Բանաձև 252. Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախումբը քվեարկության կդնի Հայոց ցեղասպանության բանաձևը

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ԱՆԿԱ) հաղորդմամբ` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Հովարդ Բերմանը (դեմոկրատ` Կալիֆորնիա), որը Կոնգրեսում զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանության հարցերով և ամերիկահայ համայնքի վաղեմի բարեկամներից է, հինգշաբթի` մարտի 4-ին, իր հանձնախմբում քվեարկության կդնի Հայոց ցեղասպանության բանաձևը (թիվ 252):

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նախագահ Բերմանին այս խիզախ քայլի համար, որը հստակ ուղերձ է Թուրքիային, որ Միացյալ Նահանգները մասնակից չի լինի Հայոց ցեղասպանության իրողությունը հերքելու նրանց բարոյազուրկ քաղաքականությանը»,- ասել է ԱՆԿԱ-ի նախագահ Քեն Խաչիկյանը Վաշինգտոնում հայտնի կալիֆորնիացի օրենսդրի հետ երեկ հանդիպումից հետո:

ԱՆԿԱ-ի հաղորդմամբ` հինգշաբթի Խաչիկյանը խորհրդակցել է նաև մի խումբ այլ ներկայացուցիչների հետ, որոնցից առավել հայտնի են Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի հեղինակ Ադամ Շիֆը (դեմոկրատ` Կալիֆորնիա), ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունը (դեմոկրատ` Նյու Ջերսի) և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամներ Բրեդ Շերմանը (դեմոկրատ`Կալիֆորնիա) և Էդ Ռոյսը (հանրապետական` Կալիֆորնիա):

2009 թ. մարտին ներկայացված 252 բանաձևը, որի առաջատար աջակիցներն են Ադամ Շիֆը և Ջորջ Ռադանովիչը (հանրապետական` Կալիֆորնիա) և Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը (դեմոկրատ` Նյու Ջերսի) և Մարկ Քըրքը (հանրապետական` Իլինոյս), այժմ ունի 135 աջակից: Սենատում զուգահեռաբար ընթացող գործընթացը, որը ղեկավարում են սենատորներ Ռոբերտ Մենենդեսը (դեմոկրատ` Նյու Ջերսի) և Ջոն Ինսայնը (հանրապետական` Նևադա), ունի 13 աջակից: