Սովորական ապուր. չոր լավաշ, չեչիլ պանիր և սոխառած

Սովորական ապուր. չոր լավաշ, չեչիլ պանիր և սոխառած

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Արմատներով գյումրեցի Հասմիկ Հովհաննիսյանի ընտանիքում հատուկ օրեր կան, երբ հյուրերը հավաքվում են պանրախաշ ուտելու:

«Նախապես ասում եմ, քույրս, որ ապրում է Շիրակի մարզի Ախուրյան գյուղում, չեչիլ պանիր է ուղարկում: Պանրախաշն առանց չեչիլ պանրի հնարավոր չէ պատրաստել»»,- բացատրում է Հասմիկը:

Չեչիլ պանիրը նման է հաստ սպիտակ թելի կծիկի: Այն անընդհատ բաժանվում է ավելի բարակ թելիկների և ափսեի մեջ հեշտությամբ ընդունում ցանկացած ձև:

Պանրախաշը հին հայկական կերակուր է: Այս ճաշատեսակի արմատները կապված են Շիրակի մարզի հետ: Այն պատրաստում են չոր լավաշով, չեչիլ պանրով և սոխառածով:

Հասմիկն անցնում է գործի: Սեղանին շարված են խոր ափսեներ: Նախապես սկուտեղի վրա լցված է արդեն կտրատած չոր լավաշը, մյուս սկուտեղում չեչիլ պանիրն է: Հասմիկն ասում է, որ հիմա պետք է յուրաքանչյուր ափսեի մեջ շերտ-շերտ դասավորել լավաշ-պանիր, լավաշ-պանիր:

Նա ափսեների մեջ լավաշից ու պանրից փոքրիկ բուրգեր է պատրաստում: Միաժամանակ բացատրում է չեչիլ պանրի առանձնահատկությունը:

«Երբ գյուղերում կաթը զտում են, զտելու ընթացքում կաթից առանձնանում են կաթի յուղը և ոչ յուղոտ մնացորդը: Ոչ յուղոտ մնացորդը անվանում են թան, հենց այդ թանից էլ պատրաստում են չեչիլ պանիրը, որի մեջ յուղայնություն փաստորեն ընդհանրապես չկա»,- ասում է Հասմիկը:

Պանրի այս տեսակը հնարավոր է ձեռք բերել սուպերմարքեթներում:

Երբ Հասմիկն ավարտում է ափսեներում լավաշ և չեչիլ պանիր շարելու աշխատանքը, անցնում է հաջորդ գործողությանը:

Նա վերցնում է երկու գլուխ սոխ, մանր կտրատում և լցնում թավայի մեջ, որտեղ արդեն նախապես հալեցրել է 250 գ կարագ: Սոխառածի անուշ բուրմունքը տարածվում է խոհանցում: Նա անընդհատ խառնում է, որ սոխը չվառվի:

«Այս կերակուրն իմ մանկությունն է հիշեցնում, մտքով ասես սլանում եմ մեր սարերը: Ինքն անգույն կերակուր է, կարծես թե անշուք, բայց շատ համեղ է: Այն շատ հարգի ու ընդունված է Շիրակում»,- ասում է Հասմիկը:

Սոխառածին ավելացնում է 0,5 լ եռացրած ջուր, ևս մի քանի րոպե թողնում գազօջախին ու վերցնում:

Այնուհետև սոխառածը լցնում է ափսեներում լավաշից ու պանրից կառուցված փոքրիկ բուրգերի վրա և թողնում, որ միասին հալչեն: Կերակուրը պատրաստ է:

Պանրախաշ պատրաստելու համար անհրաժեշտ է
3 հատ չոր լավաշ
400 գ չեչիլ պանիր
2 գլուխ սոխ
250 գ կարագ


Պատրաստման եղանակը

Խորը ափսեների մեջ շերտ-շերտ շարել նախ չոր, կտրատած լավաշը, ապա պանիրը, հետո նորից լավաշ, նորից պանիր, մինչև ափսեն լցվի: Այնուհետև վերցնել երկու գլուխ սոխ, մանր կտրատել, լցնել թավայի մեջ, որտեղ նախապես հալեցված է 250 կարագը և սոխառած անել: Երբ սոխառածն արդեն գրեթե պատրաստ է, ավելացնել 0,5 լ եռացրած ջուր, թողնել ևս մի քանի րոպե և վերցնել գազօջախի վրայից: Այնուհետև սոխառածը հավասար լցնել ափսեների վրա, որպեսզի լավաշն ու պանիրը ներծծվեն սոխառածով: Երբ ափսեների պարունակությունը փափկում է, կարելի է համտեսել: