Ղափամա. տոնական սեղանը զարդարում ենք հայկական ավանդական ուտեստներով

Խմբագրի կողմից. Այս թողարկմամբ սկսում ենք «Մամայիս եփածն ամենահամովն է» խորագիրը, որի ներքո «ԱրմենիաՆաուի» լավագույն լրագրողներից մեկը` Գայանե Մկրտչյանը, որը նաև լավ պատրաստում է, պարբերաբար կներկայացնի ավանդական ուտեստների մասին ակնարկներ: Ձեր մեկնաբանությունները, քննադատությունները և բաղադրատոմսերը ողջունելի են: Ուտեստների մասին ձեր առաջարկները գրեք Գայանեին` gayanem@armenianow.com hասցեով:

Աշնան վերջին երևանյան շուկաներում հայտնված դեղին դդումներն ասես արևից պոկված փոքրիկ կտորներ լինեն: Տերևաթափը և ձմռան ցուրտ շունչն ազդարարում են, որ ժամանակն է դդումի մուրաբա եփել:

Էջմիածնաբնակ 37-ամյա Հասմիկ Հարությունյանի համար դդումի «գալուստն» ազդարարում է ղափամայի սեզոնի բացումը:

«Ղափամա պատրաստելը հատուկ արարողություն էր մեր ընտանիքում: Հայրս տուն էր մտնում` մի մեծ դդում գրկած, ու մորս պատվիրում` վաղը ղափամա ենք ուտելու: Հիմա էլ ես եմ իմ երխաներին նույնն ասում`վաղը ղափամա ենք ուտելու»,- պատմում է նա:

Սեղանին է 3 կգ-ոց դդումը: Առանձին ափսեների մեջ նախապես լցրել է բրինձ, մեղր, կարագ, չամիչ, սև սալորաչիր, ծիրանաչիր:

Հասմիկն սկսում է աշխատանքը:

Նախ` առանձին կաթսայի մեջ է լցնում մեկ բաժակ բրինձն ու դնում մարմանդ կրակին: Շեշտում է, որ բրինձն անպայման պետք է առանց աղի խաշել:

Այնուհետև ձեռքերի մեջ դդումը խաղացնելով` ցույց է տալիս վերևի հատվածը և ասում, որ դդումը պետք է գլխարկ ունենա: Դանակով կլորավուն կտրում է վերևի հատվածը, դնում մի կողմ և անցնում բուն մասին:

«Պետք է ձեռքդ մտցնես բացված տեղից ներս ու լավ մաքրես դդումի ներսի միջուկը»,- ասում է նա ու վարժ շարժումներով կողքի սկուտեղի մեջ լցնում դդումի կորիզները:

Միջուկը հանելուց հետո լվանում է դդումի ներսը:

Այնուհետև նախապես հալեցված մեղրով «օծում» է դդումի ներսի պատերը: Այդ ընթացքում բրինձը եփվում է: Հասմիկը հասցնում է այն վերցնել գազօջախից: Այնուհետև բրնձի վրա անպայման սառը ջուր է լցնում, որպեսզի բրնձի հատիկները ձիգ մնան: Վերջում ավելացնում է աղ:

Նա պատրաստում ու երգում է «Ղափամա» երգը:

«Հե~յ, ջա~ն, ղափամա´, համով-հոտով ղափամա´…»

«Իզուր չեն էս երգը հորինել մարդիկ, էլի, ա´յ կուտեք, կտեսնեք` ի~նչ համով է, ի~նչ բուրմունք ունի, ու, բացի դա, դդումը շատ օգտակար է առողջությանը, այն էլ` այդքան մեղրով»,- ասում է նա:

«Մեղրը քսելուց հետո մի կտոր կարագ դնում ենք դդումի հատակին, հետո ավելացնում մի գդալ մեղր, ապա լցնում նախապես խաշած բրինձը, որին արդեն պետք է խառնած լինեք չամիչը: Բրնձի վրա ավելացնում ենք սալորաչիրն ու ծիրանաչիրը,- ասում է Հասմիկը: - Հետո ավելացնում բրնձի մյուս կեսը`չրերի հետ միասին: Ամենավերջում մեկ գդալ մեղր ու մի կտոր կարագ դնում վրան: Այդ ամենը եզրափակում ենք դդումի գլխարկը դարձյալ գլխին դնելով»:

Հետո բրնձով ու չրերով ծանրաբեռ դդումը դրվում է 100 աստիճանի ջեռոցում: Այն եփվում է մարմանդ կրակով, գրեթե 40 րոպե:

Դդումի, բրնձի ու չրերի համադրությունը բուրմունքի մի այլ տեսակ է ստեղծում: Այն տարածվում է տնով մեկ: Խոհանոց են մտնում Հասմիկի երեխաներն ու հարցական հայացքով ասում. «Մա´մ, չեղա՞վ էդ ղափաման»:

40 րոպեից ղափաման պատրաստ է: Պատրաստ շարված են նաև երեխաները: Սեղանի կենտրոնում բազմել է «ուրախ ղափաման»: Ժպտում է ու աչքով անում բոլորին: Հասմիկը կտրտում է: Սպիտակ գետի պես դդումի միջից հոսում են բրինձները, հետո չամիչն ու չրերը:

Պատրաստման համար: 1 հատ 2-3 կգ դդում, 100 գ կարագ կամ մեկ ճաշի գդալ յուղ, 200 գ չամիչ, 200 գ սալորաչիր, 200 գ ծիրանաչիր: