Անմոռուկ. Հայոց ցեղասպանության 100-րդ խորհրդանշանը աստիճանաբար «մուտք է գործում» հայերի կյանք

Անմոռուկ. Հայոց ցեղասպանության 100-րդ խորհրդանշանը աստիճանաբար «մուտք է գործում» հայերի կյանք


Անցյալը, ներկան, ապագան, լույսն ու հավերժությունը խորհրդանշող գույներով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների խորհրդանշան անմոռուկը վերջին շաբաթներին ավելի լայն տարածում է ստանում ու մտնում հայերի կյանքի մեջ:

Օսմանյան կայսրությունում դեռևս 19-րդ դարում ծայր առած հայերի զանգվածային ջարդերը 1915-ին Թուրքիան վերածեց պետական քաղաքականության ու հաջորդող տարիներին սպանդի ենթարկեց և տեղահանեց շուրջ 1,5 միլիոն հայերի: 2015-ին աշխարհի տարբեր կողմերում գտնվող հայերը հիշատակության բազմաթիվ միջոցառումներ են անցկացնելու Հայոց այս մեծ ցավի ու ողբերգության 100-րդ տարելիցին նվիրված:

Ըստ 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի՝ տասնյակ աշխատանքներից մեկդարյա տարելիցի խորհրդանշան ընտրվել է հենց «Հիշում եմ և պահանջում» նշանաբանով անմոռուկը, քանի որ ծաղկի մեջ ներկայացված է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի 12 սալաքարերի գրաֆիկական պատկերը:

5 թերթիկներից բաղկացած ծաղկաթերթիկները խորհրդանշում են աշխարհի հինգ մայրցամաքները, որտեղ սփռվել են հայերը Ցեղասպանությունից հետո և ստեղծել հայկական սփյուռքը:

Ծաղկի գունային երանգները չորսն են՝ կենտրոնում սևն է, որը խորհրդանշում է հայերիս անցյալը, այնուհետև այն պարուրվում է դեղինով, որը պատկերում է լույսը և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը խորհրդանշող, շրջանաձև դասավորված իր 12 սյուների տեսքով` հավերժությունը: Բաց մանուշակագույնը ներկան է, իսկ գերակշռող մանուշակագույնը՝ ապագան:

Իր մեջ մեծ գաղափար կրող փոքրիկ ծաղիկը կարճ ժամանակում հասցրեց մեծ ժողովրդականություն վայելել հայերի շրջանում: Տարբեր հեռուստաընկերությունների հաղորդավարներ ներկայանում են հենց այդ կրծքանշանով:
Անմոռուկի գաղափարը կարծես թե շատ է դուր է եկել նաև իշխող կուսակցությանը՝ և՛ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, և՛ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների որոշ մասը իրենց ելույթներում ներկայանում են անմոռուկով:

Դպրոցները ևս զերծ չեն մնա անմոռուկներից. հանրակրթական բոլոր հաստատություններում ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսված միջոցառումների շարքում մարտի 24-ին ՀՀ դպրոցների 5-12-րդ դասարանցիները կպատրաստեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշան ճանաչված 1,5 մլն անմոռուկ, որոնք հետագայում կտրամադրվեն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրացող մեր հայրենակիցներին և օտարերկրյա հյուրերին:

Ու թեև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ արդեն ապրիլին «Անմոռուկ» կրծքանշանները կտրամադրվեն նվիրատվությամբ վերցնելու հնարավորությամբ, սակայն այն զերծ չմնաց բիզնես շահերից, ու «Անմոռուկ» ունենալ շտապողներին արդեն առաջարկվում են «Անմոռուկների» մի ամբողջ բույլ՝ ոչ միայն կրծքանշաններ, այլև ձեռքի աշխատանք ականջօղեր, կախիկներ և այլն:

Ըստ լրատվամիջոցների՝ տեղացի գործարարներից մեկը կեղծում է խորհրդանշական կրծքանշանները, ու նրան պատկանող խանութներում հատը 200 դրամով (մոտ 40 սենթ) վաճառվում:

Սակայն անմոռուկն այնքան էլ միանշանակ չընդունվեց ու զերծ չմնաց նաև քննադատություններից:

Ըստ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի, ով նաև Նախախորհրդարան քաղաքական նախաձեռնության նախկին անդամն էր, անմոռուկն այդքան էլ տեղին չէր որպես Ցեղասպանության խորհրդանշան, քանի որ ըստ կինոռեժիսորի՝ հայերը վաղուց ունեն իրենց խորհրդանշական ծաղիկը:

«Անմոռուկը վերացական առումով հասկանալի է, սակայն մենք նոր չէ, որ փնտրում ենք մեզ համար մշակութային խորհրդանշաններ: Մեր բանաստեղծության, բանահյուսության մեջ, պատկերային համակարգում բոլորովին այլ ծաղիկ է խորհրդանշում հայոց ցավը` կակաչը: Այս և նախորդ սերնդի պատկերացման արժեհամակարգում կակաչը խորհրդանշում է նահատակների արյունը, նշանակում է մեր սարերի աղքատ բնության գեղեցկությունը, կարմիր է, բայց` սևը սրտում» - ասում է Խզմալյանը:

Ինչ վերաբերում է ծաղկի նշանաբանին՝ «Հիշում եմ և պահանջում», կինոռեժիսորի կարծիքով` այն թյուրըմբռնում կարող է առաջացնել Թուրքիայում:

«Եթե վերցնում ենք անմոռուկը որպես հիշողության խորհրդանշան, հայտնվում ենք բավական երկիմաստ վիճակում: Բանն այն է, որ մենք հիշելու բան չունենք, մենք կողքից չենք դիտում և դրանով կարծես թե ընկնում ենք թուրքերի լարած թակարդը:

Բացի այդ, կա ևս մի տհաճ յուրահատկություն, այն է, որ անմոռուկը, ինչպես պարզվեց, բազմաթիվ անգամ օգտագործված, ծեծված և վարկաբեկված մի փոքրիկ խորհրդանշան է, որը մենք տեսնում ենք տարբեր կուսակցություններում, տարբեր կրոնական կազմակերպություններում, և ամենազավեշտալին այն է, որ այն նաև բազմաթիվ առևտրային ընկերությունների տարբերանշանն է»,- ասում է Խզմալյանը:

Ինչևէ, խորհրդանշական «Անմոռուկը» գոնե այս տարի մշտապես լինելու է ուշադրության կենտրոնում, և նրանից զերծ չի մնա նաև տարվա կարևորագույն երաժշտական մրցույթներից մեկը՝ «Եվրատեսիլը»:

Հայաստանը «Եվրատեսիլ-2015» միջազգային մրցույթում որոշել է համախմբել 1915-ին 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին, ու ծագումով հայ 5 երգիչները զուգակցվում են հենց անմոռուկի 5 թերթիկների հետ։ Նրանց կմիանա ևս մեկ մասնակից Հայաստանից, որը կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձևավորվելիք խումբը կոչվում է Genealogy՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն, իսկ երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):