«Ավրորա». համաշխարհային մրցանակը Հայաստանը ճանաչելի կդարձնի որպես մարդասիրության կենտրոններից մեկը

Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնել որպես մարդասիրության կենտրոն` սա է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հիմնադիրների կարևոր նպատակներից մեկը:

«Մենք հաղթած ժողովուրդ ենք, իսկ հաղթած ազգի գլխավոր հատկություններից մեկը շնորհակալ լինելու ունակությունն է: Շնորհակալ լինել նրանց, ովքեր օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին 100 տարի առաջ, և երախտագիտություն հայտնելու նրանց, ովքեր նույն հերոսությունն անում են այսօր»,- չորեքշաբի լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ավրորա» մրցանակը նախաձեռնող 100 Lives-ի («100 կյանք») գլխավոր տնօրեն Արման Ջիլավյանը:

Նա հույս է հայտնել, որ ծրագրի շնորհիվ մարդասիրական կազմակերպություններն իրենց գլխավոր հիմնադրամները կտեղափոխեն Հայաստան:

«Սա ամբողջ հայ ժողովրդի ծրագիրն է»,- հավելել է Ջիլավյանը:

Նախաձեռնության հաղորդակցության հարցերով տնօրեն Արմինե Աֆեյանը տեղեկացրել է, որ «մրցանակը տրվելու է Ցեղասպանություն վերապրածների անունից՝ որպես երախտիքի նշան իրենց փրկելու համար» այն մարդուն, ով անձնվիրաբար օգնել է ուրիշներին.

«Խոսքը վերաբերում է այն անձանց, ովքեր քաջություն ու նվիրում են ցուցաբերել ու իրենց գործողություններով ազդեցիկ փոփոխություններ են բերել` դիմակայելով մարդածին արհավիրքների ու աղետների»:

«Հավակնորդներից յուրաքանչյուրը հերոսության արտակարգ դրսևորումներ է ցուցաբերում, բայց նրանցից մեկը կդառնա 100 հազար դոլար գումար մրցանակի դափնեկիր, և ևս 1 միլիոն դոլար կտրվի նրանց ոգեշնչած կազմակերպությանը, որը նմանօրինակ մարդասիրական աշխատանք է կատարում»,- նշել է Աֆեյանը` տեղեկացնելով, որ 4 հավակնորդն ընտրվել է 27 երկրից առաջադրված 113 թեկնածուներից:

«Ավրորայի» առաջին մրցանակաբաշխությունը կանցկացվի այս տարի ապրիլի 24-ին՝ Երևանում: Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին «Ավրորա» մրցանակը շնորհելու է դափնեկրին: