Հեղինակավոր բրիտանացու տեսակետը. Օսմանյան կայսրությունում հայերը սպանվել են իրենց ազգային պատկանելության և հավատքի համար

Այս շաբաթ Երևանում տեղի ունեցավ Միացյալ Թագավորության թագուհու խորհրդականի կոչում ունեցող, միջազգային իրավունքի հեղինակավոր մասնագետ Ջեֆրի Ռոբերթսոնի «Արդյոք եղե՞լ է Հայկական եղեռն» տեսակետի էլեկտրոնային հայերեն տարբերակի շնորհանդեսը:

Ռոբերթսոնն այս տեսակետի վրա աշխատել է Մեծ Բրիտանիայում գտնվող և 1988 թ. գործող Հայկական կենտրոնի պատվերով:

Վերջին տարիներին Միացյալ Թագավորության կառավարությունը հրաժարվում է ընդունել, որ 1915-1916 թթ. Թուրքիայում տեղի ունեցած հայերի տեղահանումներն ու սպանդը ցեղասպանություն է: 2008 թ. Հայկական կենտրոնը այս հարցի վերաբերյալ փորձագետի կարծիք ունենալու համար դիմում է Ջեֆրի Ռոբերթսոնին:

«Բրիտանացիների համար Ռոբերթսոնի տեսակետը շատ կարևոր է,- ասում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանը: - Վերջերս Մեծ Բրիտանիայում բավական բուռն քննարկվում է ցեղասպանության հնարավոր ճանաչման հարցը: Կարծում եմ` դա կապ ունի Ռոբերթսոնի ներկայացրած տեսակետի հետ»:

Այդ տեսակետում հեղինակավոր մասնագետը նշում է, որ, իրոք, 1915 թ. Օսմանյան կայսրության հրամանով Անատոլիայից ու այլ գավառներից տեղահան արվեցին մոտ 2 միլիոն հայեր: Նրանք մահացան հիվանդություններից, սովից ու զինված հարձակումներից: Հայերին սպանում էին իրենց ազգային պատկանելության և հավատքի համար:

Աշխատությունում նշվում է, թե ինչպես Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունները պաշտոնապես երիտթուրքերի կառավարության կատարած գործողությունները որակում են որպես «մարդկության դեմ կատարված հանցագործություն»:

Միացյալ Թագավորությունը ձերբակալում է 67 թուրք պաշտոնյաների, ովքեր կասկածվում էին վայրագությունների մասին հրամաններ արձակելու մեջ, սակայն հանուն դիվանագիտական նպատակահարմարության նրանց ազատ են արձակում:

Ռոբերթսոնը ցույց է տալիս, թե ինչպես է Բրիտանիայի կառավարությունը հրաժարվում ընդունել հայերի դեմ իրականացված ցեղասպանության փաստը:

2008 թ. փետրվարին լորդ Մելլոք Բրաունը Լորդերի պալատի գրավոր պատասխանում Նորին մեծություն կառավարության անունից պատասխանում է, որ կառավարությունը 1915-1916 թթ. կոտորածները համարում է ողբերգություն:

«Այնուամենայնիվ, ո´չ ներկայիս, ո´չ էլ նախորդ կառավարությունները չեն կարծում, որ առկա ապացույցներն այնքան անհերքելի են, որ մեզ համոզեն, թե այդ իրադարձությունները պետք է որակվեն ցեղասպանություն`համաձայն 1948 թ. ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի»,- ասված է Լորդերի պալատի պատասխանում:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն այս աշխատությունը համարում է իրավաբանական կոթողային փաստաթուղթ:

«Այն հստակորեն ու մանրամասն անդրադառնում է նախապատմությանը, հղում է անում կոնկրետ բրիտանական փաստաթղթերի: Ամենակարևոր փաստաթուղթը Տեղեկատվության ազատության ակտն է: Խնդիր է բարձրացնում, որ խախտվել են իրավունքներ և ավելին, քաղաքական և տնտեսական նպատակահարմարությունից ելնելով`Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը անընդհատ սխալ և ապակողմնորոշող տեղեկություններ է տվել բրիտանացի իշխանավորներին, ապակողմնորոշել բրիտանական հասարակությանը»,- շնորհանդեսի ժամանակ ասաց Դեմոյանը:

Իր ներկայացրած տեսակետում Ռոբերթսոնը նշում է, որ պետության մասին օրենքներով`ցեղասպանության համար պետության պատասխանատվությունը կարող է քննարկվել այն դեպքերում, երբ հրամաններն արձակվել և կիրառվել են պետական դե յուրե մարմինների կողմից` նախարարների, պետական պաշտոնյաների, ոստիկանության և կանոնավոր բանակի սպաների կողմից, և եթե սպանությունները կատարվել են դե ֆակտո մարմինների կողմից:

Այնուհետև Ջեֆրի Ռոբերթսոնը գրում է, որ «տեղահանության մասին հրամանները տրված էին պետության այնպիսի դե յուրե մարմինների կողմից, ինչպիսիք են նախարարները և կառավարության պաշտոնյաները: Ջարդերի մեջ ներքաշված էին Օսմանյան կայսրության թե´ դե յուրե, թե´ դե ֆակտո գործակալներ:

Այդ տեսակետի շնորհանդեսը տեղի է ունեցել 2009 թ. նոյեմբերի 3-ին Լոնդոնի Դաութի սթրիթ չեմբըրսում: Ըստ Ռոբերթսոնի`նշված տեսակետը կարող է օգտագործվել դիվանագիտական և միջազգային հարաբերությունների դասընթացների համար:

Տեսակետի հայերեն էլեկտրոնային տարբերակը կարելի է տեսնել`

www.armedia.am
www.ararat-heritage.org.uk
www.genocide-museum.am

Տեսակետի բնագիր տարբերակն անգլերենով կարելի է տեսնել` http://www.armenian-genocide.info/2009/11/geoffrey-robertson-qcs-legal-opinion-on.html