Հայաստանը 2015-ի նախաշեմին. ցեղասպանության ճանաչումից դեպի փոխհատուցման պահանջներ

Հայաստանն անցնում է ցեղասպանությունը ճանաչելու պահանջից ցեղասպանության հետևանքների վերացման պահանջներին:


Անցյալ շաբաթ Հայաստանի սփյուռքի նախարարության կազմակերպած իրավաբանների համահայկական համաժողովի ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սենսացիոն հայտարարություն է արել: Նա ասել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայաստանյայց Եկեղեցուն պետք է վերադարձվեն հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանը պետք է ստանա կորցրած տարածքները:

Սա գնահատվել է որպես պաշտոնական մակարդակով արված Հայաստանի առաջին տարածքային պահանջներ Թուրքիային: Գլխավոր դատախազը երկրում բարձրագույն իրավական իշխանության կրողն է, և նրա հայտարարությունը հավասարազոր է պաշտոնական հայտարարության: ՀՅԴ բյուրոյի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, մեկնաբանելով սա, ասել է, թե չի կարելի ասել, որ Հայաստանը պաշտոնական պահանջներ է ներկայացրել Թուրքիային, սակայն ակնհայտ է, որ ցեղասպանությունը ճանաչելու պահանջներից քայլ է կատարվել ցեղասպանության հետևանքների վերացման պահանջ:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը հուլիսի 9-ի մամուլի ասուլիսում նշել է գլխավոր դատախազի հայտարարության կարևորությունը. «Փաստորեն գլխավոր դատախազը հայտարարել է, որ ցեղասպանության հետևանքների վերացումը նա համարում է Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը»:

Գույքային փոխհատուցում ստանալու համար ցեղասպանության զոհերի ժառանգները, Պապյանի խոսքով, պետք է դիմեն Թուրքիայի դատարաններ, իսկ նրանց սեփականության իրավունքը մերժելու դեպքում դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իսկ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան, ինչպես նշել է Արա Պապյանը, պետք է դիմել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների հարցով:

Ե՛վ գլխավոր դատախազը, և՛ հայ քաղաքագետները, և՛ ՀՅԴ կուսակցությունը համարում են, որ Հայաստանը բավարար իրավական հիմքեր ունի Թուրքիային պահանջներ ներկայացնելու համար: Մինչ այժմ հայերը գերադասում էին աշխատել երկրների խորհրդարանների հետ և հասնել ցեղասպանության միջազգային ճանաչման, և դա արդեն արել են ավելի քան երկու տասնյակ երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան և Ռուսաստանը: Սակայն հիմա խոսքը նյութական պահանջներ ներկայացնելու մասին է:

Արա Պապյանը նաև նշել է, որ այժմ Հայաստանի համար շատ լավ պահ է, երբ նրա շահերը համընկնում են Թուրքիայի թուլացմանը և նույնիսկ նրա տրոհմանը ձգտող երկրների շահերի հետ: «ԽՍՀՄ փլուզմանը նույնպես ոչ ոք չէր սպասում: Սակայն եկավ ժամանակ, և կայսրությունը փլուզվեց, և նրա տեղում հայտնվեցին առանձին պետություններ: Մենք հիմա պետք է խոսենք ոչ թե Թուրքայի տրոհման մասին, մենք պետք է պատրաստ լինենք մեծ փոփոխությունների, որի առջև կանգնած է Միջին Արևելքը»,- նշել է քաղաքագետը:

Հայաստանում ավելի ու ավելի հաճախ են սկսել խոսել Սևրի պայմանագրին և Վիլսոնի իրավարար վճռին վերադառնալու անհրաժեշտության մասին: Հիշեցնենք, որ այդ փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանի տարածքը մի քանի անգամ ավելի մեծ էր լինելու, և նրա մեջ մտնելու էին Արևմտյան Հայաստանի հողերը: Հայաստանը Սահմանադրության մակարդակով չի ճանաչում ներկայիս Թուրքիայի հետ սահմանները և, ամենայն հավանականությամբ, մտադիր է ձեռնամուխ լինել սահմանների միջազգային վերանայման:

Այն մասին, որ 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Թուրքիային դժվարին ժամանակներ են սպասում, արդեն մի քանի տարի է խոսվում: 2015 թ. չեն բացառվում ԱՄՆ-ում կարևոր ճանաչման ակտեր: 2015-ի ապրիլի 24-ին խոստացել է Հայաստան այցելել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, ով կարևոր հայտարարություններ է արել ցեղասպանության մասին: Սպասվում են նաև այլ կարևոր միջոցառումներ, որոնք շատերն աշխարհում ընկալում են որպես Թուրքիայի տրոհմանը նախապատրաստություն:

Ուշագրավ է, որ այս օրերին Դիարբեքիրի (Արևմտյան Հայաստան, ներկայիս Թուրքիա) Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի հայտի առնչությամբ՝ հայերին նախկինում պատկանող անշարժ գույքի 190 օբյեկտներ վերադարձնելու մասին, Դիարբեքիրի հիմնադրամների տարածաշրջանային վարչությունը անշարժ գույքի 17 օբյեկտների առնչությամբ դրական որոշում է կայացրել: Դիարբեքիրի իշխանությունները միայն Շեհիթլիք Քյոշքլեր թաղամասում 15.000 քմ մակերեսով անշարժ գույքի 17 օբյեկտ են հայտնաբերել: Սակայն նույնիսկ այս տարածքների վերադարձի հետ կապված դժվարություններ են ծագել, քանի որ այնտեղ կան ապօրինի կառույցներ և հասարական շենքեր: