«Թանկարժեք» որսը. արգելոցում անտառապետը վայրի խոզ սպանելու համար տուգանվեց, ինչը քննարկման առիթ դարձավ

72 վարկյան տևող տեսանյութը, որը ցույց է տալիս, թե ինչպես է «Խոսրովի անտառ» արգելոցի անտառապետը վարազ սպանում, իրարանցում առաջացրեց բնապահպանների շրջանում և անտառապետ Գոռ Հովհաննիսյանի` աշխատանքից ազատման առիթ դարձավ:

Տեսանյութը (որը կարելի է դիտել http://www.youtube.com/watch?v=HI4Nj9916HE) նկարահանել և կայքում տեղադրել է բնապահպան Մարիամ Սուխուդյանը, ով մոտակայքում էր, երբ Հովհաննիսյանը (Կաքավաբերդի հատվածում) արգելոցի հինգ աշխատողների ներկայությամբ կրակում էր (դեպքը տեղի է ունեցել հունվարի 22-ին, սակայն տեսանյութը ինտերնետում հայտնվել է 2009 թ. փետրվարի 6-ին):

«Փաստերը հրապարակեցի, որովհետև կարծում եմ, որ անտառապետն ինքն առաջինը պետք է իրեն նման բան թույլ չտար, ու համոզված եմ, որ դա Գոռի առաջին կրակոցը չէր,- ասում է Սուխուդյանը (նա ասում է, որ արշավի էր գնացել այդ տարածք): - Գիտեմ, որ գոնե այս դեպքից հետո մի քանի ամիս ոչ ոք նման բան չի անի, կամ միգուցե այս դեպքը հիմք կծառայի, որ մյուս անօրինությունները ևս բացահայտվեն»,- հավատում է Սուխուդյանը:

Վայրի խոզը թեև գրանցված չէ Կարմիր գրքում, բայց, ինչպես տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արծրուն Պեպանյանը, օրենքով այս կենդանու որսն արգելվում է: Արգելոցից դուրս նրա կրակելը տուգանվում է 200,000 դրամով (666 դոլար), իսկ արգելոցում` 1 մլն դրամով (3330 դոլար): Բացի այդ, «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի համաձայն` որսորդությունն արգելվում է արգելոցներում:

«Տեղամասի պետը (Հովհաննիսյանը) հեռացվել է աշխատանքից և տուգանվել 1 մլն դրամով (3330 դոլար) արգելոցում վայրի խոզ սպանելու համար: Եվս 5 աշխատակիցներ խիստ նկատողություն են ստացել»,- հայտնեց Պեպանյանը:

Շատերը կարծում են, որ պատիժն անարդարացի է: Ասում են, որ անտառապետն ամենաքիչ մեղքի բաժինն ունի, և նրան պարզապես ուզում էին հեռացնել աշխատանքից, դրա համար էլ թույլատրեցին, որ Հանրային հեռուստատեսությամբ (Հ1) տեսանյութը հեռարձակվի:

Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, սակայն, համոզված չէ, որ այս դեպքը (Հովհաննիսյանին աշխատանքից ազատելը) կարող է օգնել հարցի լուծմանը:

«Ես Գոռին անձամբ ճանաչել եմ որպես բնության համար սրտացավ անձնավորության, ու ինձ համար էլ այդ դեպքը զարմանալի էր, կեղծ ու թատերական,- ասում է Խաչատրյանը: - Իսկական բնապահպանը պետք է կանխի որսը և ոչ թե նկարահանի: Եվ իրականում ոչ թե մեկ անհատն է սարսափելի, այլ այն, որ հենց նույն տարածքում տարբեր օլիգարխներ մերձակա գյուղերի ականատեսների խոսքով` ուղղաթիռով և ավտոմատով տասնյակներով «հնձում» են Կարմիր գրքում գրանցված հայկական մուֆլոնը և բեզոարյան այծը»:

Բայց նախարարությունում ասում են, որ նման դեպքեր արգելոցում չեն լինում, և կենդանուն սպանում են միայն այն դեպքում, եթե, օրինակ, պետք է պարզել` տվյալ կենդանին հիվա՞նդ է, թե՞ ոչ:

Խաչատրյանն առանձնացնում է ևս մեկ խնդիր: 2007 թ. մայիսին ՀՀ կառավարության որոշումով ստեղծվեց «Գիլան» արգելավայրը, որի կանոնադրության համաձայն` թույլատրվում է «զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպումը»:

«Գիլան բնակավայրը մտնում է արգելավայրի մեջ, որտեղ բնակվում են մի քանի ընտանիքներ: Այս արգելավայրը իր մեջ ներառում է նաև նախկինում Խոսրովի անտառ արգելոցի հատված կազմող Բայբուրդ տեղամասը, որը Գառնու տեղամասից գտնվում է 7 կմ հեռավորության վրա: Այն բնակելի չէ:

«Ու, փաստորեն, էկոտուրիզմի անվան տակ կարող են շինարարություն անցկացնել այդ տարածքներում»,- ասում է Խաչատրյանը:

Էկոլգիայի իրավապաշտպան Գոռ Մովսիսյանն ասում է, որ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը պետք է գերակա լինի տվյալ արգելավայրի կանոնադրության նկատմամբ, քանի որ այնտեղ հստակ նշված է, որ արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը:

Հայաստանի հետաքննող լրագրողների միության անցյալ տարվա հոկտեմբերի հաղորդման համաձայն` «Գիլան» արգելավայրի տարածքը (118 հա) 60 տարով տրվեց վարձակալության, և այնտեղ սկսվեց հյուրանոցի և սրճարանի շինարարություն: Տարածքի վարձակալության, և կառուցապատման իրավունքը տրվեց «Հովազաձոր» ՍՊԸ-ին, որը գրանցվել է 2007 թ. սեպտեմբերին: Ընկերության հիմնադիրները Կամո Խաչատրյանն ու Միխայիլ Բեզռուկովն են: 49-ամյա Կամո Խաչատրյանը ծնունդով Արարատի մարզի Ոստան գյուղից է: Հաղորդման (www.hetq.am) համաձայն` նա կապեր ունի Ռուսաստանի կառավարական շրջանակների հետ: Իսկ նրա կապը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բավական սերտ է: Կամո Խաչատրյանի որդու քավորը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն է: Վերոնշյալ որոշումների տակ կա նաև նրա ստորագրությունը:

«Այդ ո՞վ է սեփական տուն սարքում,- «ԱրմենիաՆաուի» հետ զրույցի ժամանակ զարմացավ ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը : - Այդ տարածքում փաստացի ապրում էին մարդիկ, որոնց չէինք կարողանում այնտեղից հանել. ասում էին` այստեղ ապրել եմ, այստեղ էլ պիտի մեռնեմ: Դրա համար էլ տարածքը վերածեցինք արգելավայրի, որ ռեժիմն ավելի թուլացվի, որ մարդիկ կարողանան ազատ գնալ իրենց տները, տուրիզմը զարգանա»:

23,000 հեկտար տարածք ունեցող անտառում 76 հսկիչի միջոցով, Աղասյանի խոսքով, հնարավոր չէ վերահսկել արգելոցի ամբողջ տարածքը:

Իսկ «Խոսրովի անտառի» Կաքավաբերդի տեղամասը դեռևս նոր ղեկավար չունի, այն ժամանակավորապես ղեկավարում է նրա մոտ գտնվող Գառնու տեղամասի պետը: