Դաշնամուր երկնքից. ԼՂՀ գյուղում ուրախ են արվեստի դպրոց ունենալու համար![]() Գյուղական երգչախմբից մինչև հանրապետությունում ճանաչում վայելող կոլեկտիվ Սուսաննա Բալայանի անունը հայտնի դարձավ Ղարաբաղում 1989 թ., երբ Տող գյուղում, որտեղ ապրում էին հայեր և ադրբեջանցիներ, նա որոշեց երգչախումբ ստեղծել, որը կկատարեր հայկական երգեր: Սուսաննան որպես կամավոր եկել էր Տող ռուսաց լեզու և գրականություն դասավանդելու: Թշնամական միջավայրում`ՕՄՕՆ-ի նշանառության տակ, հարևանների ակնդետ հայացքների ներքո նա հավաքեց հայ երեխաների և սովորեցրեց երգեր, որոնք նրանց ծնողներն անգամ չգիտեին: Ղարաբաղում, որը 70 տարի եղել էր Ադրբեջանի կազմում, հայկական երգեր չէին երգում` նախընտրելով ռուսական և իտալական երգեր: Բալայանի երգչախումբը երգում էր Կոմիտաս, հայկական շարականներ: Միակ խնդիրն այն էր, որ գյուղում դաշնամուր չկար: Կարծես` դժվարություն չկար, կարելի էր Ստեփանակերտից բերել: Բայց Տողն այն ժամանակ շրջափակման մեջ էր. ճանապարհները փակ էին, իսկ հաղորդակցումը միայն ուղղաթիռով էր: Եվ Սուսաննան որոշեց. Դաշնամուրը պետք է բերել ուղղաթիռով: Ականատեսները երբեք չեն մոռանա այդ տեսարանը. Ուղղաթիռին կապած դաշնամուրը դանդաղ իջավ փոքրիկ հրապարակում: Առաջին երգը կատարվեց հենց այնտեղ: 1994 թ. ստիպված եղան փակել երգչախումբը: Հենց այդ նույն տարի էլ այն ճանաչվեց Ղարաբաղում լավագույն երգչախումբը: Այդ ժամանակ էր, որ Տողի երեխաները առաջին անգամ դուրս եկան իրենց շրջափակված գյուղից, որտեղ տեսել էին միայն պատերազմ և երկնքից իջնող դաշնամուր: Տարիներ շարունակ Բալայանը մտածում էր Տողում արվեստի դպրոց բացելու մասին: Քանի որ, ինչպես ինքն է ասում` այնտեղի երեխաները հատուկ են: Նրանք ոչ միայն տաղանդավոր են, այլև ամբողջ ուժով ձգտում են յուրացնել մշակույթը, արվեստը, գեղեցիկը: Բայց ամեն ինչ, ինչպես միշտ, հանգում էր ֆինանսին: Նա պայմանավորվեց Տողի դպրոցի հետ, որը նրան մի քանի դասարան տրամադրեց շենքի կիսաքանդ թևում: Ծնունդով Տողից, ներկայումս ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ գեներալ Արթուր Աղաբեկյանի աջակցությամբ հաջողվեց վերանորոգել դասարանները և գնել գործիքներ: Բայց ամենակարևորը` գտնվեցին զինակիցներ, ովքեր, անտեսելով ձյունը, ցեխը, շոգը, համաձայնեցին շաբաթը երկու անգամ գալ գյուղ և երեխաներին արվեստի այբուբեն սովորեցնել: Դպրոցը, որտեղ այժմ Տողից և հարակից Մեծ Թաղեր գյուղից 50 երեխա է սովորում, ունի 2 բաժին` երաժշտական և կերպարվեստի: Սեպտեմբերի 1-ից կբացվի նաև պարարվեստի բաժին: «Չգիտեմ, երևի հարկ լինի միշտ գյուղում լինել: Բայց ես Ստեփանակերտում աշխատանք ունեմ: Ես սիրում եմ լրագրությունը, բայց դպրոցը իմ զավակն է, և ինձ համար դժվար է ընտրություն կատարել նրանց միջև»,- «ԱրմենիաՆաուի» հետ հարցազրույցում ասաց «Ազատ Արցախ» թերթի լրագրող Սուսաննան: Անցած 3 տարիներին դպրոցը գործել է բարեգործական միջոցներով: Միայն վերջերս Ղարաբաղի կառավարությունը որոշեց դպրոցին պետական ֆինանսավորում հատկացնել: «Շաբաթը երկու անգամ երեխաներիս տանում եմ Տողի դպրոցը,- ասում է Մեծ Թաղերի բնակիչ Լևոն Հայրապետյանը: - Հիմա Ղարաբաղի գյուղերում դժվար է ապահովել երեխաների շփումը իսկական արվեստի հետ: Ու մեր բախտը բերել է, որ այսպիսի դպրոց ունենք»: |
|