ճիշտ ապրելու բանաձև կյանքի բարդ ու խրթին իրավիճակներում ճիշտ որոշում կայացնելու համար: Ղուրանում մեծ տեղ է տրվում կանանց իրավունքներին, մի երևույթ, որ իսկապես արժանի է հիացմունքի»,- ասում է թարգմանիչը: