Խիղճը հաղթում է. լարված քվեարկությամբ Կոնգրեսի հանձնաժողովը հավանություն տվեց 252 բանաձևին

Լարված, ինչ-որ առումով ապշեցնող քվեարկությամբ` 23:22, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող Ներկայացուցիչների պալատի 252 բանաձևի նախագծին:

Լոբբիստներն ու վերլուծաբաններն ուշի ուշով հետևում էին պալատում ընթացող քվեարկությանը: Մինչև վերջին պահը «դեմ» քվեարկողների ձայները գերազանցում էին «կողմ» քվեարկողներին, երբ հայամետ կողմը երեք ձայն տվեց (մեկ անդամ չքվեարկեց):

Վիճահարույց բանաձևի շուրջ քննարկումը վեր հանեց խնդրի բարդությունը, երբ երկու կուսակցությունների ներկայացուցիչ կոնգրեսականները քննարկում էին պատմական փաստի ընդունման զգայուն խնդիրը` իրենց խոսքով` առանց վտանգելու Ամերիկայի ապագա հարաբերությունները:

Ի վերջո, խիղճը հազիվհազ հաղթեց, թեև «դեմ» քվեարկողները մեկը մյուսի հետևից իրենց մտահոգությունն էին հայտնում Թուրքիայի հնարավոր արձագանքի շուրջ, եթե բանաձևը հանձնաժողովից անցնի լիագումար նիստ:

Կոնգրեսական Գերալդ Քոնելին (դեմոկրատ` Վիրջինիայից) պնդում էր, թե Թուրքիան ԱՄՆ-ի համար այնպիսի դաշնակից է, որը մահմեդական կառավարության «աշխարհիկ այլընտրանքային մոդել» է ներկայացնում տարածաշրջանում, և որ Ամերիկան կարող է փչացնել հարաբերությունները «հզոր դաշնակցի» հետ:

Մյուսներն էլ պնդում էին, որ թեև բանաձևը ԱՄՆ արժեքներին համահունչ բարոյական հրամայական է, ժամանակն անպատեհ է դրա համար, քանի որ Թուրքիան Ամերիկայի զինվորներին անհրաժեշտ է տարածաշրջանում ռազմական բազաներ տեղակայելու համար, որպեսզի երկու պատերազմ վարի` երրորդը (Իրանի հետ) սկսելու հեռանկարով:

Ի պատասխան այն հայտարարությունների, թե ժամանակն անպատեհ է, 252 բանաձևի աջակից հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը (դեմոկրատ` Կալիֆորնիայից), ընդհատելով գործընկերոջ խոսքը նրան հատկացված ժամանակ, ասաց, որ Կոնգրեսում իր 27-ամյա գործունեության ընթացքում «բանաձևն ընդունելու համար «ճիշտ» ժամանակ երբեք չի եղել»:

Լսումների ընթացքում, որոնք շարունակվեցին մինչև Երևանի ժամանակով 01:00-ը, հնչեցին Վիլյամ Սարոյանի, կրտսեր Մարտին Լյութեր Քինգի, Հիտլերի անունները և մեջբերումներ Աստվածաշնչից և պատմական փաստաթղթերից:

Քննարկումներին ներկա էին ցեղասպանությունը վերապրած երեք ամերիկահայեր, որոնցից երկուսը (98 տարեկան)` Գարի Էքերմանի (դեմոկրատ` Նյու Ջերսիից) ընտրատարածքից: Վերջինս ի պաշտպանություն բանաձևի հռետորական իր ելույթում ասաց. «Որքա՞ն կարող են նրանք (վերապրածները) սպասել»:

Ի վերջո, վերապրածների երկար սպասված օրը հասավ, թեև բանաձևն ընդունելը նույն չէ, ինչ օրենք ընդունելը: Սակայն որոշումը, անկասկած, կարելի է համարել անակնկալ շրջադարձ այս ուղղությամբ:

Լսումներից անմիջապես առաջ հաղորդվեց, որ Օբամայի վարձակազմը չորեքշաբթի փորձել էր այնպես անել, որ հանձնաժողովը չքննարկեր բանաձևը: Սակայն Բերմանը հրավիրեց դեռևս անցյալ ամսվանից նախատեսված նիստը: Կարծիք կա նաև, որ քվեարկությունը կանգնեցնելու վարչակազմի ջանքերի վրա ազդել է նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահի հետ:

Ի նշան բողոքի` Թուրքիան հետ է կանչել ԱՄՆ-ում իր դեսպանին, ինչպես 2007 թ., երբ նման բանաձևն անցավ հանձնաժողովում (թեև չանցավ Ներկայացուցիչների պալատում):