Լուրերի բացակայությունը լուր չէ. ԼՂՀ-ին ավելի լավ լրատվամիջոցներ են հարկավոր` ասում է նախագահը

Ընթերցողների մեծ մասի հավաստմամբ` «Դեմոն» քիչ թե շատ օբյեկտիվ տեղեկատվություն է ապահովում
«Karabakh-open.com»-ը հանրապետության փոքրաթիվ առցանց պարբերականներից է
Անցյալ ամիս Արցախի հանրային հեռուստատեսության տնօրենը կրկին փոխվեց:

Երևանից հրավիրված ռեժիսոր Նիկոլայ Դավթյանը հրաժարական տվեց` այդ պաշտոնում աշխատելով ընդամենը երկու ամիս: Նա 1988-ին հիմնված ընկերության 7-րդ տնօրենն էր: Նրան փոխարինեց Ռուս-հայկական հումանիտար ակադեմիայի Ստեփանակերտի մասնաճյուղի ռեկտոր Վալերի Ավանեսյանը:

Ինչպես Դավթյանը, այնպես էլ Ավանեսյանը ձեռնպահ են մնում մեկնաբանություններից, իսկ ղարաբաղցիներն ասում են, թե կադրային փոփոխություններ իրենց չեն հետաքրքրքում: Նրանք ուզում են իմանալ, թե վերջապես երբ են ճշգրիտ ու թարմ տեղեկություններ ստանալու երկրում կատարվող իրադարձությունների մասին` լինի դա մամուլից թե հեռուստատեսությամբ:

Ըստ անցկացված մի քանի հարցումների արդյունքների` ղարաբաղցիները դժգոհում են երկրում տիրող տեղեկատվական վակուումից, երբ, մի կողմից, կան հեռուստատեսություն ու մամուլ, իսկ մյուս կողմից` դրանք լիարժեք տեղեկատվություն չեն ապահովում:

Ղարաբաղում գործում է մեկ տեղական հեռուստաալիք` Արցախի հանրային հեռուստատեսությունը, որը հեռարձակում է օրական 3 ժամ, այդ թվում` լուրերի երկու թողարկում:

Ընկերությունը հիմնվել է 1988-ին, 2001-ին պետականից վերածվել հանրայինի: Բայց դրանից ոչ մի էական բան չի փոխվել` ասում են բնակիչները, որոնք բողոքում են, որ Հանրային հեռուստատեսությունը ներկայացնում է միայն իշխանությունների տեսակետը: (Ստեփանակերտում ու մերձակա գյուղերում վերահեռարձակվում են երեք երևանյան հեռուստաալիքներ` Հ1, Հ2 և «Արմենիա»:)

«Ես տեղեկություններ եմ քաղում հիմնականում Արցախի հանրային հեռուստատեսությունից: Շատ բան ինձ դուր չի գալիս, բայց մի՞թե այլընտրանք ունենք»,- ասում է 29-ամյա ստեփանակերտցի Լիլյա Օսիպյանը:

«Օրական երեք ժամը քիչ չէ: Բայց հաղորդումների որակն այնքան ցածր է, որ մենք ընտանիքով գերադասում ենք դիտել ռուսական ալիքները»,- ասում է Օսիպյանը:

Նման իրավիճակ է նաև տպագիր մամուլում, և այստեղ խնդիրը ոչ այնքան միջոցների կամ տպագիր պարբերականների պակասն է, որքան, մի կողմից, դրանց հրատարակման պարբերականությունը, մյուս կողմից` քաղաքական ուղղվածությունը:

Մոտ 138.000 բնակիչ ունեցող Ղարաբաղում լույս է տեսնում 25 թերթ: Առավել հաճախ լույս է տեսնում «Ազատ Արցախ» պետական թերթը` շաբաթը երկու անգամ:

Տպագիր մյուս լրատվամիջոցների մեծ մասը պատկանում է կուսակցություններին, որոնք դաշինք են կազմել գործող նախագահի հետ` «Ապառաժ» (ՀՅԴ), «Հայրենիք» (Արցախի դեմոկրատական կուսակցություն), «Ակունք» («Ազատ հայրենիք» կուսակցություն), «Արցախի կոմունիստ» (Արցախի կոմունիստական կուսակցություն) և այլն: Միակ անկախ տպագիր լրատվամիջոցը «Դեմո» հասարակական թերթն է, որը հրատարակվում է «Հաշտության ռեսուրսներ» բրիտանական կազմակերպության աջակցությամբ: Թերթը համարվում է ընդդիմադիր, թեև խմբագիր Գեղամ Բաղդասարյանը նախընտրում է այն օբյեկտիվ անվանել:

«Դեմոն» մայրաքաղաքում ամենաշատ վաճառվող թերթն է, թեև նրա տպաքանակը (ընդամենը 1000 օրինակ) զիջում է բանակային «Մարտիկ» թերթի տպաքանակին (3000 օրինակ): «Նախագահական ընտրությունների ժամանակ բոլոր թերթերը նույն բանն էին գրում: Բոլորս սպասում էինք «Դեմոյին», որը լույս է տեսնում երկու շաբաթը մեկ, որպեսզի տեսնենք իրական պատկերը»,- ասում է զինծառայող Հրայր Հակոբյանը:

Հարցումները ցույց են տալիս, որ մյուս թերթերը քիչ են կարդում, հատկապես, Ստեփանակերտից դուրս: Ղարաբաղում մամուլի տարածման պետական գործակալություն չկա, դա կատարում է մի մասնավոր ընկերություն, որը շրջաններում բաշխում իրականացնելու միջոցներ չունի:

Ստեփանակերտում, հատկապես այն գրասենյակներում, որտեղ կա ինտերնետ, մարդիկ նաև կարդում են առցանց թերթեր: Օրինակ` «Karabakh-open.com» առցանց թերթը պնդում է, թե օրական 500-ից ավելի եզակի այց է ունենում: Ստեփանակերտի մամուլի ակումբի անցկացրած հարցումների ժամանակ այդ գրասենյակների աշխատողներն ասել են, որ աշխատանքային օրը սկսում են առցանց թերթի ընթերցումով, որն ամենաօպերատիվն է տեղեկատվություն ապահովում:

Տեղեկատվության ոլորտում ստեղծված վիճակն անբավարար են գնահատում ոչ միայն շարքային ընթերցողները:

2007-ի վերջին անցկացված հանդիպման ժամանակ նախագահ Բակո Սահակյանը ԶԼՄ-ների մակարդակը զրո է գնահատել: Նա հրավիրել էր այդ հանդիպումը Համահայկական հեռուստամարաթոնին նախապատրաստվելու նպատակով` Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ կատարած այցերից հետո: Ինչպես ասել է ինքը` նախագահ Սահակյանը, այդ բոլոր երեք երկրներում էլ իրեն ասել են, որ Ղարաբաղի մասին տեղեկություններ չկան, և որ իրենք տեղեկություններ են ստանում «գնչուական փոստով»: Նախագահը նշել է այն ուղղությունները, որտեղ Ղարաբաղը ակնհայտորեն տանուլ է տալիս. դա հակամարտության կարգավորման Ղարաբաղի դիրքորոշումը ներկայացնելն ու արտաքին տեղեկատվական քաղաքականությունն է, համագործակցությունը հայկական սփյուռքի հետ և երկրի ներսում ու դրսում տեղի ունեցող գործընթացների մասին հավասարակշիռ տեղեկատվության տրամադրումը բնակչությանը:

«Ղարաբաղի բնակչության մեծ մասը տեղյակ չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով միջնորդների արած առաջարկներին»,- ասում է Ղարաբաղի տեղեկատվական դաշտը ընդլայնել ձգտող «Բաց հասարակություն» ՀԿ անդամ Անահիտ Դանիելյանը:

«Որոշ բնակիչներ նույնիսկ զարմացած հարցնում էին. «Ո՞նց թե, ուրեմն մեր հակամարտությունը դեռ կարգավորված չէ՞»,- ավելացնում է Դանիելյանը:

Վերաբերմունքը տեղեկատվության նկատմամբ Ղարաբաղում միանշանակ չէ: Մի կողմից`հռչակվել է ժողովրդավարության ու խոսքի ազատության կուրս, վերացվել է գրաքննությունը, չկա խիստ ճնշում լրագրողների վրա: Մյուս կողմից` շարունակվում է «տան գաղտնիքները դուրս չհանելու» խորհրդային քաղաքականությունը, երբ սեփական թերությունների մասին խոսելը համարվում է ամոթալի բան:

Լրագրողների աշխատանքի վրա առանձնահատուկ ազդեցություն է թողնում ռազմական դրության շարունակվող ռեժիմը: Սկսած 1992 թվականից` Ղարաբաղի խորհրդարանը ամեն տարի ևս մեկ տարով երկարացնում է ռազմական դրությունը: Ճիշտ է, երբ ակտիվ ռազմական գործողություններ չկան, ռազմական դրության մասին օրենքի որոշ կետեր դադարում են գործելուց, օրինակ` գրաքննությունը, ընտրություններ, հանրահավաքներ անցկացնելու արգելքը: Այդուհանդերձ, ղարաբաղցի լրագրողները շարունակում են, ըստ սովորության, աշխատել` մշտապես հիշելով ռազմական դրության մասին:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների` իշխանությունները մտադիր են շուտով տեղեկատվական գործակալություն հիմնել, և այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Խոսակցություններ կան նաև այլընտրանքային հեռուստատեսություն հիմնելու նպատակով արտասահմանյան կապիտալի ներգրավման մասին: Նախագահը նաև խոստացել է Արցախի հանրային հեռուստատեսության հեռարձակումը դարձնել արբանյակային: