Թուրքիայի արտգործնախարարը. Ցեղասպանության բանաձևը ճնշման միջոց է և «կխոչընդոտի» արձանագրությունների գործընթացը

Թուրքիան կարծում է, թե ԱՄՆ Կոնգրեսում` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման ևս մի բանաձևի քննարկումը փորձ է ճնշում գործադրելու Հայաստանի հետ, ըստ էության, տեղապտույտ տվող հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա:

Երկուշաբթի անվտանգության համաժողովից վերադառնալիս լրատվամիջոցների հետ հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ Անկարան որոշումներ կայացնելիս տեղի չի տա այս ճնշմանը:

«Թուրքիան անկախ պետություն է և որոշումներ է կայացնում` հաշվի առնելով իր ազգային շահերը,- ըստ «Հյուրիեթ» օրաթերթի` ասել է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյան: - Յուրաքանչյուրը պետք է իմանա, որ Թուրքիան այն երկիրը չէ, որի հետ կարող են խոսել ճնշման լեզվով»:

Անցյալ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախումբը որոշել է մարտի 4-ին քվեարկության դնել Կոնգրեսի 252-րդ բանաձևը, որով կոչ է արվում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները և տեղահանումը ճանաչել որպես ցեղասպանություն: Այս որոշումը ողջունեցին թե´ Ամերիկայի և թե´ Հայաստանի հայերը:

Դավութօղլուն այս քայլը, ինչպես նաև հայ-թուրքական արձանագրություններին առնչվող ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը համարել է «նույն շղթայի օղակներ»: Անկարան, մասնավորապես, դժգոհ է դատարանի այն որոշումից, որ անցյալ տարվա հոկտեմբերին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, որոնք դեռ պետք է վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից, չեն կարող խոչընդոտել Հայաստանին` ձգտելու Հայոց ցեղասպանության ավելի լայն միջազգային ճանաչման:

«Ինչո՞ւ այդ զարգացումները հենց այս շրջանում են լինում: Հայաստանի հետ արձանագրությունները ստորագրելիս մենք քաղաքական կամք դրսևորեցինք և սկսեցինք հարաբերությունների կարգավորման գործընթացը բարի կամքի հիման վրա: Նրանք չպետք է մեզ շանտաժի ենթարկեն ապրիլի 24-ով: Եթե որևէ մեկը ցանկանում է ճնշում գործադրել մեզ վրա` անօգուտ է: Թուրքիան անկախ պետություն է և որոշումներ կայացնելիս ելնում է իր ազգային շահերից,- ասաց նա: - Եթե ամերիկացիները նման միջոցներ են կիրառում, մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կձախողվի: Սա չի բխում ո´չ Վաշինգտոնի, ո´չ Երևանի և ո´չ էլ Անկարայի շահերից: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը պետք է ավելի ուշադիր լինի և չխոչընդոտի այս գործընթացը` չափից ավելի ջանքեր գործադրելով»:

Հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ստորագրված փաստաթղթերում նշված չէ երկու երկրների խորհրդարաններում դրանց վավերացման որոշակի օր կամ վերջնաժամկետ: Սա ենթադրությունների տեղիք է տալիս, որ Թուրքիան կօգտվի այս հանգամանքից` ձգձգելու վավերացման գործընթացը, մասնավորապես, ճնշում գործադրելու Հայաստանի վրա, որպեսզի վերջինս համաձայնի Թուրքիայի տարածաշրջանային դաշնակից Ադրբեջանի հետ երկարատև հակամարտության կարգավորման` Բաքվի համար ընդունելի տարբերակին: Այս դիրքորոշումն արտացոլվել է Թուրքիայի ղեկավարների բազմաթիվ հայտարարություններում, այդ թվում` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` պարբերաբար հնչող զգուշացումներում:

Միևնույն ժամանակ, Հայաստանի քաղաքական շրջանակները և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ են արել վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները «ողջամիտ ժամկետում»: Այս դիրքորոշմանը սատարում են նաև հարաբերությունների կարգավորման հիմնական աջակիցները, այդ թվում` ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որոնք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում առանցքային բանակցողներն են:

Թե´ Հայաստանում և թե´ արտերկրում շատերը կարծում են, որ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը, որը պետք է նշվի ապրիլի 24-ին, հայ-թուրքական արձանագրությունների վավերացման պայմանական «վերջնաժամկետն» է: