«Ավրորա». հայտնի են 100 Live-ի նախաձեռնած մարդասիրական համաշխարհային մրցանակի չորս հավակնորդների անունները

Մոտ մեկ ամսից` ապրիլի 24-ին, Երևանում կհանձնվի «Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակը չորս հավակնորդներից մեկին` Մարգարիտ Բարանկիցեին՝ Բուրունդիից, դոկտոր Թոմ Քաթինային՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիմային՝ Պակիստանից և Հայր Բերնարդ Կինվիին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից:

Մրցանակը կշնորհի ընտրող հանձնաժողովի համանախագահ, աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին:

Առաջին «Ավրորայով» էլ սկիզբ կդրվի անձնվիրաբար այլ մարդկանց օգնողներին արժևորելու մի կարևոր ավանդույթ, որի հեղինակը 100 LIVES (100 կյանք) նախաձեռնությունն է: Նախաձեռնության համահիմնադիրներն են հայտնի գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը, ինչպես նաև Նյու Յորքի «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:

Իր բացառիկ ազդեցությամբ ու նշանակությամբ արարքների համար մրցանակին արժանացած ընտրյալը ստանալու է 100 հազար դոլար պարգև ու նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1 մլն դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպությունները։

«Ավրորան» երախտագիտության յուրահատուկ ձև է այն մարդկանց հիշելու համար, որոնք Հայոց ցեղասպանության տարիներին փրկության ձեռք են մեկնել հայերին, քանի որ մարդկության ուշադրությունը ներկայումս Երկիր մոլորակի վրա տեղի ունեցող աղետներին և ոճրագործություններին սևեռելու, մարդկային կյանքեր փրկող հերոսներին խրախուսելու միջոցով է դա ավելի հնարավոր:

«Չորս հավակնորդներն էլ իրենց մեջ ուժ են գտել պայքարելու անարդարության և բռնության դեմ: Մենք «Ավրորա» մրցանակով ոչ միայն խրախուսում ենք, այլ նաև սատար ենք կանգնում այն հերոսներին, որոնք հանուն մարդասիրության պայքարում են հալածանքների և անարդարությունների դեմ»,- ըստ մրցանակի պաշտոնական կայքի` ասել է ընտրող հանձնաժողովի անդամ և 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։

«100 տարի առաջ մարդիկ օգնության ձեռք մեկնեցին մեր նախնիներին, այսօր մենք շնորհակալություն ենք ասում նրանց՝ փառաբանելով նույն ոգով այսօր պայքարող հերոսներին»,- հավելել է նա:

«Ավրորա» մրցանակի հավակնորդների հայտերն ընդունվել են 2015-ի հուլիսից հոկտեմբեր ամիսներին՝ մրցանակի կայքի միջոցով: Հավակնորդներն առաջադրվել են իրենց անձնազոհ աշխատանքի համար՝ բռնությունների դեմ պայքարից մինչև հակամարտության գոտիներում մարդկանց բուժօգնություն ցույց տալու գործը:

Վերջնական փուլ անցած հավակնորդներից մեկը` Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիից, աշխատում է «Խաղաղության տուն» (Maison Shalom) խնամքի տանը և REMA հիվանդանոցում: Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին նա հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։ Նա փրկել է ընդհանուր առմամբ 30 հազար երեխայի և 2008-ին հիմնել հիվանդանոց, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80 հազար մարդ։

Չորս հավակնորդներից մյուսը բժիշկ Թոմ Քաթինան է, որը Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցի միակ բժշկն է ու տարածաշրջանի 500 հազար բնակչի բուժսպասարկման պատասխանատուն։ Մյուս հավակնորդը` Սայիդա Ղուլամ Ֆաթիման, իր կյանքը նվիրել է պարտքի դիմաց ֆիզիկական շահագործման ենթարկվողներին փրկելուն՝ փորձելով վերացնել մերօրյա ստրկության վերջին ձևերից մեկը։ Ֆաթիման Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղարն է։

Եվ վերջին հավակնորդը Հայր Բերնար Կինվին է, որ հոգևորական է դարձել 19 տարեկանում, երբ երկարատև բռնությունների ու հիվանդության հետևանքով կորցրել է հորն ու չորս քույրերին։ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության սահմանամերձ փոքրիկ Բոսսեմտելե քաղաքում նա գլխավորել է տեղի կաթոլիկ միսիան՝ դպրոցը, եկեղեցին և Հովհաննես Պողոս Բ Պապի անունով կոչվող հիվանդանոցը։