Գործադիր տնօրենները հորդորում են «դեմ» քվեարկել. ավիացիոն արդյունաբերության ղեկավարների խոսքով` Ցեղասպանության բանաձևը կխոչընդոտի առևտուրը

ԱՄՆ-ի ավիացիոն և ռազմական արդյունաբերության ղեկավարները հորդորում են Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներին` չընդունել բանաձևը, որն Առաջին աշխարհամարտի տարիներին թուրքերի կողմից հայերի կոտորածը որակում է ցեղասպանություն` զգուշացնելով, որ դա կարող է վտանգել ԱՄՆ արտահանումները Թուրքիա:

Lockheed Martin, Boeing, Raytheon, United Technologies և Northrop Grumman կորպորացիաների ղեկավարները համատեղ առանձին նամակով դիմել են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներին` նշելով, որ օրինագծի ընդունումը կվատացնի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները և կվտանգի ամերիկյան աշխատատեղերը:

«ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակցին ու առևտրային գործընկերոջը վանելը բացասական հետևանքներ կունենա ԱՄՆ աշխարհաքաղաքական շահերի և արտահանումն ու աշխատատեղերի ստեղծումը խթանելու ջանքերի վրա»,- ասված է կորպորացիաների համատեղ նամակում, որը փետրվարի 26-ին ուղարկել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատ նախագահ Հովարդ Բերմանին:

Կորպորացիաների ղեկավարները նշում են, որ 2009 թվականին Թուրքիա ամերիկյան ռազմական ու ավիացիոն արտադրանքի արտահանումները կազմել են ավելի քան 7 մլրդ դոլար, և նույն մակարդակն է ակնկալվում 2010 թվականին, ինչի շնորհիվ աշխատանքով ապահովվում են տասնյակ հազարավոր ամերիկացիներ:

Արդյունաբերության ներկայացուցիչներն անհանգստացած են Թուրքիայի շարունակական մասնակցությամբ ԱՄՆ սպառազինության, այդ թվում` Lockheed-ի F-35 կործանիչի, ինչպես նաև 1,2 միլիարդանոց Boeing-ի 14 CH-47 Chinook ուղղաթիռների և Patriot հրթիռների վաճառքի ծրագրերին:

Թուրքիան ԱՄՆ 8 գործընկերներից մեկն է, որոնք աշխատում են 300 մլրդ արժողությամբ F-35 կործանիչի ծրագրի մշակման վրա, մի ծրագիր, որն արդեն որոշակի խնդիրներ է ունեցել արտասահմանում` կապված գերածախսերի և փորձարկման ժամկետների ձգձգման հետ: