Թուրքիա. հայերին վիրավորելու համար հայց է ներկայացվել վարչապետի, քաղաքապետի դեմ

Թուրքիայում իրավապաշտպան կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի և Աշքալեի քաղաքապետ Էնվեր Բաշարանի դեմ` հայերին վիրավորելու համար:

Փետրվարի 27-ին Արևելյան Թուրքիայի Բինգյոլ քաղաքում ունեցած ելույթի ժամանակ Դավութօղլուն քննադատել էր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը՝ մեղադրելով նրանց «հայկական հրոսակախմբերի նման» ռուսների հետ համագործակցելու մեջ:

Ավելի ուշ՝ մարտի 3-ին, վարչապետի խոսքերը Էրզրումի նահանգի Աշքալե քաղաքում կազմակերպված համաժողովում կրկնել էր քաղաքապետ Բաշարանը՝ շնորհակալություն հայտնելով «փառապանծ նախնիներին, ովքեր այս հողերից արմատախիլ են արել հայերին»:

Ինչպես հաղորդել է «Արմենպրեսը»` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին, նախքան հայցը ներկայացնելը երեքշաբթի իրավապաշտպանները հավաքվել են Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատի մոտ և հանդես եկել հայտարարությամբ, ընդգծելով, որ ամիսներ շարունակ երկրի քրդաբնակ շրջաններում Թուրքիայի զինված ուժերի իրականացրած գործողությունները զուգորդվում են հայերի դեմ ռասիստական քայլերով:

«Հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվել, նրանց հարստությունը բռնագրավվել է, հայերի ու մյուս քրիստոնյա ժողովուրդների մշակութային ժառանգությունը համակարգված կերպով ոչնչացվել է: Կարծես այս ամենը բավական չէ, հանրապետության ողջ պատմության ընթացքում և անգամ այսօր մնացած մի բուռ հայերին ստորացնելու, նրանց կյանքը սպառնալիքի ենթարկելու նպատակով արվում է հնարավոր ամեն բան: Այս ամենը պատմության գիրկն է անցել և կշարունակի անցնել որպես մարդկության դեմ հանցագործություն: Գալիք սերունդներն էլ ձեզ դրանով կհիշեն:

Խտրականությունը թուրքական պետության անգամ ամենաբարձր մակարդակում շարունակում է արվել ու խրախուսվել: Սակայն կան նաև այնպիսիները, ովքեր մինչև վերջ իրենց ձայնը կբարձրացնեն ընդդեմ այս հանցագործության»,- նշել են իրավապաշտպան կազմակերպության անդամները:

Հատկանշական է, որ այս շաբաթվա սկզբին ռուսական «Կոմերսանտ» թերթի հետ հարցազրույցում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել էր նաև Թուրքիայի վարչապետի հայտարարությանը` մեղադրելով Թուրքիայի ղեկավարությանը «իրականության զգացումը կորցնելու» մեջ:

«Նման հայտարարությունը շատ լուրջ ազդանշան է միջազգային հանրությանը՝ այն իմաստով, թե ինչ կարող է պատահել քրդերի հետ»,- ասել է Նալբանդյանը: Նա զուգահեռներ է անցկացրել Դավութօղլուի հակահայկական հռետորաբանության և 20-րդ դարի սկզբի Օսմանյան կայսրության եռապետության ղեկավարներից մեկի` Թալեաթ փաշայի խոսքերի և գործողությունների միջև, ով նույնպես մեղադրել էր հայերին Ռուսաստանի աջակցելու մեջ` նախքան 1915 թ. զանգվածային սպանությունների ու տեղահանությունների մասին հրաման արձակելը, որն ավելի ավելի ուշ ճանաչվել է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

«100 տարվա ընթացքում Թուրքիայի իշխանությունները շատ չեն փոխվել»,- եզրափակել է Նալբանդյանը: