Պարզ, սակայն սիրով. Հավաքեք ձեր ընտանիքը փոխինձով խաշիլը սեղանի շուրջը`ջերմացնելու ձմռան օրերը

46-ամյա Աննա Մանվելյանի փոքրիկ ափերից փոխինձը լցվում է եռացրած-սառեցրած ջրի մեջ: Մի ձեռքով նա լցնում է փոխինձը, մյուսով`փայտե գդալով խառնում:

Փոխինձով խաշիլի հիմնական բաղադրամասը հենց փոխինձն է: Փոխինձը նախապես թավայում բոված ցորենն է, բայց ավելի մուգ գույնի, իսկ հատիկները ալյուրի հատիկներից ավելի խոշոր են: Փոխինձով խաշիլը Հայաստանում հիմնականում ձմեռային ճաշատեսակ է, մատչելի և պարզ պատրաստվող:

«Գազօջախին ենք դնում 2 լիտր ջրով կաթսան: Երբ ջուրը սկում է եռալ, վերցնում ենք կրակի վրայից և ավելացնում կես ճաշի գդալ աղ: Սպասում ենք, մինչև ջուրը սառչի»,- բացատրում է Աննան, որն այդ խաշիլ պատրաստելը սովորել է իր մայրիկից և տատիկներից և այժմ սիրով մատուցում է այն իր ընտանիքին, որն ապրում է Երևանում:

«Երբ մի քիչ սառչում է, փոխինձը գդալ-գդալ լցնում ենք ջրի մեջ` անընդհատ խառնելով: Եվ խառնում ենք այնքան ժամանակ, մինչև այն սկսում է թանձրանալ»:

Թեև այս խաշիլ պատրաստելը դյուրին է թվում, այդուհանդերձ կան որոշ գաղտնիքներ, որ հայ կանայք ժառագել են իրենց մայրերից և տատիկներից:

Աննան ասում է, որ պետք է շատ խառնել, որպեսզի փոխինձը ջրում լավ լուծվի, գնդիկներ չառաջանան: Ապա այն նորից դնում են գազօջախին: Սպասում են` մինչև փոխինձով ապուրն սկսում է «խոսել»`մեղմ քլթքլթալով: Երբ եռալուց մեծ օղակներ են առաջանում խաշիլի երեսին, ուրեմն ժամանակն է այն կրակի վրայից վերցնելու:

Մինչ խաշիլը պատրաստվում է, Աննան արդեն սեղանին է դնում յուղն ու մածունը:

Աննան մատուցում է փոխինձով խաշիլը, իսկ նրա որդիներից Ազատը ցույց է տալիս, թե ինչպես են այն ուտում:

«Ափսեի կենտրոնում գդալով փոքր փոս ենք բացում ու մեջը յուղ լցնում: Մնացած փոխինձի վրա մածուն ենք քսում»,- ասում է 26-ամյա Ազատը:

Դյուրին պատրաստված, դյուրին սպառված: Սակայն Աննան ասում է, որ նման ավանդական կերակուրներն աստիճանաբար գործածությունից դուրս են գալիս, սակայն նա փորձում է պահպանել դրանք:

«Երբ երկար ժամանակ չեմ եփում, երեխեքն իրենք են ասում. «Մա´մ, էն հին ճաշերից մի բան եփի, ուտենք էլի»,- ասում է նա:

Պատրաստման համար

0,5 կգ փոխինձ

2 լ ջուր

0,5 ճաշի գդալ աղ

150 գ յուղ

500 գ մածուն

Պատրաստման եղանակը

2 լ ջուրը կաթսայով դնել գազօջախին: Երբ ջուրն սկսում է եռալ, վերցնել կրակի վրայից, ավելացնել 0,5 ճաշի գդալ աղ ու թողնել, որ սառչի: Այնուհետև գդալ-գդալ ավելացնել փոխինձը ու անընդհատ գդալով խառնել այնքան ժամանակ, մինչև այն թանձր զանգված դառնա: Այդ զանգվածը նորից դնել գազօջախին` շարունակելով խառնել այնքան ժամանակ, մինչև սկսի եռալ: Թողնել եռա 15 րոպե ու վերցնել գազօջախի վրայից: Այնուհետև պատրաստի փոխինձով խաշիլը լցնել ափսեների մեջ: Ուտելիս ափսեի կենտրոնում գդալով փոսիկ անել ու մեջը յուղ լցնել: Փոխինձի վրա մածուն քսել և ճաշակել: Ճիշտ պատրաստված փոխինձը պետք է քաղցրահամ ու աղի լինի և ջերմացնի կովկասյան ձմեռները: