Պատմության խորքերից. Արտաշատում (դանդաղորեն) պեղվում է երկրորդ հեթանոսական տաճարը

Հայ հնագետները գտել են Գառնուց հետո երկրորդ հեթանոսական տաճարը:

Երևանից մոտ 30 կմ հարավ-արևելք գտնվող ներկայիս Արտաշատ քաղաքից ոչ հեռու` 5,5 մ խորության վրա հայտնաբերված տաճարը նվիրված է եղել հայկական դիցաբանության արևի աստծուն` Միհրին: Արևապաշտության խորհրդանիշ տաճարը կառուցվել է Արտաշատի մոտ, որն ամենից երկար է եղել Հայաստանի մայրաքաղաք` Ք.ա. 2-րդ - մ.թ. 5-րդ դարերում:

«Տաճարի մնացորդները գտնելով` պարզեցինք, որ այն ավելի շքեղ ու գեղեցիկ է եղել, քան Գառնու տաճարը: Իսկ դա նշանակում է, որ գտել ենք մի մեծ պատմական հարստություն, որը պետք է ամեն գնով պահպանենք»,- ասում է հնագիտական արշավախմբի ղեկավար 72-ամյա Ժորես Խաչատրյանը:

ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցներից կազմված 15-հոգանոց արշավախումբն սկսել էր հին մայրաքաղաք Արտաշատի տարածքի պեղումները դեռևս 1970-ականներին: Մինչև այդ Խորհրդային Միության ղեկավարները թույլ չեն տվել Թուրքիայի սահմանամերձ շրջանում լայնածավալ պեղումներ կատարել:

Գտածոները վկայում են, որ Արտաշատն իր ծաղկման շրջանում զբաղեցրել է մոտ 400 հա տարածք և ունեցել 150.000 բնակիչ: Իսկ պաշտպանական պարիսպները ձգվել են 10.000 մետրից ավելի, որից 4.500-ը հնագետները բացել են 1970-80-ականներին:

Մայրության և պտղաբերության աստվածուհի Անահիտին նվիրված տաճարի տեղում կառուցված Խոր Վիրապ եկեղեցուն կից 12 բլուրների վրա հիմնված քաղաքը եղել է խոշոր առևտրային կենտրոն, ինչը վկայում են 1000 տեսակից ավելի գտնված կնքադրոշմները:

«Բլուրների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Արտաշատը կառուցվել է կանոնավոր հատակագծով և պլանավորված: Դժբախտաբար, բոլոր բլուրներն ուսումնասիրել չենք կարող. Արտաշատի սիրտը կառուցված է եղել մարմարի հանքի վրա, որը բազմիցս պայթեցվել է և գետնին հավասարեցրել այդ հատվածը»,- ափսոսանքով ասում է հնագետ Խաչատրյանը, ով արդեն 60 տարուց ավելի է` ապրում է հնագիտության մեջ` տարվա մեծ մասն անցկացնելով հնավայրերում: Նա մասնակցել է նաև Սանկտ Պետերբուրգի (Լենինգրադի), Ղրիմի, Անապայի պեղումներին: Ինչպես ինքն է ասում, անցել է լավագույն ռուսական դպրոցը:

Հնագիտական խմբին հաջողվել է գտնել նաև Արտաշատի հանրային բաղնիքը` 7 սրահներով` յուրաքանչյուրը 75 քմ տարածքով:

«Կա խճանկար հատակ և առվակ, հայտնաբերվել են գեղեցիկ նախշերով պատվանդաններ ու լողավազաններ: Ինչպես նաև գտնվել է ավելի քան 2000 տարվա պատմություն ունեցող կոյուղագծով զուգարան` մի բան, որ մեր օրերի գյուղերում անգամ չես հանդիպի»,- ծիծաղելով ասում է հնագետը:

1988 թ. Ղարաբաղյան շարժման, այնուհետև ճգնաժամային տարիների ընթացքում կանգ առավ նաև հնագետների աշխատանքը: Նորանկախ Հայաստանի հնագիտական կյանքը նոր շունչ առավ 2000-ականների սկզբին:

2003-ին կրկին ձևավորվեց արշավախումբը, սակայն 15-ի փոխարեն արդեն 5 հոգանոց էր. մեծ խմբի համար միջոցները չէին բավարարում:

«Մենք ի սկզբանե գիտեինք, որ եղել է տաճար, որը քրիստոնեության տարածման ժամանակ, այսինքն` 4-րդ դարում, Տրդատ թագավորի օրոք ավերվել է: Բայց չգիտեինք, թե կոնկրետ որտեղ է գտնվում և ինչ չափերի է»,- ասում է Խաչատրյանը:

Արդեն 5 տարի է, ինչ փոքրաթիվ միջոցներով հնագիտական խումբը պեղում է հին Արտաշատը: Վերջին ուսումնասիրություններն էլ հանգեցրին վերջին եզրակացություններին. Միհր աստծուն նվիրված տաճարը կառուցվել է Արաքս գետի ձախ ափին գտնվող մի թմբի վրա, որի վրա վեր է խոյացել կրաքարակերտ սրբավայրը: Պեղումների արդյունքում բացվել են նաև տաճար տանող 23 աստիճանահարթակները:

Այս տարվա պեղումների համար պետբյուջեից տրամադրվել է 1,625 մլն դրամ (մոտ 4800 դոլար): Խաչատրյանի խոսքերով` այդ գումարը հազիվ կարող է բավարարել մի դամբարան պեղելու համար, մինչդեռ իրենք մի ամբողջ քաղաք են պեղում:

Հնագետը հպարտանում է իր խմբի աշխատանքով, բայց փնովում է համայնքների ղեկավարների աշխատանքը, որի արդյունքում այսօր վաճառվում են Արտաշատի հողերը, որոնց տակ թաղված է Հայաստանի պատմության ամենակարևոր էջերից մեկը:

«Ասում են, որ վաճառվել է 6 հա, բայց մեր աչքերը մեզ այլ չափ են ասում` մոտ 60 հա-ի մոտ: Վաղը մյուս օր այդ տեղերում դղյակներ կկառուցվեն` հիմնահատակ թաղելով մեր անցյալը»,- վրդովվում է Խաչատրյանը` հուսալով փրկել գոնե մնացած տարածքները:

Հնագետը կարծում է, որ պեղումների վերջում կարող է պարզվել, որ տաճարը հնարավոր է վերականգնել, սակայն համոզված չէ, որ հնարավոր կլինի ֆինանսավորում գտնել: