ԱՄՆ-ի Ջորջիայի նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ԼՂՀ անկախությունը

ԱՄՆ-ի Ջորջիայի նահանգի օրենսդիր մարմիններն այս շաբաթ ընդունել են երկու բանաձև` ճանաչելով 1915 թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) անկախությունը:

Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հաղորդմամբ` մարտի 2-ին ԱՄՆ-ի Ջորջիայի նահանգի Սենատն ընդունել է բանաձև, որով Ջորջիայում «2016-ի ապրիլը ճանաչվել է որպես ցեղասպանության մասին իրազեկման և կանխարգելման ամիս»:

Բանաձևում նշվում է, որ շրջանառության մեջ դնելով «ցեղասպանություն» եզրը, Ռաֆայել Լեմկինը հետազոտել է 1915 թ.-ից սկսած հայ բնակչության և այլ քրիստոնյա համայնքների բռնի ուծացման, բռնագաղթի և բնաջնջման փաստերը, ինչը հիմք էր տվել 1939-ին Հիտլերի հայտնի արտահայտությանն այն մասին, թե ի վերջո «ո՛վ է հիմա հիշում հայերի ջարդերի մասին»:

«Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել և միասնական լինել Ջորջիայի նահանգի Սենատի անդամների հետ` ապրիլը որպես ցեղասպանության մասին իրազեկման ամիս ճանաչելու գործում»,- ասել է Ջորջիայի նահանգի Հայկական համագումարի նախագահ Վահան Քասաբյանը, որը ներկա է եղել օրինագծի ընդունմանը: «Բանաձևին սատարել են երկու կուսակցությունները, մենք ընդլայնելու ենք մեր ջանքերը` ուղղված Ցեղասպանության ճանաչմանն ու իրազեկմանը մարդու իրավունքների վերաբերյալ մեր կրթական ծրագրում»,- հավելել է Քասաբյանը:

Բանաձևը որպես ցեղասպանության փաստեր վկայակոչում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եվրոպացի հրեաների հոլոքոսթը, Կամբոջայի, Բոսնիայի, Իրաքի, Ռուանդայի, Սուդանի ցեղասպանությունները, ինչպես նաև «Իսլամական պետության» գործողությունները Սիրիայում և Իրաքում:

«Համագումարը բարձր է գնահատում Ջորջիայի նահանգի Սենատի, մասնավորապես, սենատորներ Պարենթի, Շեյֆրի, Ունթերմանի, ՄքՔոոնի, Օրրոքի և Ջոնսի, ինչպես նաև Ջորջիայի նահանգի մեր նախագահ դոկտոր Վահան Քասաբյանի աշխատանքը»,- հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Ջորջիայում և ամբողջ ԱՄՆ-ում ցեղասպանության դեմ պայքարող այս ակտիվիստները մեծ դեր ունեն մարդու իրավունքների կրթության առաջխաղացման գործում, և մենք անհամբերությամբ սպասում ենք այն օրվան, երբ բոլոր 50 նահանգների դպրոցներում կներառվի Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության դասավանդումը»,- ասել է Արդունին:

Միևնույն ժամանակ չորեքշաբթի Ջորջիայի նահանգային խորհրդարանը վավերացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող թիվ 1580 բանաձևը` կոչ անելով միջազգային հանրությանը «պատշաճ ճանաչում տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավարական պետության»,- հաղորդել է ԱՄՆ-ի Արևելյան շրջանի Հայ դատի հանձնախումբը:

«Մենք խորապես բավարարված ենք, որ ԱՄՆ-ի հիմնարար նվիրվածությունը ազատությանը այսօր իր հզոր հաստատումը գտավ Ջորջիայի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության սկզբունքային ճանաչումով…» - ասել է ԱՄՆ-ի Արևելյան շրջանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Սթիվեն Մեսրոպյանը` Asbarez.com-ի փոխանցմամբ: