Վերլուծելով պատմությունը. ֆրանսահայ գիտնականը ցեղասպանության հետազոտությունների մասին դասախոսություն է կարդում

Ազգը ազգ չի կարող լինել, եթե իր անցյալը չգիտի ու չի վերլուծել` այս խոսքով չորեքշաբթի երեկոյան Երևանում կայացած իր դասախոսությունը սկսեց ճանաչված ֆրանսահայ պատմաբան Ռայմոնդ Գևորգյանը:

«Վերլուծել պատմությունը և կերտել ապագան. Ցեղասպանության հետազոտությունների օրինակը» թեմայով դասախոսությունը կազմակերպել էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)` Երևանի իր կենտրոնատեղիում:

63-ամյա Գևորգյանը Փարիզի Նուբարյան գրադարանի տնօրենն է և d'Histoire arménienne contemporaine հանդեսի խմբագիրը: Նա նաև Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ է:

Պատմությունը դիտարկելով քաղաքական ու մշակութային համայնապատկերում` Գևորգյանը դասախոսության ունկնդիրներին ներկայացրել է, թե ինչ խոչընդոտներ ու հնարավորություններ է տեսնում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում:

«Հարցը, որ Հայաստանը և հայերը ունին Թուրքիո Հանրապետության հետ, շատ բարդ է, պետական անվտանգության խնդիր մը կա Հայաստանին համար: Հայաստանը այնքան ալ գործիքներ չունի ձեռքը դիմադրելու այս պետության, որ մինչև այսօր ալ վատ դիրքերու վրա չէ միջազգային դիվանագիտական բեմին վրա»,- ասել է Գևորգյանը:

Ըստ պատմաբանի, ով 2015 թ. Ֆրանսիայում արժանացել է ամենաբարձր` «Պատվո լեգեոն» շքանշանին, միակ հաղթաթուղթը, որ Հայաստանն ունի` ցեղասպանությունն ուսումասիրելն ու դրա միջոցով միջազգային հարթակները Թուրքիայի դեմ լարելն է: Ցույց տալով, որ աշխարհում տեղի ունեցած բոլոր ոճրագործությունները նմանություններ ունեն, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառը Առաջին համաշխարհային պատերազմն է, պատմաբանը զուգահեռներ է անցկացրել քրդերի նկատմամբ ներկայումս Թուրքիայի վարած քաղաքականության և նախորդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ վարած քաղաքականության միջև:

«Մեկ տարբերություն կա միակ. այսօր միջազգային պատերազմ գոյություն չունի, ու այս պատճառով ցեղասպանության նվազ վտանգ կա»,- նշել է նա` հավելելով, որ քրդական գործոնի դերը առաջիկա տարիներին Եվրոպայում էական ուշադրության է արժանանալու, սակայն հայերը որևէ կերպ չեն կարողանալու ստեղծված իրավիճակից օգտվել, քանի որ որևէ հաղթաթուղթ չունեն:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության գործում Գերմանիայի ներգրավվածության հարցին` Գևորգյանն ասել է, որ այդ երկիրը որոշակի պարտավորություններ ունի Հայաստանի առջև: Պատմաբանի տեղեկություններով` վերջին տարիներին ի հայտ են եկել տվյալներ, որոնց ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել հայ դիվանագիտությանը` Գերմանիայի հետ ավելի պահանջատիրական լեզվով խոսելու համար.

«Եթե այս տեղեկությունները քիչ մը ամփոփ ձևով քաղաքական դիվանագիտական շրջանակներու փոխանցվին, քիչ մը այլ ձևով կրնան խոսիլ Գերմանիո հետ:

Այսինքն` Գերմանիան մեզի հանդեպ որոշ մեղք մը ունի քավելիք` ոչ դիվանագիտական ձևով ըսված»:

Հայտնի ֆրանսահայ գիտնականի կարծիքով` ավելի ճիշտ է լավ ուսումնասիրված փաստերի լեզվով խոսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, օրինակ, ազգային պատմամշակութային արժեքների պաշտպանության ու պահպանության համար ավելի առարկայական պահանջներից անցնելով դրանց վերադարձի հարցերին:

«Եթե երթաք Թուրքիա ու անմիջապես սեղանին վրա դնեք` մենք կպահանջենք մեր հողերը, լմնցավ խոսակցությունը: Ես չեմ ըսե` չպիտի պահանջես, բայց կըսեմ` բերանդ պիտի բանաս միայն այն ժամ, երբ պիտի տասնյակ պատրաստ հաղթաթուղթեր ունենաս, այլապես, չարժե»,- ասել է նա:

«Եթե կարելի է սեղանը վերցնել, առանց «ցեղասպանություն» բառը գործածելու, ուրեմն ադով պիտի սկսես»,- հավելել է Գևորգյանը, նշելով, որ եթե 40-50 մարդ հետազոտի հայկական ժառանգությունը Թուրքիայում, մի քանի տարի անց կարող են Արևմտյան Հայաստանի հայ հարուստների ունեցվածքի քարտեզ կազմել:

«Պետք է ծրարներ պատրաստել ու իրավաբաններուն տալ ու լավագույն մասնագետներուն ընտրել: Պետք է միջազգային մակարդակով գործ ընել, ոչ թե վերջին վայրկյանին գործ ընել կամ հանրային կարծիքը սպասարկելով միայն բավարարվիլ,- ասել է պատմաբանը` հորդորելով կրթաթոշակներ տրամադրել ու պատմաբաններ պատրաստել: - Եթե պատմությունդ չես ուսումնասիրած, կնշանակե, որ ազգ չես, մեռած ես, լմնցած ես»: