ԱԱՀ-ն կոչ է անում Օբամայի վարչակազմին հաստատել Հայոց ցեղասպանությունը, ԻԼԻՊ-ի իրականացրած հանցագործությունների ճանաչման ֆոնին

Այսօր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» (ԴԱԻՇ) Սիրիայում և Իրաքում խմբերի, այդ թվում` եզդիների, քրիստոնյաների և շիա մուսուլմանների «ցեղասպանության պատասխանատուն է»: Ճանաչման առիթ է հանդիսացել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ընդունած թիվ 75 բանաձևը, որում հայերը ներկայացված են որպես «Իսլամական պետության» կողմից հետապնդվող քրիստոնյաների խմբերից մեկը:

«Մենք գիտենք, որ «ԴԱԻՇ»-ն իր վերահսկողության տակ գտնվող շրջաններում փորձել է համակարգված կերպով ոչնչացնել հնագույն համայնքների մշակութային ժառանգությունը՝ ոչնչացնելով հայկական, սիրիական ուղղափառ և հռոմեական կաթոլիկ եկեղեցիները ...»,- հայտարարել է Քերրին:

Իր հայտարարության մեջ Քերրին նաև վկայակոչել է ցեղասպանության չափորոշիչներից մեկը, ինչպես սահմանված է 1948 թ. ՄԱԿ-ի կոնվենցիայում: «Ցեղասպանության տարրերից մեկն է էթնիկ կամ կրոնական խմբի ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացնելու մտադրությունը: Մենք գիտենք, որ «ԴԱԻՇ»-ն իր որոշ զոհերի ընտրության հնարավորություն է տվել՝ հրաժարվել իրենց հավատից կամ սպանվել, և որ շատերի համար դա ընտրություն է մահվան այս կամ այլ տեսակի միջև», - ասել է Քերրին:

«Առերեսվելով նմանատիպ հանցագործությունների և դաժանությունների վերաբերյալ զարհուրելի զեկույցներին` ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն 1915 թ. ահազանգել է Պետդեպարտամենտին և աշխարհին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող սարսափների մասին, նշելով, որ «ազգի ոչնչացման արշավ» էր իրականացվում հայ ժողովրդի դեմ և կոչ է արել քայլեր ձեռնարկել դադարեցնելու արյունահեղությունը»,- նշել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱԱՀ) գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

«Այսօր պետքարտուղար Քերրին արձագանքեց «Իսլամական պետության» կողմից իրականացվող անասելի հանցագործություններին: «Այս հանցագործություններին որակում տալը շատ կարևոր է: Սակայն էական է այն, որ դրանք դադարեցվեն», - հայտարարել է Քերրին: Նրա հայտարարությունը հիշեցնում է Մորգենթաուի նախազգուշացման և գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության մասին: Ինչպես նախագահ Օբաման է ասել. «Ամերիկան արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարիտ է խոսում Հայոց ցեղասպանության մասին և ուժգին հակահարված է տալիս բոլոր ցեղասպանություններին»: Այդ իսկ պատճառով կոչ ենք անում Օբամայի վարչակազմին նաև միանշանակ հաստատել Հայոց ցեղասպանությունը»,- շարունակել է Արդունին:

Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայանը (Հանրապետական, Վիսկոնսին) այսօր հայտարարել է. «Այսօր առավոտյան պետքարտուղար Քերրին հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» քրիստոնյաների և կրոնական փոքրամասնությունների դեմ ցեղասպանություն է իրականացնում... այժմ, երբ մեր կառավարությունը ճանաչում է այս ճգնաժամը, պետք է անի ավելին, որպեսզի դադարեցնի այն: Հուսով եմ, որ նախագահը կօգտագործի այս հնարավորությունը՝ ներկայացնելու թշնամուն հաղթելու շատ հստակ մի ռազմավարություն»:

Ավելի վաղ այս շաբաթ ԱԱՀ-ն ողջունել էր թիվ 75 բանաձևի անցումը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում»: Այն դատապարտում է «Իսլամական պետության» վայրագությունները. «Մինչդեռ այսպես կոչված «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» (ԻԼԻՊ) և վերջինիս հետ կապված ծայրահեղականներն Իրաքում և Սիրիայում աղաղակող վայրագություններ են իրականացնում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների դեմ, այդ թվում`քրիստոնյաների (ներառյալ` ասորա-քաղդեական սիրիացիների, հայ և մելքիտական համայնքների, ի թիվս այլոց), եզդիների, թուրքմենների, շաբաքների, մանդեացիների և կակայիների, ի թիվս այլոց»: