«Թղթա-դրամ». պետությունը վիճակահանություն է անցկացնում` խրախուսելու հարկային պատշաճ փաստագրումը

«Թղթա-դրամ». պետությունը վիճակահանություն է անցկացնում` խրախուսելու հարկային պատշաճ փաստագրումը


Վիճակահանությամբ շահելու հնարավորությունը առիթ դարձավ, որ մարդիկ պահանջեն կտրոնը, իսկ որոշ խանութպաններ սկսեցին վախենալ հարկայինի աշխատակցից

Կտրոնները բանկայի մեջ պահելը ոմանց լավ գաղափար է թվում
Փորձելով խրախուսել խանութպաններին ֆիքսել հարկային նպատակներով դրամական ներհոսքը` Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է պետական վիճակահանություն` օգտագործելով ֆիսկալային չեկերի հետևում նշված շահող թվերը:

Սկսած այս ամսվա սկզբից` ֆիսկալային չեկերի հետևում նշված կլինի ութանիշ թիվ, որոնք հաճախորդները կարող են պահել` հուսալով, որ փետրվարի 6-ին կայանալիք առաջին վիճակախաղի ժամանակ դուրս եկած թվերը կհամընկնեն իրենց չեկերի համարների հետ: Համանման վիճակահանություններ տեղի կունենան յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը:

ՀՀ կառավարությունը 2009 թ. բյուջեից 1,4 մլրդ դրամ (մոտ 4,5 մլն դոլար) է հատկացրել շահող տոմսերի ծախսերը ծածկելու համար: Շահումները սկսվում են 5000 դրամից (մոտ 16 դոլար)` առաջին 4 թվի համընկնելու դեպքում, մինչև 5 մլն դրամ (16 350 դոլար)` 8 թվի համընկնելու դեպքում: Եթե հաղթող չլինի գումարը չի անցնի մյուս ամսվա խաղարկությանը:

Ֆիսկալային չեկերը Հայաստանում նորություն դարձան 10 տարի առաջ, երբ օրենք ընդունվեց` փոխարինելու հին հաշվիչ-դրամարկղային մեքենաները նորերով: Սակայն հազարավոր ձեռնարկություններ, հատկապես` մանր առևտրով զբաղվող խանութները, շարունակում են շրջանցել օրենքը` այնպիսի գործարքներ կատարելով, որոնց համար գրանցում չկա: Այդպես վարվելով` ձեռնարկատերերը կարող են եկամտի սեփական տարբերակը ստեղծել` վավերացումից անկախ` հեշտացնելով նվազագույն հարկեր վճարելը:

Վիճակախաղի նախագիծը, որը հաստատվեց անցյալ տարվա հոկտեմբերին կառավարության կողմից, շատերի կարծիքով` արդյունավետ մոտեցում է կառավարության կողմից` շահագրգռելու հաճախորդներին պահանջել ՀԴՄ ֆիսկալ կտրոնը` հույսով, որ իրենց կտան հաջողակ համարներ:

Վիճակահանության այս ձևը Հայաստանը կրկնօրինակել է Թայվանից: Նմանատիպ փորձ ունեն Չինաստանը և Սինգապուրը:

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանի` նոր գործընթացի` վիճակահանության ներդրումը կօգնի լուծելու մեծ չափերի հասնող չարաշահումները: Նա կարծում է, որ հասարակությունը կարձագանքի այս գործընթացին, քանի որ մարդիկ գումար շահելու հույս կունենան, նույնիսկ եթե կողմնակի արդյունքը հարկադրական նպատակներ ունի:

«Այսօր հասարակությունը շատ ակտիվորեն է մասնակցում այս հսկողական մեխանիզմին: Քաղաքացին շահագրգռված է, քանի որ կտրոնը պահանջելով` նա ունի նաև դրամական եկամուտ ստանալու հնարավորություն»,- ասում է Բեյբությանը` կոչ անելով քաղաքացիներին ավելի ակտիվ մասնակցել վերահսկողական գործընթացին:

Այդուհանդերձ, ոչ բոլոր մարդիկ են շահագրգռված ու ոչ բոլորն են պահանջում կտրոնները, ոմանք նույնիսկ չեն հավատում, որ արդեն մի քանի ամիս գովազդվող վիճակահանությունը տեղի է ունենալու:

Էլլա Գաբրիելյանը մեկն է այն մարդկանցից, ով երբեք չի պահանջում կտրոնը. «Ինձ համար միևնույն է, անտարբեր եմ, որովհետև չեմ հավատում, որ կշահեմ, քանի որ երբևէ որևէ բան չեմ շահել: Իհարկե, որոշ խանութներում ինձ տալիս են այդ չեկերը, բայց դրանք աղբն եմ նետում»:

Արմեն Մարգարյանն ամեն օր 400 դրամ (մոտ 1,3 դոլար) արժեցող ծխախոտ է գնում իրենց շենքի մոտ գտնվող խանութներից որևէ մեկից, բայց երբեք չի պահանջում կտրոնը:

«Ես գիտեմ, որ խաղարկություն է լինելու, բայց, մյուս կողմից էլ, ես ճանաչում եմ այդ մարդկանց, ու եթե չեն տալիս, հո վատություն չե՞մ անելու` ուզեմ: Հասկանալի է, որ մի քանի կոպեկ փող են աշխատում, ես ինչու խանգարեմ»,- ասում է Մարգարյանը:

ՀԴՄ կտրոն չտրամադրելու օրինաչափ դարձած երևույթը ավելի տարածված է թաղային կամ գյուղական ավելի փոքր շրջանառություն ունեցող խանութներում, որտեղ գնորդներն ու վաճառողը, որպես կանոն, ճանաչում են իրար:

Նման տեղերում խանութների տերերն ասում են, որ կտրոնը չեն տալիս, քանի որ եթե հետևեն օրենքին, ստիպված կլինեն ավելի շատ հարկ վճարել, քան իրենց եկամուտն է թույլ տալիս:

Խանութների տերերը կտրոն չտրամադրելը պայմանավորում են Հայաստանում հարկային խիստ քաղաքականությամբ: Արարատի մարզի գյուղերից մեկի խանութպանն ասում է` եթե իրենք ցույց տան իրենց ողջ եկամուտը, կսնանկանան:

«Տակ կտամ, հարկերն անտանելի են, հիմա եթե տեսնում ենք` անծանոթ մարդ ա, տալիս ենք, բայց, դե, գյուղացիներին չենք տալիս, մենակ նրանց` ով ուզում է»,- նշում նա:

«Եթե զգում եմ, որ մարդը չի հեռանում գնումից հետո, ոտքը կախ է գցում կամ երբ պահանջում է չեկը, տալիս եմ, հակառակ դեպքում` չեմ տալիս,- ասում է Երևանի ձայնասկավառակների խանութներից մեկի վաճառողուհին: - Ես հասկանում եմ իմ տնօրենին, նա ճիշտ է ասում, հարկայինին այդքան փող մուծելով` փոքր բիզնեսը պարզապես կվերանա»:

Սկսած 2009 թ. հունվարից կան հարկատուների 2 խումբ. մեկը փոքր բիզնեսով զբաղվող խումբն է, որի տարեկան շրջանառությունը պետք է 58,5 մլն դրամից (մոտ 191,000 դոլար) ավել չկազմի և նրանք 10-13 տոկոս հարկ պետք է վճարեն: Երկրորդ խմբի տարեկան շրջանառությունը պետք է գերազանցի վերոնշյալ թիվը և պետք է վճարեն իրենց եկամտից 30-35 տոկոսը:

Եթե փոքր խանութներն ու կրպակները կարող են կտրոն չտալ, ապա մեծ սուպերմարքեթներում որոշ գնորդներ շահագրգռված են իրենց բախտը փորձել գնումներ անելու հետ մեկտեղ:

Անահիտ Ստեփանյանն ամեն օր աշխատանքային ընդմիջման ժամանակ սնունդ է գնում Երևանի սուպերմարքեթներից մեկում. «Ամեն օր էլ չեկերը վերցնում եմ ու մեծ հույս ունեմ, որ շահելու եմ: Ես ու գործընկերուհիս արդեն նույնիսկ որոշել ենք, թե ինչ ենք գնելու, եթե շահենք»:

Վիճակահանության գործընթացի կիրառման պայմաններում խստացվում է նաև հարկային իշխանությունների կողմից մոնիթորինգի անցկացումը:

Առաջին անգամ խախտում կատարելու դեպքում (ԱԱՀ-ով աշխատող) ընկերությունը պիտի 150,000 դրամ (մոտ 490 դոլար) տուգանք վճարի: Երկրորդ խախտման դեպքում պատիժը կրկնապատկվում է` գործունեության 5-օրյա կասեցմամբ: Երրորդ խախտման դեպքում տուգանքը կկազմի 600 000 դրամ (մոտ 1960 դոլար)` գործունեության 10-օրյա կասեցմամբ:

Հունվարի 1-ից, երբ ծրագիրը մեկնարկեց, արդեն առնվազն 2 սուպերմարքեթ` «Նոր զովքը» և «Երևան սիթին», տուգանվել են:

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ հունվարի կեսի դրությամբ 16 կազմակերպություններում արձանագրվել են խախտումներ, որոնցից հինգի նկատմամբ նաև գործունեության կասեցման որոշում է ընդունվել: