Թուրքիան Շվեդիայից հետ է կանչում իր դեսպանին Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով

Թուրքիան Շվեդիայից հետ է կանչում իր դեսպանին Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով


Ռիքսդագ խորհրդարանի նիստերի դահլիճը, Շվեդիայի մայրաքաղաք Սթոքհոլմում

Հինգշաբթի Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին Շվեդիայից և չեղյալ հայտարարել երկու երկրների միջև նախատեսված գագաթնաժողովը, երբ Շվեդիայի խորհրդարանը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության կազմակերպած հայերի զանգվածային սպանությունները որակեց ցեղասպանություն:

Այս քայլից մեկ շաբաթ առաջ Անկարան հետ էր կանչել իր դեսպանին ԱՄՆ-ից, քանի որ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն էր տվել համանման մի բանաձևի:

Եվրամիության անդամ Շվեդիան Անկարայի` ԵՄ-ին անդամակցելու ամենաջերմեռանդ սատարողներից է, իսկ ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ համարվում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի արևմտյան ուժեղ դաշնակիցը:

Հայերի զանգվածային ջարդերի թեման խիստ զգայուն է Թուրքիայի համար, որն ընդունելով հանդերձ, թե շատ քրիստոնյա հայեր են սպանվել օսմանյան թուրքերի կողմից, շարունակում է ժխտել, թե զոհվածների թիվը 1,5 մլն է ու թե սպանվածներն այնքան շատ են եղել, որ կարելի է դա անվանել ցեղասպանություն, մի եզրույթ,որը գործածել են Արևմուտքում պատմության շատ մասնագետներ և մի քանի երկրների խորհրդարաններ:

Անդրադառնալով Շվեդիայի խորհրդարանական քվեարկությանը` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարության մեջ ասել է. «Մենք խիստ քննադատում ենք այս բանաձևը, որը քաղաքական հաշվարկներով է արված»:

«Այն չի համապատասխանում մեր երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին: Մենք հետ ենք կանչում մեր դեսպանին խորհրդատվության»,- ասել է Էրդողանը` հավելելով, որ ինքը չեղյալ է հայտարարում մարտի 17-ին նախատեսված թուրք-շվեդական գագաթնաժողովը:

Շվեդական բանաձևն ընդունվեց ընդամենը մեկ ձայնի առավելությամբ` 131 կողմ 130 դեմ հարաբերությամբ: Եվս 88 պատգամավոր բացակայում էր:

Բանաձևին դեմ էր Շվեդիայի աջակենտրոն իշխանական կոալիցիան, սակայն նրանցից երեքը կողմ են քվեարկել` օգնելով ընդդիմությանը բանաձևի ընդունման հարցում: «Լուրջ ազդեցություն»

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդթը բլոգում ասել է, որ քվեարկությունը կարող է բարդացնել մեկ դար տևած թշնամանքից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Անցյալ տարի երկու երկրները համաձայնեցին հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել իրենց սահմանը, եթե խորհրդարանները վավերացնեն երկու երկրների միջև ստորագրված արձանագրությունները: Սակայն քվեարկություն դեռ չի եղել, իսկ կառավարությունները մեղադրում են միմյանց փաստաթղթերի տեքստում փոփոխություն մտցնելու փորձ կատարելու մեջ:

«Բանաձևը նաև չի օգնում վավերացմանը Թուրքիայում, որը դարձել է շատ ավելի բաց և հանդուրժող` ավելի մոտենալով Եվրամիությանը, որի արդյունքում տեղի են ունենում ժողովրդավարական բարեփոխումներ»,- ասաց Բիլդթը:

Շվեդիայում Թուրքիայի դեսպան Զերգուն Քորութուրքը շվեդական Aktuellt հեռուստահաղորդման ընթացքում ասել է, որ բանաձևը կարող է «լուրջ հետևանքներ» ունենալ երկկողմ հարաբերությունների վրա, որը, հավանաբար, հնարավոր չի լինի հաղթահարել կարճ ժամանակում:

«Շատ հիասթափված եմ,- ասել է Քորութուրքը: - Ցավոք, պատգամավորները կարծում էին, թե իրենք ավելի շատ պատմաբան են, քան խորհրդարանական, և դա շատ-շատ ցավալի է»:

Սակայն Թուրքիայի իշխանական աղբյուրների մեկը հայտնել է «Ռոյթերսին», որ Քորութուրքը, հավանաբար, շուտով կվերադառնա Շվեդիա:

«Մենք գիտենք, որ Շվեդիայի կառավարությունը շատ ակտիվ է եղել` փորձելով կասեցնել բանաձևը»,- հաղորդել է նույն աղբյուրը:

Թուրքիան զգուշացրել է, որ իր դեսպանը չի վերադառնա ԱՄՆ, մինչև չպարզվի պարտադիր ուժ չունեցող Կոնգրեսի բանաձևի (նույնպես անցել է մեկ ձայնի առավելությամբ) ճակատագիրը:

Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը խոստացել է կասեցնել բանաձևի քննարկումը Կոնգրեսի լիագումար նիստում` փորձելով թույլ չտալ, որ դիվանագիտական հարաբերությունների խզումը խորանա: Թուրքիան խիստ կարևոր է Իրաքում, Իրանում, Աֆղանստանում և Միջին Արևելքում ԱՄՆ շահերի համար: