Անկարան ակնկալում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մերժելու է 1915 թ. դեպքերի մասին բանաձևը

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Բուրաք Օզուգերգինը երկուշաբթի Անկարայում հայտարարել է, թե Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժելու է 1915 թ. դեպքերի մասին բանաձևը, որպեսզի «այդ բանաձևը չվնասի թուրք-ամերիկյան հարաբերությունները և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերը»:

Օզուգերգինն ասել է, որ Թուրքիան ցավում է 252 բանաձևի համար, որն աջակցում է «ցեղասպանության» անհիմն մեղադրանքներին և որը մարտի 4-ին քննարկման է դնելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:

«Մեր անհանգստությունն ու ափսոսանքն ենք հայտնել ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների»,- նշել է արտգործնախարարության խոսնակը:

«Կուզենայինք հավատալ, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քաջատեղյակ է, որ նման բանաձևի ընդունումը պայթյունավտանգ կլինի ոչ միայն թուրք-ամերիկյան հարաբերությունների, այլև Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերի համար»,- ընդգծել է Օզուգերգինը:

Ըստ Օզուգերգինի`Թուրքիան սպասում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովը կառաջնորդվի պատասխանատվության զգացումով:

Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում ճշգրտության և թարգմանության համար: